2020 թվականի թոփ-10  ֆուտբոլային հանդիպումներն՝ ըստ Interfootball.am-ի 🎥

2020 թվականի թոփ-10 ֆուտբոլային հանդիպումներն՝ ըստ Interfootball.am-ի 🎥

24/12/2020 - 14:14

2020 թվականը վերջապես ավարտվում է, և շատերն իրենց մտքում այժմ ասում են․ «Գրողի տարած տարին ավարտվո՜ւմ է»։ Եվ, այո՛, չենք ժխտի, որ այս տարին, իրապես գրողի տարած էր, սակայն չենք կարող նաև ժխտել, որ այն ֆուտբոլային առումով անչափ հետաքրքիր ստացվեց, և ամփոփելու ժամանակն է եկել։ Interfootball.am-ը տարբեր թեմաներով թոփ-եր է ներկայացնելու, որոնք նվիրված են լինելու 2020 թվականին տեղի ունեցած ֆուտբոլային իրադարձություններին։ Սկսենք անցնող տարում տեղի ունեցած թոփ-10 հանդիպումներից։

10․ «Վոթֆորդ» 3։0 «Լիվերպուլ»

Մրցաշար – Անգլիական Պրեմիեր լիգա, 28-րդ տուր, 2019/20 մրցաշրջան, փետրվարի 29

Շատերի մոտ գուցե հարց առաջանա, թե ինչու ենք այս հանդիպումն ընգրկել մեր թոփ-ում։ Այդ հարցին կա շատ հստակ պատասխան․ եթե «Լիվերպուլը» չպարտվեր այս խաղում բացառված չէր, որ հետագայում կկարողանար կրկնել 2003/04 մրցաշրջանի «Արսենալի» լեգենդար ռեկորդը, երբ «զինագործները» առաջնության շրջանակում այդպես էլ չպարտվեցին և հռչակվեցին չեմպիոն։

Սակայն, այդ ժամանակահատվածում Յուրգեն Կլոպի թիմը խաղային անկում էր ապրում, ինչից էլ հիանալի կերպով օգտվեց Պրեմիեր լիգայի հետնապահներից մեկը՝ «Վոթֆորդը»։ Մինչ այդ հանդիպումը մերսիսայդյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում չէր պարտվել 44 հանդիպում, սակայն այդ ֆանտաստիկ անպարտելիության շարքին վերջ դրեց հենց «Վոթֆորդը», որից, միանշանակ, այդպիսի բան ոչ մեկ չէր սպասում։

Այդ օրը փայլուն հանդիպում անցկացրին ներկայիս «Վոթֆորդի» առաջատարները՝ Տրոյ Դինին ու Իսմայիլա Սարը․ վերջինս դարձավ դուբլի հեղինակ։

«Լիվերպուլը», անկախ այս պարտությունից, հետագայում դարձավ չեմպիոն, իսկ առաջնության շրջանակում կրեց ընդամենը 3 պարտություն՝ մոտակա հետապնդող «Մանչեսթեր Սիթիին» գերազանցելով 18 միավոր, ինչը ռեկորդային ցուցանիշ է։

9․ Նապոլի 0։0 (11 Մ – 4։2) «Յուվենտուս»

Մրցաշար – Իտալիայի գավաթ, եզրափակիչ, 2019/20 մրցաշրջան, հունիսի 17

Իտալական ֆուտբոլում վերջին տարիներին միայն մեկ թիմ է իրապես տպավորիչ ֆուտբոլ ցուցադրել։ Գաղտնիք չէ, որ այդ ակումբը «Յուվենտուսն» է, որը 2012 թվականից ի վեր անփոփոխ հաղթել է ներքին առաջնությունում։ Այդ ընթացքում թուրինյան ակումբի չեմպիոնական պայքարի հիմնական մրցակիցները եղել են «Նապոլին», «Ռոման», ինչպես նաև երբեմն՝ «Ինտերն» ու «Միլանը», սակայն տարեցտարի «բյանկոներիների» խաղը խամրում էր, ինչը հատկապես նկատելի էր 2019/20 մրցաշրջանում, երբ ակումբը մարզում էր Մաուրիցիո Սարին։

Նախորդ մրցաշրջանում «ծեր սինյորայի» խաղում չէր նկատվում այն խաղային կիրքը և հաղթողի հոգեբանությունը, որը կար անցնող տարիներին։ Չնայած դրան՝ «Յուվեն» Մաուրիցիո Սարիի գլխավորությամբ հերթական անգամ նվաճեց Ա սերիայի չեմպիոնությունը։ Նախքան չեմպիոնությունն ամրագրելը թուրինյան ակումբը կարող էր նվաճել մրցաշրջանի առաջին տիտղոսը, քանի որ սինխրոն կերպով հասել էր Իտալիայի գավաթի եզրափակիչ, սակայն զարգացումների նման սցենարի հետ համաձայն չէր «Նապոլին»։

Նեապոլիտանական ակումբը, որը 2019/20 մրցաշրջանի ընթացքում գլխավոր մարզչի պաշտոնում Կառլո Անչելոտիի փոխարեն նշանակել էր Ջենարո Գատուզոյին, Ա սերիայի շրջանակում առանձնապես ոչնչի չէր հավակնում և հանդես էր գալիս վայրիվերումներով։ Գատուզոն, հասկանալով, որ պետք է փրկել ակումբի հեղինակությունը, սկսեց ուժերը կենտրոնացնել Իտալիայի գավաթի շրջանակում, ինչի արդյունքում «Նապոլին» նախքան եզրափակիչ հասնելը ճանապարհից դուրս թողեց «Լացիոյին» ու «Ինտերին»։

Ինչ վերաբերում է բուն եզրափակիչ խաղին, ապա այն սպասվածից էլ դրամատիկ ստացվեց։ Առաջին հերթին Մաուրիցիո Սարին հանդիպում էր իր նախկին թիմի դեմ (խմբ.` Սարին 2015-18 թթ․ մարզել է հենց «Նապոլին») և «Նապոլիի» տիֆոզիները, մեղմ ասած, չէին հարգում նրա՝ «Յուվենտուսը» գլխավորելու որոշումը։ Շատերն այս խաղում սպասում էին, որ թուրինցիները պետք է համարձակ և հարձակվողական ֆուտբոլ խաղան, իշխեն դաշտում, սակայն լրիվ հակառակ պատկերն էր․ «Նապոլին» ուներ լուրջ առավելություն և կարող էր մի քանի գնդակ ուղարկել մրցակցի դարպասը, սակայն, նույնիսկ 42 տարեկան հասակում Ջանլուիջի Բուֆֆոնը դարպասային գծի վրա մի քանի անգամ հրաշքներ գործեց՝ օգնելով իր թիմին չպատրվել 90 րոպեում։

Կողմերը հաղթողին որոշեցին 11 – մետրանոց հարվածաշարի օգնությամբ, որի ընթացքում փայլելու հերթը հասավ «Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետին, ով որսաց Պաուլո Դիբալայի հարվածը, իսկ Դանիլոն բարձր հարվածեց։ «Նապոլիի» ֆուտբոլիստներն էլ իրացրին իրենց բոլոր հարվածները և նվաճեցին բաղձալի գավաթը։

Այս ամենը ևս մեկ անգամ հաստատեց, որ Մաուրիցիո Սարին գրանդ ակումբների համար չէ, և չնայած Ա սերիայի շրջանակում նվաճած ոսկե մեդալներին, «ծեր սինյորայի» ղեկավարությունը տրամաբանական քայլ կատարեց` հեռացնելով Սարիին։

8․ «Ռեալ Մադրիդ» 0։0 (11 Մ – 4։1) «Ատլետիկո Մադրիդ»

Մրցաշար – Իսպանիայի Սուպեր գավաթ, եզրափակիչ, 2019/20 մրցաշրջան, հունվարի 12

Կարծես երեկ լիներ այս գերդրամատիկ սցենարով ընթացած հանդիպումը․․․ սակայն արդեն գրեթե մեկ տարի անցել է։

2019 թվականին Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշեց փոխել Իսպանիայի Սուպեր գավաթի անցկացման ձևաչափը։ Այժմ մրցաշարին մասնակցում են չորս ակումբներ նախին երկուսի փոխարեն։ Մրցաշարին մասնակցելու հնարավորություն ստանում են Լա լիգայի չեմպիոնն ու փոխչեմպիոնը, ինչպես նաև Իսպանիայի գավաթակիրն ու եզրափակչի մասնակիցը։ Ֆուտոբլի ֆեդերացիան որոշեց նաև մի փոքր էլ բիզնես անել և մրցաշարի անցկացման իրավունքը տվեց Սաուդյան Արաբիային, ինչը լուրջ դժգոհությունների առիթ դարձավ, քանի որ ակումբները պարզապես դեմ էին մրցաշրջանի ամենաթեժ պահերից մեկին այդպիսի հեռավոր ճամփորդություն ունենալ, այն էլ՝ կարճ ժամկետով։

Ի վերջո, մրցաշարը կայացավ, իսկ թիմերը բավականին լուրջ մոտեցան դրան։ Առաջին կիսաեզրափակիչ խաղում «Ռեալը» 3։1 հաշվով հեշտ հաղթանակ տարավ «Վալենսիայի» նկատմամբ։ Մյուս կիսաեզրափակչի շրջանակում էլ մրցում էին «Ատլետիկոն» ու «Բարսելոնան»․ այդ խաղում մադրիդյան ակումբը գրեթե միշտ պարտվողի դերում էր ոչ միայն հաշվի մեջ, այլև խաղով, սակայն խաղավարտին մոտ օգտվեց կատալոնական ակումբի պաշտպանական սխալներից և կամային հաղթանակ կորզեց 3։2 հաշվով։

Եզրափակիչ դիմակայությանը բոլորն էին սպասում, քանի որ, վերջիվերջո, այն մադրիդյան դերբի էր լինելու, և ինչպես միշտ, հանդիպումը չհիասթափեցրեց։ Խաղն անցնում էր փոխնիփոխ հաջողություններով․ կողմերը սկզբում հետախուզական աշխատանք էին կատարում, ինչից հետո էլ եկան գոլային պահերը, սակայն հանդիպման հիմնական ժամանակում ոչ մի կերպ չհաջողվեց բացել խաղի հաշիվը, իսկ խաղը տեղափոխվեց լրավուցիչ ժամանակ։

Հանդիպման լարվածությունը գագաթնակետին հասավ 115-րդ րոպեին, երբ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները նետվեցին կայծակնային հակագրոհի, ինչի արդյունքում Ալվարո Մորատան մեն-մենակ էր դուրս եկել Տիբո Կուրտուայի դիմաց, սակայն Ֆեդե Վալվերդեն ոչ մի կերպ թույլ չտվեց, որպեսզի իսպանացի հարձակվողը ներժուխի տուգանային հրապարակ և տապալեց նրան։ Հանդիպման գլխավոր մրցավար Խոսե Սանչես Մարտինեսն այդ դրվագում առանց վարանելու կարմիր քարտ ցույց տվեց Ֆեդեին, իսկ Ջիդայի (խմբ․՝ քաղաք Սաուդյան Արաբիայում) «Քինգ Աբդուլա Սպորտս Սիթի» մարզադաշտը թնդում էր լարվածությունից և քիչ էր մնում պայթեր։

Փաստացի Վալվերդեն իր թիմին ծանր դրության մեջ դրեց, քանի որ խաղի ավարտին դեռևս 5 րոպե ժամանակ կար, սակայն «հնդկացիները» չկարողացան օգտվել քանակական առավելությունից, իսկ խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, իսկ Դիեգո Սիմեոնեի թիմի համար վիճակախաղերը հատկապես «Ռեալի» դեմ խաղերում կարծես թե անիծված լինեն, քանի որ Սաուլն ու Թոմաս Փարթին վրիպեցին նշակետից, իսկ «արքայական» ակումբի ֆուտբոլիստները հստակ իրացրին բոլոր հարվածները՝ նվաճելով մրցաշրջանի առաջին տիտղոսը։

Մեկ բան հստակ է. Զինեդին Զիդանի գլխավորությամբ «Ռեալի» ֆուտբոլիստները կարևոր խաղերում պատրաստ են նույնիսկ մեռնել դաշտում, իսկ դա միանշանակ ֆրանսիացի մասնագետի շնորհքն է։ Պարադոքսալ բան ենք ասում, սակայն, բացառված չէ, որ եթե «Ռեալն» ընդհանրապես գոյություն չունենար, Դիեգո Սիմեոնեն վաղուց «Ատլետիկոյին» անհավանական նվաճումների հասցրած կլիներ թե՛ ներքին, թե՛ միջազգային ասպարեզում։

7․ Իսպանիա 6։0 Գերմանիա

Մրցաշար – Ազգերի լիգա, խմբային փուլ, 6-րդ տուր, 2020/21 մրցաշրջան, նոյեմբերի 17

Այս հանդիպումը չէինք կարող չընգրկել տարվա լավագույն խաղերի ցանկում, ինչի համար կան մի շարք պատճառներ, սակայն ամեն ինչ հերթով։

Շատերը թյուր կարծիք ունեն, թե հզոր հավաքականները Ազգերի լիգայի մրցաշարին լուրջ չեն մոտենում, փորձարկումներ են անում, ընկերական բնույթ են տալիս և Գերմանիայի հավաքականի նման հաշվով պարտությանը տալիս են նման արդարացումներ, սակայն «բունդեսմանշաֆթը» վերջին տարիներին ակնհայտ խաղային անկում է ապրում, իսկ Յոհաքիմ Լյովի գաղափարները հնանում են։

Շատերը նաև նշում են, որ Գերմանիայի հավաքականն այդ խաղին մոտեցել էր առանց մի շարք աստղերի, սակայն մի՞թե Մանուել Նայորեը, Իլկայ Գյունդողանը, Տիմո Վերները, Լեոն Գորեցկան, Տոնի Կրոսը, Լերոյ Սանեն կամ Սերժ Գնաբրին աստղեր չեն։ Փաստը մնում է փաստ, որ Գերմանիայի հավաքականն այս խաղին լավ էլ աստղերով էր մոտեցել։

Արդյո՞ք Ֆերրան Տոռեսին կարելի է համարել աստղ, ով այդ խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Միանաշանակ, ո՛չ։ Կամ Դանի Օլմոյի՞ն, Միկել Օյարսաբալի՞ն։ Եկեք անկեղծ լինենք՝ այս տղաները աստղեր չեն։ Նույնիսկ Ալվարո Մորատան իր ֆուտբոլային հաջողություններով և ցուցադրած խաղով մոտ չէ անգամ Գերմանիայի հավաքականի վերոնշյալ ֆուտբոիստներից և ոչ մեկին։

Այս խաղը մտել է ֆուտբոլի պատմության մեջ, քանի որ Գերմանիայի հավաքականը պաշտոնական խաղերում կրեց իր ամենախոշոր հաշվով պարտությունը, և միանշանակ, արժանիորեն տեղ է գտել մեր թոփում, իսկ թե ինչու այսպես եղավ, պետք է հարցնել և՛ Լուիս Էնրիկեին և Յոհաքին Լյովին։ Առաջին հերթին Իսպանիայի հավաքականը պարզապես փայլուն հանդիպում անցկացրեց․ «ֆուրիա ռոխայի» ֆուտբոլիստների մոտ, բառի ամենաուղիղ իմաստով, ստացվում էր ամեն ինչ։ Բացի դրանից, այս հաղթանակը Իսպանիայի հավաքականին թույլ տվեց հաղթել A դիվիզիոնի 4-րդ խմբում և նվաճել Ազգերի լիգայի մրցաշարի փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր, երկրորդն էլ՝ իսպանացիներն իրենք իրենց և ֆուտբոլային հանրությանն ապացուցելու շատ բան ունեին, քանի որ վերջին գրեթե բոլոր մրցաշարերում տապալվել էին, իսկ Գերմանիայի հավաքականի ֆուտբոլիստներն ավելի լավ է շուտ մոռանան այս խաղը։ Նրանց մոտ ամեն ինչ այնքան վատ էր, որ ողջ խաղի ընթացքում մրցակցի դարպասի ուղղությամբ կատարել են ընդամենը 2 հարված, այն էլ շեղ։ 2 հարված, Կառլ, ընդամենը 2։

Փաստ է, որ Իսպանիայի հավաքականը եթե գալիք մեծ մրցաշարերում ցուցադրի այսպիսի ֆուտբոլ, ապա արդյունքներն էլ չեն սպասեցնի։

6. «Աստոն Վիլլա» 7։2 «Լիվերպուլ»

Մրցաշար – Անգլիական Պրեմիեր լիգա, 4-րդ տուր, 2020/21 մրցաշրջան, հոկտեմբերի 4

Առաջին հայացքից այս անմեղ թվացող հանդիպումը «Լիվերպուլի» համար վերածվեց դժոխքի։

Այս հանդիպման պարադոքսը թիմերի կարգերի տարբերությունն էր։ «Լիվերպուլը» ԱՊԼ-ի գործող չեմպիոնն է և 2018/19 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի հաղթողը, իսկ «Աստոն Վիլլան» դեռ վերոնշյալ 18/19 մրցաշրջանում հանդես էր գալիս Չեմպիոնշիփում, իսկ 2019/20 մրցաշրջանում հրաշքով տեղը պահպանեց Պրեմիեր լիգայի շրջանակում՝ զբաղեցնելով 17-րդ հորիզոնականը։ Դին Սմիթի սաները միայն 1 միավոր գերազանցեցին 18-րդ հորիզոնականը զբաղեցրած «Բորնմութին»։

Եվ բնական է՝ նույնիսկ «Աստոն Վիլլայի» բոլոր ֆուտբոլիստներն իրենց ամենալավ երազում դժվար թե կարողանային պատկերացնել, որ օրերից մի օր Պրեմիեր լիգայի շրջանակում 7։2 հաշվով կհաղթեն «Լիվերպուլին»։ Միայն «Լիվերպուլի» անունը շատերին արդեն վախեցնում է, սակայն այդ օրն այն, ինչ արեցին Օլի Վոթքինսն ու Ջեք Գրիլիշը, պարզապես ֆանտաստիկայի ժանրից էր։ Միայն Գրիլիշը խփված 7 գոլերից 5-ում անմիջական մասնակցություն ունեցավ՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Իհարկե, Գրիլիշը անգլիական ֆուտբոլի ադամանդներից մեկն է և ժամանակն է, որպեսզի տեղափոխվի ավելի բարձրակարգ ակումբ, սակայն նա Բիրմինգհեմը ներկայացնող ակումբ էլ հիանալի է նայվում։

Փաստացի գրեթե բոլոր թոփ ակումբներն այսպիսի մի պարտություն կրում են, ինչից հետո սկսվում է վերափոխումների և հաջողությունների շրջան, ինչպն այժմ պատահում է «Լիվերպուլի» հետ։ Այս խաղից հետո մերսիսայդյան ակումբը Պրեմիեր լիգայի շրջանակում արդեն 10 հանդիպում է չի պարտվում, իսկ ընդհանրապես ընթացիկ մրցաշրջանում Յուրգեն Կլոպի սաները ներքին առաջնությունում կրել են միայն այս պարտությունը։ Յուրգեն Կլոպն, իհարկե, չէր լինի Յուրգեն Կլոպ, եթե ստեղծված իրավիճակից դասեր չքաղեր։ Այժմ «կարմիրները» գլխավորում են մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Լեսթերից» առաջ անցնելով 4 միավոր։

Վերջում, ամեն դեպքում, ցանկանում ենք նշել, որ ամեն օր ականատես չենք լինում նման պերֆորմանսային և թրիլլերային հանդիպումների, այն էլ՝ նույնիսկ անգլիական մակարդակով ոչ այնքան հզոր ակումբի կատարմամբ։ Հանուն արդարության էլ ավելացնենք, որ «Լիվերպուլն» այդ օրը պաշտպանվում էր խայտառակ և մի շարք գոլեր, ուղղակի, նվիրեցին մրցակցին։

5. «Սևիլիա» 3։2 «Ինտեր»

Մրցաշար – Եվրոպա լիգա, եզրափակիչ, 2019/20 մրցաշրջան, օգոստոսի 21

Ա՜յ թե եզրափակիչ էր․․․ գոլառատ ֆուտբոլ, տակտիկական պայքար, մարզչական դիմադրություն, գեղեցիկ գոլեր՝ գեղեցիկ կոմբինացիաներով։ Կարճ ասած՝ հիանալի հանդիպում։

Կորոնադադարը խառնել էր բոլոր խաղաքարտերը և ակումբները հայտնվել էին անորոշության մեջ։ Ի վերջո, որոշում կայացվեց, որ եվրագավաթային հանդիպումները 1/4 եզրափակչից սկսած պետք է անցկացվեն չեզոք քաղաքումներում, իսկ դիմակայությունները բաղկացած էին մեկ խաղից։ Ստացվեց մինի գերարագ մրցաշար։ Նյարդերի ու ֆիզիկական պայքար․ ով ավելի ուժեղ է, նա էլ կտիրանա բաղձալի գավաթին և այդպես էլ եղավ։

Կորոնադադարից հետո երկու ակումբներ էլ աչք շոյող ֆուտբոլ էին ցուցադրում։ Ընդհանրապես, «Սևիլիան» փետրվարից սկսած մինչև հոկտեմբեր պաշտոնական որևէ հանդիպման շրջանակում պարտություն չէր կրել (խմբ․՝ 90 րոպեների ընթացքում), Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության 1/8 եզրափակչից սկսած էլ պայքարից դուրս թողեց այնպիսի ակումբներ, ինչպիսիք էին «Ռոման», «Վուլվերհեմպտոնը», ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդը», այսինքն, ոչ պատահական ակումբների։

«Ինտերը» նույնպես այդ դադարից հետո սկսեց փայլել, ինչն էլ թույլ տվեց Անտոնիո Կոնտեի սաներին մինչև վերջ պայքարել Ա սերիայի չեմպիոնության համար, ինչպես նաև երկար դադարից հետո հասնել եվրագավաթային եզրափակիչ։

Ինչ վերաբերվում է բուն հանդիպմանը, ապա դժվար էր սպասել, որ առանց երկրպագուների ներկայության, ակումբները կարող են այսպիսի հիանալի հանդիպում մեզ պարգևել։ Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում եթե լինեին երկրպագուներ, ապա այն կպայթեր։ Միայն առաջին խաղակեսում կողմերը փոխանակվեցին խփած երկուական գնդակով, որոնցից երեքը խվեց գլխով։

Երկրորդ կեսը համեմատաբար ավելի հանգիստ էր։ «Սևիլիան» վերահսկում էր խաղի ընթացքը, սակայն «ներաձուրիները» վտանգավոր հակագրոհում էին։ 65-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն մեն-մենակ դուրս եկավ «Սևիլիայի» դարպասպաահ Բոնոյի դիմաց, սակայն հարվածեց ուղիղ մարոկկացու վրա, և միգուցե այդ դրվագը դարձավ վճռորոշ։

74-րդ րոպեին անդալուսական ակումբի ֆուտբոլիստները տուգանային հարվածի իրավունք ստացան, որի խաղարկումից հետո կենտրոնական պաշտպան Դիեգո Կառլոսը շրջադարձ հարված կատարեց, ինչից հետո նույն Լուկակուն անզգուշորեն գնդակը շեղեց դեպի սեփական դարպասը՝ դառնալով ինքնագոլի հեղինակ։

Բելգիացի հարձակվողը հերոսանալու և իր թիմին հաղթանակ պարգևելու փոխարեն, դարձավ հանդիպման իսկական հակահերոսը, ով փչացրեց գրեթե 100 տոկոսանոց իրական պահ և գրավեց սեփական դարպասը։

Խաղավերջում միլանյան ակումբն ակտիվացավ, ստեղծեց վտանգավոր պահեր, սակայն, ի վերջո, «Սևիլիան» հաղթեց 3։2 հաշվով՝ ռեկորդային՝ 6-րդ անգամ նվաճելով Եվրոպա լիգայի գավաթը։

Եվրոպա լիգայի վարկանիշը տարեց տարի միանշանակ բարձրանում է, քանի որ մրցաշարի հաղթողը միանգամից նվաճում է Չեմպիոնների լիգայի հաջորդ խաղարկության խմբային փուլի ուղեգիր, ինչպես նաև հնարավորորթյուն է ստանում մասնակցել ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի հանդիմանը։ Ակնհայտ է, որ բազմաթիվ ակումբներ սկսել են լրջորեն մոտենալ մրցաշարին՝ հանդիպումներին մասնակցելով հիմնական կազմերով։

4. «Ատալանտա» 1։2 ՊՍԺ

Մրցաշար – Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, 2019/20 մրցաշրջան, օգոստոսի 12

Եթե մի քանի տարի առաջ ասեին, որ համեստ «Ատալանտան» ինչ-որ մի օր հասնելու է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ, շատերը կամ կծիծաղեին կամ էլ զարմանքից ջուր կկտրեին, քանի որ որևէ մեկի մտքով անգամ չէր կարող անցնել նման բան։

«Ատալանտա» կոչվող հրաշքի սկիզբը կարելի է համարել 2016 թվականի հունիսից, երբ Ջանպիերո Գասպերնին գլխավորեց Բերգամոն ներկայացնող ակումբը։ Չունենալով ո՛չ ֆինանսական բավարար ռեսուսրներ ո՛չ վառ ընգծված անհատականություններ՝ Գասպերնին ընդամենը 4 տարում ստեղծեց մի անհավանական մեխանիզմ, որը պատրաստ է և ի զորու հաղթել ցանկացած մրցակցի։

Մերօրյա «Ատալանտային» կարելի է համարել հարձակվողական պրեսինգ-մեքենա, որը մրցակցին իր իսկ կիսադաշտում է ոչնչացնում, ինչի շնորհիվ էլ խփում է անհավանական քանակի շատ գոլեր։ Գասպերնինիի սաները մինչ այս պահը 2020 թվականին 11 հանդիպումներում խփել են 4+ գոլ, երկու դեպքում նույնիսկ բանը հասել է 7 գոլի։

Ընդհանրապես, «Ատալանտան» նույնիսկ չպետք է լիներ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության 1/8 եզրափակիչում, քանի որ պարտվել էր C խմբի մեկնարկային 3 խաղերում, սակայն խմբային փուլի երկրորդ հատվածում, հավաքելով բոլոր ուժերը, մյուս երեք խաղերում հավաքեց 7 միավոր, կերտելով հրաշք։ Գասպերինիի թիմը դարձվ միակը, որին հաջողվեց ՉԼ խմբային փուլի մեկնարկային երեք խաղերում պարտվելուց հետո դուրս գալ մրցաշարի փլեյ-օֆֆ։ 1/8 եզրափակիչում էլ ընդհանուր 8։4 հաշվով ջախջախեց «Վալենսիային»։ Այստեղ են ասել․ «Դուք մեզ կխփեք որքան կկարողանանք, իսկ մենք՝ որքան կուզենք»։

«Ատալանտա» 4։1 «Վալենսիա»
«Վալենսիա» 3։4 «Ատալանտա»

Խոսեցինք «Ատալանտայի» մասին, անդրադառնանք նաև ՊՍԺ-ին։ Գաղտնիք չէ, որ փարզիյան ակումբը արդեն 10 տարի է պատկանում է Քաթարի շեյխերին և այս ընթացքում արդեն միլիարդավոր դոլարներ են ներդրվել ակումբում։ Ակումբի շեյխերը հասկանուն են, որ միայն Լիգա 1-ը հաղթելով, ՊՍԺ-ին փառքի չեն հասցնի, այդ պատճառով էլ 2017 թվականի ամռանը ռեկորդային՝ 222 մլն եվրոյի դիմաց «Բարսելոնայից» գնեցին Նեյմարին, ինչպես նաև «Մոնակոյից» վարձակալեցին Կիլիան Մբապեին, իսկ հաջորդ ամռանը 145 մլն եվրոյի դիմաց ձեռք բերեցին ֆրանսիացու տրանսֆերային ամբողջ իրավունքները։ Միայն պատկերացրեք՝ 367 մլն եվրո երկու ֆուտբոլիստի դիմաց, ու այդքանից հետո էլ «Պարի Սեն-Ժերմենը» համարձակվում էր դուրս մնալ ՉԼ 1/8 կամ 1/4 եզրափակչից։ Միայն «Ատալանտայի» գրեթե ողջ կազմն է գնահատվում գրեթե 367 մլն եվրո 😁😀…

Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի խմբային փուլը Թոմաս Տուխելի թիմը, ինչպես միշտ, առանց լուրջ խնդիրների հաղթահարեց, իսկ 1/8 եզրափակիչում լուրջ դիմադրության հանդիպեց «Բորուսիա Դորտմունդի» կոմղից, սակայն, ի վերջո, «Փարիզը» երկու խաղերի արդյունքում 3։2 հաշվով հաղթեց համառ մրցակցին։ Հաղթեց և կորոնավիրուս․․․ Կյանքը, բառի ամենաուղիղ իմաստով, կանգ առավ, դադարեցվեց ամեն ինչ, բացառություն չէին նաև ֆուտբոլային մրցաշաշերը և նույնիսկ վտանգ կար, որ ոչ մի մրցաշար այդպես էլ չի շարունակվի։ Այդ դեպքում ՊՍԺ-ի անհաջողությունը կարելի կլիներ հասկանալ, սակայն, ինչպես արդեն նշել ենք, եվրագավաթային մրցաշարերը 1/4 եզրափակչից սկած անցկացվեցին օգոստոսին՝ չեզոք քաղաքում, իսկ դիմակայություններն էլ խաղարկվեցին մեկ խաղով։

Թոմաս Տուխելի թիմը դժվար թե ավելի լավ հնարավորություն ստանար ապացուցել, որ միլիարդավոր դոլարներն իզուր չեն ծախսվել։ Անիծյալ 1/8 եզրափակչի արգելքը հաղթահարված էր, քառորդ եզրափակիչում բաժին չէին հասել ո՛չ «Բարսելոնան», ո՛չ «Ռեալը» և ո՛չ էլ «Մանչեսթեր Յունայթեդը», իսկ դիմակայությունները մեկ խաղով էին անցկացվելու, ինչը բազմապատիկ նվազեցրեց comeback-ի ենթարկվելու հավանականությունը, ինչից ՊՍԺ-ն մի քանի անգամ չի խոուսափել։

Վերջապես եկավ օգոստոսի 12-ը։ Այս հանդիպումը միգուցե չհայտնվեր էլ մեր թոփ-ում, եթե չստանար նման ընթացք, ինչին ականատես ենք եղել 4 ամիս առաջ։ Վերոնշյալ «դուք մեզ կխփեք որքան կկարողանանք, իսկ մենք՝ որքան կուզենք» արտահայտությունը չար կատակ խաղաց «Ատալանտայի» համար։

Բուն խաղը շատ հակասական և երկակի տպավորոյթյուն թողեց, քանի որ 60 րոպե «Ատալանտան» հիանալի ֆուտբոլ էր ցուցադրում, 27-րդ րոպեից սկսած էլ Մարիո Պաշալիչի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1։0 հաշվով, սակայն ամեն ինչ փոխվեց, երբ 60-րդ րոպեին փոխարինվեց բերգամոցիներից ավագ ու առաջատար Ալեխանդրո Գոմեսը։

Հասկանալի է՝ Գոմեսը նման մակարդակի խաղերում 90 րոպե պարզապես չի կարող անցկացնել բարձր ինտենսիվությամբ, քանի որ արդեն վաղուց երիտասարդ չէ։ Գոմեսը փոխարինվեց, չկար նաև Յոսիպ Իլիչիչը, ինչն էլ լրջորեն խանգարեց Ջանպիերո Գասպերինիին։ ՊՍԺ-ն Գոմեսի փոխարինումից հետո շրջեց խաղի ընթացքը։ 90-րդ րոպեին նախ Մարկինյոսը հավասարեցրեց հաշիվը, իսկ 90+3-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Էրիկ Մաքսիմ Չուպո-Մոտինգը անհավանական հաղթանակ պարգևեց փարիզեցիներին։

ՊՍԺ-ն «Ատալանտային» հաղթեց այնպես, ինչպես հաճախ դուրս էր մնում Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկություններից՝ ամենավճռորոշ պահերին գոլ բաց թողնելով վերջին վայրկյաններին և, իհարկե, չենք կարող չնշել Նեյմարի՝ այդ օրն անցկացրած փայլուն հանդիպումը։ Նեյմարը «Ատալանտայի» դեմ խաղում 15 հաջողված դրիբլինգ կատարեց, 7 անգամ հարվածեց մրցակցի դարպասի ուղղությամբ, 4 անգամ էլ նրա փոխանցումներից հետո թիմակիցները հարված կատարեցին, որոնցից մեկն էլ վերածվեց գոլի։ Այդպիսի Նեյմար մենք չէինք տեսել երբեք և միգուցե երբեք էլ չտեսնենք՝ հաշվի առնելով նրա հաճախակի վնասվածքները։

«Ատալանտային» էլ արժանին է պետք մատուցել, քանի որ ուժերն իրապես անհավասար էին։ ՊՍԺ-ն իր կազմի արժեքով մոտ 2․5 անգամ գերազանցում է իտալական ակումբին (Խմբ․՝ «Ատալանտայի» ողջ կազմը գնահատվում է 386 մլն եվրո, իսկ ՊՍԺ-ինը՝ 855 մլն եվրո)։ «Ատալանտան» ունի ընդամենը 3 հզոր «զենք»՝ ի դեպս Ջանպիերո Գասպերինիի, Ալեխանդրո Գոմեսի և Յոսիպ Իլիչիչի։ Վերջինս էլ տարբեր առողջական խնդիրների պատճառով չկարողացավ մասնակցել այդ հանդիպմանը։ ՊՍԺ-ն նմանատիպ «զենքեր» ինչքան ուզեք ունի և տրամաբանորեն էլ հաղթեց այս խաղում։

3․ ՊՍԺ 0։1 «Բավարիա»

Մրցաշար – Չեմպիոնների լիգա, եզրափակիչ, 2019/20 մրցաշրջան, օգոստոսի 23

Չեմպիոնների լիգայի ցանկացած եզրափակիչ համարվում է ակումբային ֆուտբոլի տարվա գլխավոր հանդիպում, սակայն եզրափակիչներներում միշտ չէ, որ տեսնում ենք գոլառատ և դիտարժան ֆուտբոլ, քանի որ հաճախ դաշտում գտնվող թիմերին խանգարում է լարվածությունն ու սխալվելու վախը։

Այս հանդիպումը մեր վարկածով տարվա երրորդ լավագույն հանդիպումն էր, քանի որ «Բավարիայի» հաղթանակը նախ շատերի կողմից որակվեց որպես սովորական երևույթ, և երկրորդ՝ վերոնշյալ խաղն իրապես դիտարժան ստացվեց միայն որոշակի վերապահումներով։

«Բավարիան», անկասկած, 2020 թվականի լավագույն ակումբն էր։ Դեռ ՉԼ 1/8 եզրափակչից կարելի էր ենթադրել, որ Հանսի Ֆլիկի սաները համարվում են մրցաշարի գլխավոր ֆավորիտը, դրան գումարվեց նաև մրցաշարի անցկացման ձևաչափը, որի մասին արդեն խոսել ենք։ Նախ դեռևս խմբային փուլում մյունխենցիները տպավորիչ ֆուտբոլ էին խաղում՝ հաղթելով բոլոր 6 հանդիպումներում, իսկ այնւոհետևե եկավ Հանս-Դիտեր Ֆլիկը և սկսվեց իսկական հեքիաթը։

Ֆլիկը սկսեց ապացուցել, թե «Բավարիային» ինչու են անվանում «գերմանական մեքենա»։ Այո՛, «Բավարիան» անցնող տարում նման էր անխափան գործող՝ ավտոմատ փոխանցման տուփով մեքենայի։ «Կարմիրների» ֆուտբոլիստների մոտ խաղակցվածության խնդիր գրեթե չկար, այլ հարց էր մոտեցումները, մարզչական ձեռագիրը, մարզումային ծրագիրը, ինչպես նաև մարտավարությունը, քանի որ Նիկո Կովաչը գրեթե նույն կազմով լուրջ հաջողությունների չէր կարողանում հասնել, երկրորդն էլ՝ Հանսի Ֆլիկը տիպիկ գերմանացի է․ սառը և դաժան հայացքով ու խարիզմայով, կարգապահ, վիրտուոզ։ Այն, ինչը հենց պետք էր «Բավարիային»։ Դե մնացածն էլ ժամանակի ու գործի հարց էր, դրան գումարվեց նաև Ռոբերտ Լևանդովսկու, Թոմաս Մյուլլերի, Յոզուա Կիմիխի և Մանուել Նոյերի ֆանտաստիկ մարզավիճակը, ինչն էլ նպաստեց, որ մյունխենցիները նախքան եզրափակիչ հասնելը նախ 1/8 եզրափկիչում երկու խաղերի արդյունքում 7։1 հաշվով հաթեցին «Չելսիին», այնուհետև մեկ խաղում՝ 8։2 «Բարսելոնային», ինչպես նաև 3։0՝ «Լիոնին»։

ՊՍԺ-ի մասին էլ արդեն խոսել ենք ու կրկնվելու իմաստ չկա։ Փարիզյան ակումբը «Ատալանտային» դաժան պայքարում հաղթելուց հետո մրցաշարի կիսաեզրափակիչում առանց լուրջ դիմադրության 3։0 հաշվով հաղթեց «Լայպցիգին» և ակումբի պատմության շրջանակում առաջին անգամ դուրս եկավ մրցաշարի եզրափակիչ։

Ընդհանրապես, Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչը ունիկալ ստացվեց, քանի որ նախ անցկացվում էր առանց երկրպագուների մասնակցությամբ, երկրորդն էլ՝ խաղը կայացավ օգոստոսին, ինչը նախադեպը չունեցող դեպք էր։

Ինչպես և սպասվում էր, ՊՍԺ-ն լուրջ դիմադրություն ցույց տվեց անհաղթահարելի թվացող «Բավարիային»։ Թոմաս Տուխելի սաները հասկանում էին, որ դա նրանց համար լավ հնարավորություն է կերտել պատմություն և վերջապես ապացուցել, որ անցնող տասնամյակում ծախսված գումարները իզուր չեն եղել։ Հանդիպման առաջին խաղակեսում «Պարի Սեն-Ժերմենի» ֆուտբոլիստերն ամենաքիչը երեք անգամ կարող էին գրավել Մանուել Նոյերի դարպասը, սակայն ամեն անգամ գերմանացի դարպասապահը հրաշքներ էր գործում դարպասային գծի վրա։

Ըստ երևույթին՝ հանդիպման ընդիմջմանը Հանսի Ֆլիկն իր սաներից պահանջել էր, որ ճնշում գործադրեն ՊՍԺ-ի ամենաթույլ օղակներից մեկի՝ Լեանդոր Պարեդեսի վրա, ինչպես նաև հրահանգավորել էր հունից հանել Նեյմարին, ում մոտ առաջին խաղակեսում ամեն ինչ ստացվում էր։

«Բավարիայի» ֆուտբոլիստները երկրորդ կեսը շատ ագրեսիվ սկսեցին և մեկնարկային մի քանի րոպեում միանգամից մի քանի անգամ Նեյմարի նկատմամբ կանոնների խախտում թույլ տվեցին, ինչի պատճառով «Փարիզի» ֆուտբոլիստների նյարդերը սկսում էին արդեն տեղի տալ։ Նմանատիպ խախտումներից մեկից հետո Լեանդրո Պարեդեսը բռնեց Սերժ Գնաբրիի մարզաշապիկից և հրեց նրան, ինչի համար մրցավարը արգենտինացի կիսապաշտպանին զգուշացրեց դեղին քարտով։

Հենց այդ դեղին քարտն էլ Պարեդեսին հետ պահեց ավելի ագրեսիվ մոտեցում ցույց տալ գոլային դրվագում, երբ Կիմիխը գնդակը ստացավ մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում։ Պարեդեսը կարող էր փակել այդ փոխանցումը, սակայն վախեցավ թույլ տալ կանոնների խախտում, զգուշացվել երկրորդ դեղին քարտով և հեռացվել խաղադաշտից։ Չփակեց փոխանցումը, իսկ Կիմիխն էլ օգտվեց դրանից՝ հիանալի փոխանցում կատարելով Կինգսլի Կոմանին, ով էլ գլխի դիպուկ հարվածով գրավեց Կեյլոր Նավասի պաշտպանած դարպասը։ Գոլային դրվագում, իհարկե, կարելի էր մեղադրել նաև Անդեր Էրերային, ով նույնպես չփորձեց էլ մոտենալ Կիմիխին, սակայն, եղավ այն, ինչ եղավ։ Չես խփում դու, խփում են քեզ։

Խփած գոլից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստներն աչքի ընկնելու այլ հնարավորություններ էլ ունեցան, որոնց ՊՍԺ-ն պատասկանեց իր պահերով, սակայն ֆրանսիական ակումբին այդ օրը վիճակված չէր գրավել Մանուել Նոյերի պաշտպանած դարասը։

ՊՍԺ-ն որքան էլ լավ հանդիպում անցկացրեց, միևնույն է, «Բավարիան» արժանիորեն նվաճեց բաղձալի գավաթը, բացի դրանից՝ Հանսի Ֆլիկի մի շարք որոշումներ և քայլեր վճռորոշ դարձան, ինչի արդյունքում էլ մյունխենյան ակումբն իր պատմության մեջ 6-րդ անգամ տիրացավ Չեմպիոնների լիգայի գավաթին, ինչպես նաև թրեբլ գրանցեց իր անվան դիմաց։ «Բավարիան» չեմպիոն դարձավ՝ ճանապարհին հաղթելով բոլոր հանդիպումները։ Նման բան որևէ ակումբի չէր հաջողվել, ինչը ևս մեկ անգամ խոսում է այս ակումբի հզորության մասին։

Վերջում ևս մեկ կարևոր փաստ արձանագրենք․ թիմերի պատմական անցյալը նման հանդիպումներում նույնպես ասում է իր խոսքը, այսինքն, պատմական հաջողությունները։ ՊՍԺ-ն, ինչպես գիտենք, որպես գրանդ, ի հայտ եկավ 2010-ականներին, երբ ակումբ սկսեցին ներթափանցել արաբական փողերը, իսկ մինչ այդ ակումբի ամենամեծ հաջողությունը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչն է եղել։ «Բավարիայի» մասին դուք ինքներդ էլ ամեն ինչ շատ լավ գիտեք և մյունխենյան ակումբի նախկին հաջողությունները, միանշանակ, անհամեմատելի են: Շատերի կարծիքով սա անիմաստ փաստարկ է, սակայն, վստահեցնում ենք, որ պատմական հաջողությունները ցանկացած ակումբի հոգեբանության մեջ ներարկում է հաղթողի ոգի։

2. «Լիվերպուլ» 2։3 «Ատլետիկո Մադրիդ»

Մրցաշար – Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, 2019/20 մրցաշրջան, մարտի 11

Մարզչական տիտանների բախում, ֆուտբոլային աստղերի մենամարտ, գերդրամատիկ ընթացք ու ավարտ․․․

Այս հանդիպումը որոշ վերապահումներով կարելի է համարել 2020 թվականի մարտավարական լավագույն հանդիպումը, որի շրջանակում Դիեգո Սիմեոնեն հերթական անգամ հասկացնել տվեց, որ նրա գաղափարները դեռևս չեն հնացել ու արդյունք են ապահավում։

«Լիվերպուլը» Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրն էր և համարվում էր այդ դիմակայության ֆավորիտը, սակայն կողմերի միջև կայացած առաջին խաղակեսում «Ատլետիկո Մադրիդը» 1։0 հաշվով հաղթեց և բարդացրեց մերսիսայդցիների գործերը։ Առաջին խաղում մադրիդյան ակումբի ֆուտբոլիստները գործեցին պարզապես գերճշգրիտ՝ թույլ չտալով «Լիվերպուլի» ֆուտբոլիստներին գեթ մեկ դիպուկ հարված կատարել Յան Օբլակի դարպասի ուղղությամբ։

Մադրիդում կայացած անգլիական ակումբի ֆուտբոլիստները պարզապես ձախողվեցին և ցանկացած շեղ հարվածից հետո ակնհայտ նյարդայնանում էին, քանի որ չէին հասկանում, թե ինչպես ճեղքեն մրցակցի անհավանական հզոր պաշտպանությունը։

«Հնդկացիները» աքցանի մեջ էին առել «Լիվերպուլի» բոլոր ֆուտբոլիստներին և զոնային պաշտպանության դասագրքային մաստերկլաս անցկացրին այդ խաղում։

Դիմակայության առաջին խաղից հետո էր, որ ֆուտբոլային հանրությունը սկսեց խոսել, որ «Լիվերպուլ»-մեջիքը սկսել է խամրել։ Չկար այն կայծն ու կիրքը, որը կար 2018/19 մրցաշրջանի ողջ ընթացքում, ինչպես նաև 2019/20-ի սկզբնամասում, երբ «Լիվերպուլը» մեկը մյուսի հետևից զգետնում էր մրցակիցներին։

Սակայն, այդ խաղից հետո Յուրգեն Կլոպը գրեթե վստահ էր, որ «Էնֆիլդում» լրիվ այլ հանդիպում է լինելու, քանի որ բոլորս գիտենք «Էնֆիլդի» կախարդանքի մասին։ Գերմանացի մասնագետն իր հարցազրույցներում շեշտում էր դրա մասին և պահպանում էր հանգստություն, քանի որ վստահ էր ինչպես «Լիվերի» ֆուտբոլիստների, այնպես իր կարողությունների վրա։ Մեջբերում ենք Կլոպի հարցազրույցներից մեկից մի հատված․

«Մենք ճակատամարտում պարտվեցինք, սակայն պատերազմը դեռ առջևում է․ մեր վերադարձին սպասեք, կհանդիպենք «Էնֆիլդում»»։

Կլոպի այս խոսքերը ևս մեկ անգամ փաստում էին, որ «Լիվերպուլը» ընկճված չէ, ընդհակառակը, պայքարելու է մինչև վերջ և հենց այդպես էլ եղավ։

Եկավ երկար սպասված պատասխան հանդիպման օրը։ 2020 թվականի մարտի 11, «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտ․․․

Պատասխան խաղում Յուրգեն Կլոպը յուրահատուկ լուծումներ էր պատրաստել Դիեգոի Սիմեոնեի համար, ինչն էլ տվեց իր պտուղները։ Գերմանացին հրաժարվել էր մաքուր հենակետայինից, Ջորդան Հենդերսոնը հանդես էր գալիս խաղարկողի դերում, իսկ կենտրոնական պաշտպաններ Վիրջիլ վան Դեյկն ու Ջո Գոմեսը անչափ բարձր դիրք էին զբաղեցնում խաղադաշտում, ինչն էլ մասամբ վճռորոշ դարձավ խաղի մի որոշ հատվածի համար։

«Ատլետիկոն» երեք շերտ պաշտպանություն էր կառուցել մրցակցի համար՝ հույս ունենալով, որ մրցակիցը չի հասնի հատկապես երրորդ շերտին, սակայն «Էլ Չոլոյի» գաղափարներն առանձնապես չաշխատեցին, իսկ «Լիվերը» դեռ առաջին խաղակեսում կարող էր վճռել խաղի ելքը, բայց մերսիսայդյան ակումբի ֆուտբոլիստները միայն մեկ անգամ գարվեցին Յան Օբլակի դարպասը, այն էլ՝ 43-րդ րոպեին։

Երկրորդ խաղակեսում «Լիվերպուլի» ֆուտբոլիստները, հասկանալով, որ մրցակցիը քիչ-քիչ խուճապի է մատնվում, ճնշումը բազմատկեցին, ինչի արդյունքում գոլային պահերը ծնվում էին մեկը մյուս հետևեցի, իսկ որոշ դրվագներում Յան Օբլակին միայն հրաշքն էր օգնում երկրորդ գոլից, սակայն «Ատլետիկոն» «ձգեց» մինչև լրացուցիչ ժամանակ։

Իրականում «Լիվերպուլը» գրեթե կատարյալ երկրորդ խաղակես անցկացրեց, սակայն գնդակը, իրոք, ոչ մի կերպ չէր ցանկանում հայտնվել մադրիդյան ակումբի դարպասում և այն, ինչ չհաջողվեց անել հիմնական ժամանակի երկրորդ կեսում, Կլոպի տղաներն արեցին լրացուցիչ առաջին խաղակեսում, երբ 94-րդ րոպեին, Ռոբերտո Ֆրիմինոն, ի վերջո, կրկնապատկեց հաշիվը, իսկ Դիեգո Սիմոնեն դեռևս համբերում էր ու վստահ էր, որ դեռևս ամեն ինչ առջևում է։

Շատ չանցած՝ 97-րդ րոպեին, իր թիմակիցների ողջ աշխատանքը ջուրը գցեց «Լիվերպուլի» դարպասապահ Ադրիանը, ով չպետք է մասնակցեր այս հանդիպմանը, եթե չլիներ Ալիսոն Բեկերի վնասվածքը։ Իսպանացի դարպասպահը գնդակն ուժեղ հարվածով խաղի մեջ մտցնելու փոխարեն, փոխանցում կատարեց ուղիղ Ժոաո Ֆելիշին, վերջինս էլ փոխանցեց Մարկոս Լյորենտեին, ով էլ դիպուկ հարվածով խփեց այդքան ցանկալի գոլ «ատլետների» համար։

105+1-րդ րոպեին «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները նետվեցին արագ հակագրոհի, ինչի արդյունքում դուբլի հեղինակ դարձավ Լյորենտեն։ Այդ դրվագում էլ «հերոսացավ» Ջո Գոմեսը, ով խայտառակ վատ պաշտպանվեց և չփորձեց էլ փակել իսպանացի կիսապաշտպանի հարվածը։

«Լիվերպուլն» իր առջևում ուներ մեկ լրացուցիչ ժամանակ, սակայն ակումբի ֆուտբոլիստները ոչ միայն հիասթափվել էին, այլև պարզապես ի վիճակի չէին երկու գնդակ խփել այդքան լավ պաշտպանվող «Ատլետիկոյին»: Մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներն էլ վերջնականապես տապալեցին մրցակցին և 120+1-րդ րոպեի հերթական հակագրոհի արդյունքում հաշիվը դարձրին 2։3, իսկ հաղթական գնդակը խփեց Ալվարո Մորատան։

Երբևէ լսե՞լ եք «злой гений» ռուսերեն արտահայտությունը։ Սա տիպիկ Դիեգո Սիմեոնեի մասին է։ Մշտապես կարելի է հիանալ արգենտինացի մասնագետի համբերատարությամբ, էմոցիաներով, էնտուզիազմով, իր պպաշտպանական ու ընդհանրապես խաղային ողջ բլոկը կառուցելու, խաղը կարդալու կարողություններով։ Այս խաղն իրապես Դիեգո Սիմեոնեի կողմից կատարյալ շախմատային պարտիա էր։ Պարզապես գերտաղանդավոր պիտի լինես, որպեսզի կարողանաս քո ճշգրիտ քայլերով մրցակցին ստիպես սխալվել։ Բացի դրանից, վրոնշյալ խաղի 56-րդ րոպեին Դիեգ Կոստայի փոխարեն Սիմեոնեն խաղադաշտ դուրս բերեց նոմինալ հենակետյաին կիսապաշտպան Մարկոս Լյորենտեին, ով, շատերի համար անասպասելիորեն, սկսեց հանդես գալ ենթահարձակվողի դերում, ինչ էլ հետագայում վճռորոշ դարձավ։ «Լիվերպուլ» – «Ատլետիկո Մադրիդ» դիմակայության լրացուցիչ ժամանակում մադրիդցիները կատարեցին միայն երեք հարված մրցակցի դարասին, որոնք բոլորն էլ ավարտվեցին գոլով։ Ա՜յ այսպես են հաղթում ավելի հզոր մրցակցին։ Բռավո, Դիեգո։

1․ «Բարսելոնա» 2։8 «Բավարիա

Մրցաշար – Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, 2019/20 մրցաշրջան, օգոստոսի 14

«Լիվերպուլ» 2։3 «Ատլետիկո» հանդիպումը միանշանակ արժանի էր համարվել տարվա հանդիպում, եթե չլիներ սա՝ տարվա բոմբը։

Այո՛, սա տարվա բոմբն էր․ «Բավարիայի» ցուցադրած ֆուտբոլի գեղեցկության կուլմինացիան, «Բարսելոնայի» խայտառակության վերջին կաթիլն ու ապացույցը, որ այդ թիմը ոչնչի էլ ընդունակ չէ։

Կարծում ենք՝ իմաստ չկա կրկին անդրադառնալ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի ձևաչափին, «Բավարիայի» ցուցադրած խաղին ու «Բարսելոնայի» անհաջողությունների պատճառներին։ Մյունխենյան ակումբի հաջողությունների մասին արդեն խոսել ենք, իսկ «կապտանռնագույնների» մասին բոլորին ամեն ինչ պարզ է։

Միայն ցանկանում ենք նշել, որ այս խաղը «Բավարիայի» կողմից ոչ մի այն մարտավարական ջախջախում էր, այլև հոգեբանական ապտակ «Բարսելոնային»։ Բոլորս ենք տեսնում, թե ինչ տեղի ունեցավ կատալոնական ակումբի հետ դրանից հետո։ Ակումբը մինչ այժմ ուշքի չի եկել, բայց, հուսով ենք, որ «Բավարիայից» կրած 2։8 հաշվով պարտությունից ավելի վատ բան չի լինի ակումբի հետ։ Գոնե թե խաղադաշտում։

Այո՛, «Բավարիան» սիրում է «Բարսելոնային» ու ընդհանրապես շատ թիմերի հաղթել խոշոր հաշիվներով, սակայն սա դասական պարզ օրինակ էր, թե ինչպես է պետք մրցակցին բռնել սեփական իսկ սխալների վրա՝ թույլ չտալով նրան նույնիսկ շատ դեպքերում դուրս գալ սեփական տուգանային հրապարակից։ Այն պրեսինգ գաղափարները, որոնք այդ խաղում բանեցրեց Հանսի Ֆլիկը, պարզապես պատմական կարելի է որակել, իսկ «Բարսելոնան» ցույց տվեց, թե ինչպես պետք չէ դուրս գալ պաշտպանությունից։ Զուտ խաղային տեսանկյունից դիտարկելով՝ նշենք, որ այդտեղ խնդիրը Կիկե Սետիենի մարտավարությունն էր, քանի որ իսպանացի մասնագետը նախընտրում էր թիմի գրոհները սկսել դարպասապահի միջոցով՝ կարճ փոխանցումներով, իսկ «Բավարիայի» ֆուտբոլիստները որևէ շանս չէի տալիս մրցակցին կատարել այդ փոխանցումները՝ ենթարկելով կոլապսի կատալոնական ակումբի միջին և պաշտպանողական օղակը։ Ահա թե որտեղ է պարտվել այդ խաղը «Բարսելոնան»։

Խաղից առաջ սպասելի էր «Բավարիայի» հաղթանակը, սակայն ոչ նման հաշվով։ «Բլաուգրանասի» խնդիրները շատ հիմնաքարային էին, այդ պատճառով էլ ոչնչացվեց «գերմանական մեքենայի» կողմից։ Իրոք, «Բավարիան» այդ խաղում նման էր ամենագնաց մեքենայի։

Եվ վերջում մեկ համեմատական փաստ․ երբ Գերմանիայի հավաքականը 2014 թվականի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում 7։1 հաշվով ջախջախեց Բրազիլիայի հավաքականին, այդ ժամանակ «բունդեսմանշաֆթի» գլխավոր մարզիչ Յոհաքիմ Լյովի առաջին օգնականը հենց Հանս-Դիտեր Ֆլիկն էր ու այդ խաղում էլ գերմանացիները գրեթե նույն պրեսինգ-գաղափարներն օգտագործեցին, ինչ մի քանի մաիս առաջ «Բավարիան»՝ «Բարսելոնայի» դեմ խաղում։ Совпадение? не думаю։

«Բավարիայի» ու 2014 թվականի Գերմանիայի հավաքականի նմանություններից է նաև եզրերով սուր գրոհները։ Խաղարկող կիսապաշտպանն արագ գնդակը հասցնում է եզրերից մեկը, որտեղից էլ կա՛մ վինգերները կա՛մ էլ եզրային պաշտպանները ներխուժում են տուգանայն հրապարակ կամ էլ սուր փոխանցում են կատարում։

Բացի նրանից, որ «Բավարիան» հիանալի էր պրեսնիգի դիմում, գերմանական ակումբի մոտ ամեն ինչ ստացվում էր։ Նպաստավոր դիրքերից նրանց կատարած գրեթե բոլոր հարվածներն ավարտվում էին գոլով։ Մարզական բախտն էր նույնիսկ նրանց կողմից, իսկ դա արդեն խոսում է հաղթանակի նշանների մասին։ Նաև կառչելով դրանից՝ «Բավարիան», ի վերջո, հետագայում նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

«Բարսելոնա» 2։8 «Բավարիա» խաղը կարելի է որակել որպես պատմական, այդ պատճառով էլ Interfootball-ի վարկածով հենց այս հանդիպումը ճանաչվեց տարվա լավագույն խաղ։

Բոնուս

Վրաստան 1։2 Հայաստան

Հայաստան 1։0 Հյուսիսային Մակեդոնիա

Մրցաշար – Ազգերի լիգա, խմբային փուլ, 5-րդ ու 6-րդ տուրեր, 2020/21 մրցաշրջան, նոյեմբերի 15 և 18

Այս հանդիպումներին անդրադառնալ պարզապես չէինք կարող։ Այս հանդիպումները մեզ համար ամեն ինչից վեր են և 2020 թվականին մրցակցությունից դուրս էին։

Իրապես, այժմ մեր երկիրում ծանր ժամանակներ են, մենք երկար վերականգնողական շրջան պիտի անցնենք։ Երբ այդ չարաբաստիկ պատերազմն ընթանում էր, մեզ համար ցրվելու միակ տարբերակը ֆուտբոլն էր, իսկ պատերազմի ավարտից Հայաստանի հավաքականը պարզապես պատմական նվաճման հասավ։ Շնորհակալ ենք տղերք, որ այդ բարդ հոգեբանական պայմաններում կարողացաք երկու փառահեղ մարտավարական հաղթանակնեը տանել ոչ պակաս հզոր հավաքականների նկատմամբ։ Շնորհակալ ենք, որ ուժ գտաք ձեր մեջ ու Հայաստանին նոր Level-ի դուրս բերեցիք։ Այդ օրերին բոլորիս համար դժվար էր․ ցանկանում էին ցնծալ, դուրս գալ փողոց ու տոնել այդ հաղթանակները, սակայն դրա սիրտը չկար․․․ այժմ էլ չկա, սակայն հասկանում ենք, որ սա մեզ պետք էր։ Շնորհակալ ենք․․․

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023