Վիլյառեալն ընդհատեց Ռեալի հաղթարշավը` խլելով միավորներ🎥

Վիլյառեալն ընդհատեց Ռեալի հաղթարշավը` խլելով միավորներ🎥

26/09/2021 - 00:51

Իսպանական Լիգայի 7-րդ տուրի շրջանակում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Վիլյառեալի» դեմ։

Առաջին խաղակեսում «արքայական» ակումբը նախաձեռնությունը զիջել էր մրցակցին, որը գնդակին տիրում էր ժամանակի 64%-ը, իսկ ինքը շեշտը դրել էր հակագրոհների վրա։

Ճիշտ է` «Ռեալի» ֆուտբոլիստներն ավելի շատ հարված կատարեցին առաջին խաղակեսում, սակայն նրանց գործողություններում չկար սրություն և նախքան ընդմիջման գնալը նրանք այդպես էլ որևէ իրական գոլային պահ չստեղծեցին Խերոնիմո Ռուլիի պաշտպանած դարպասի ուղդությամբ։

Դեռ ավելին` Կառլո Անչելոտիի սաներն առաջին 45 րոպեների ընթացքում այդպես էլ որևէ դիպում հարված չկատարեցին մրցակցի դարպասին. բոլոր 7 հարվածները կա՛մ շեղ են ստացվել կա՛մ էլ փակվել են մրցակցի պաշտպանների կողմից։

«Վիլյառեալն» իր հերթին առաջին կեսում ունեցավ երկու վտանգավոր պահ։ Երկու դեպում էլ հարվածային դիրքում էր Արնո Դանժուման, սակայն Տիբո Կուրտուան փրկեց իր թիմին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

«Ռեալն» իր առաջին իրական գոլային պահն ստեղծեց 51-րդ րոպեին, երբ Մարկո Ասենսիոյի տուգանայինից կատարած փոխանցումից հետո Էդեր Միլիտաոն չկարողացավ մոտ տարածությունից գլխի դիպուկ հարվածով բացել խաղի հաշիվը։

57-րդ րոպեին էլ «դեղին սուզանավը» պատասխանեց իր վտանգավոր պահով։ Հարվածային դիրքուն էր հայտնվել Պակո Ալկասերը, սակայն տանտերերին կրկին փրկեց Կուրտուան։

Այդ դրվագից հետո գոլային պահերի առումով հարաբերական անդորր էր խաղադաշտում։

Խաղավերջում «սերուցքայիններն» ամեն կերպ փորձում էին կորզել հաղթանակ, սակայն Ունայի Էմերիի սաները բավական գրագետ էին պաշտպանվում` թույլ չտալով «Ռեալի» ֆուտբոլիստներին ստեղծել իրական գոլային պահեր։

Սակայն, որքան հանդիպումը մոտենում էր ավարտին, այնքան Անչելոտիի թիմի առավելությունն ու ճնշումը մեծանում էր։

83-րդ րոպեին հաշիվը բացելուն շատ մոտ էր, սակայն Իսկոյկ հարվածից հետո այս անգամ էլ փայլեց Ռուլին ու հյուրերին փրկեց վերահաս գոլից։

Ի վերջո, այս խաղում այդպես էլ գոլեր չտեսանք, որն ավարտվեց 0:0 հաշվով։

«Ռեալն» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 17 միավոր և գլխավորում է Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Վիլյառեալը» 8 միավորով 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023