Մադրիդում թեժ էր! Վինիսիուսը կարևոր միավոր փրկեց Ռեալի համար🎥

Մադրիդում թեժ էր! Վինիսիուսը կարևոր միավոր փրկեց Ռեալի համար🎥

02/03/2021 - 01:55

Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Ռեալը» «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսում նախաձեռնությունն ամբողջությամբ մադրիդյան ակումբի ձեռքում էր։ Զինեդին Զիդանի սաներն ունեին տեսանելի տարածքային և խաղային առավելություն՝ ստեղծելով մի շարք իրական գոլային պահեր։

Կարելի է, հատկապես, հիշատակել Մարիանո Դիասի վրիպումը, երբ 22-րդ րոպեին Իսկոյից ստացած փոխանցումից հետո 27-ամյա ֆուտբոլիստը 3-4 մետրից հարվածեց դարպասաձողին, իսկ Մարկո Ասենսիոյի հարվածը «Սոսիեդադի» պաշտպանները փակեցին։

Մի շարք դրվագներում էլ «Ռեալի» ֆուտբոլիստները փորձեցին հեռահար հարվածներով սպառնալ բասկյան ակումբին, սակայն ինչպես Կազեմիրոյի, այնպես էլ Տոնի Կրոսի հարվածները չհասան իրենց նպատակին։

Դրվագներից մեկում էլ նույն Կրոսը հարձակման ձախ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, մոտեցավ դարպասին, հասցրեց հարվածել, սակայն դարպասապահ Ալեքս Ռեմիրոն փրկեց հյուրերին։

«Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստներն էլ ողջ խաղակեսի ընթացքում հիմնականում շեշտը դրել էին պաշտպանության վրա և առանձնապես ոչինչ չէին կարողանում առաջարկել մրցակցին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի 55-րդ րոպեին Իմանոլ Ալգուսաիլի սաները բացեցին խաղի հաշիվը․ Նաչո Մոնրեալի՝ ձախ եզրից կատարած հիանալի փոխանցումից հետո Քրիստիան Պորտուգեսը գլխի գեղեցիկ հարվածով գրավեց Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասը։

Հատկանշական է, որ այդ դրվագում 28-ամյա վիգները գրեթե միայնակ էր մնացել մադրիդյան ակումբի տուգանային հրապարակում, քանի որ Ֆերլան Մենդին կորցրել էր դիրքը և չհասցրեց խանգարել Պորտուգեսին։

Պորտուի գոլը դժվարեցրեց «Ռեալի» գործը, սակայն այն չընկճեց նրա տղաներին, ովքեր շարունակում էին ճնշել մրցակցին։

Զիդանի թիմը, իրոք, ուներ առավելություն, անդադար գնդակը պահում էր իր մոտ, հաճախ այն «կախում» էր մրցակցի տուգանային հրապարակ, բայց «Ռեալի» ֆուտբոլիստներին պակասում էր դիպուկությունը։

Հաշիվը հավասարեցնելու լավ պահեր ունեին Կազեմիրոն և Ռոդրիգո Գոյեսը, սակայն նրանց հարվածները շեղ ստացվեցին լավ դիրքերից։

Ի վերջո, «Ռեալի» առավելությունը 89-րդ րոպեին տվեց իր արդյունքը, քանի որ Լուկաս Վասկեսի կատարած փոխանցումից հետո Վինիսիուս Ժունիորը հավասարեցրեց հաշիվը։

Հատկանշական է, որ երկրորդ խաղակեսի ընթացքում Վինիսիուսը կատարեց «Ռեալի» առաջին ու վերջին դիպուկ հարվածը, որն էլ ավարտվեց գոլով։

«Սերուցքայինները» նետվեցին առաջ՝ հաղթանակ կորզելու, սակայն արդեն ժամանակը չներեց, իսկ «Սոսիեդադը» դիմացավ։

Այսպիսով, խաղն ավարտվեց 1։1 հաշով, իսկ կողմերը կիսեցին միավորը։

Այս ոչ-ոքիից հետո «Ռեալը» վաստակեց 53 միավոր և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։ Նույնքան միավոր ունի նաև «Բարսելոնան», սակայն հենց կատալոնական ակումբն է 2-րդը։

«Ռեալ Սոսիեդադն» էլ 42 միավորով 5-րդն է։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023