Ռեալը վստահ  ֆուտբոլ է ցուցադրում․ Վալենսիան ոչինչ չառաջարկեց🎥

Ռեալը վստահ ֆուտբոլ է ցուցադրում․ Վալենսիան ոչինչ չառաջարկեց🎥

14/02/2021 - 21:06

Իսպանական Լա լիգայի 23-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մադրիդի «Ալֆրեդո դի Ստեֆանո» մարզադաշտում, որտեղ «Ռեալը» մրցեց «Վալենսիայի» դեմ։

«Արքայական» ակումբն առաջին խաղակեսում տարածքային հսկայական առավելություն ուներ, ինչի արդյունքում Զինեդին Զիդանի թիմը նախքան ընդմիջման գնալը երկու գնդակի առավելություն ստացավ։

Նախ 12-րդ րոպեին Կարիմ Բենզեման հիանալի հարվածով բացեց խաղի հաշիվը, ապա 42-րդ րոպեին մադրիդյան ակումբի անցկացրած գեղեցիկ գրոհն իր տրամաբանական ավարտին հասցրեց Տոնի Կրոսը՝ կրկնապատկելով «Ռեալի» առավելությունը։

«Վալենսիան» առաջին կեսում դիտորդի դերում էր և միայն պաշտպանվում էր, ինչի հետևանքն էլ եղավ այն, որ Խավի Գրասիայի թիմը որևէ հարված, թեկուզ ՝ շեղ, չկարողացավ կատարել Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Երկրորդ խաղակեսը շատ հանգիստ էր մեկնարկել, սակայն, ինչպես ամպրոպ անամպ երկնքում, «չղջիկներն» իրենց կատարած առաջին իսկ հարվածով քիչ մնաց կրճատեին հաշվի տարբերությունը, սակայն 53-րդ րոպեին Մաքսի Գոմեսի կատարած հեռահար հուժկու հարվածից հետո Կուրտուան մեծ դժվարությամբ փրկեց իր թիմին։

Ինչ-որ պահ գրոհեցին «Վալենսիայի» ֆուտբոլիստները, բայց գոլի հեղինակ դարձան «սերուցքայինները», սակայն, 62-րդ րոպեին Ֆերլան Մենդիի խփած գնդակը չեղարկվեց՝ խաղից դուրս իրավիճակի պատճառով։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ Զիդանի թիմը խաղի նախաձեռնությունը պահում էր իր ձեռքում, իսկ վալենսիական ակումբը ոչինչ չէր կարողանում առաջարկել։

Խաղավարտին «Ռեալն» ավելի մոտ էր հաշիվը եռապատկելուն, քան «Վալենսիան»` այն կրճատելուն, սակայն խաղն այդպես էլ ավարտվեց՝ 2։0։

Այսպիսով, «արքայական» ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 49 միավոր, շրջանցեց «Բարսելոնային» և բարձրացավ 2-րդ հորիզոնական, սակայն կատալոնական ակումբը, իր հավերժ մրցակցի համեմատ, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։ «Բարսայի» ակտիվում կա 46 միավոր։

«Վալենսիան» մնաց 24 միավորով և զբաղեցնում է 12-րդ հորիզոնականը՝ վտանգավոր գոտում ընթացող «Վալյադոլիդին» գերազանցելով ընդամենը 3 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023