Նապոլին ավելի է բարդացնում Յուվեի խնդիրը 🎥

Նապոլին ավելի է բարդացնում Յուվեի խնդիրը 🎥

13/02/2021 - 22:58

Իտալական Ա սերիայի 22-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում ընդունեց «Յուվենտուսին»։

Հանդիպման առաջին խաղակեսն անցավ նեապոլիտանական ակումբի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ավելի վտանգավոր էին գրոհում, ինչի արդյունքում Ջենարո Գատուզոյի սաները հանդիպման 30-րդ րոպեին 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։

«Յուվենտուսի» կենտրոնական պաշտպան Ջորջիո Կիելինին օդային մենապայքարում կանոնների խախտում թույլ տվեց Ամիր Ռահմանիի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Դովերին, օգտվելով VAR համակարգից, ձեռքով ցույց տվեցի դեպի 11-մետրանոց նշակետը։

Գնդակին մոտեցավ «Նապոլիի» ավագ Լորենցո Ինսինյեն և հուժկու հարվածով բացեց խաղի հաշիվը։

Նախքան ընդմիջման գնալն էր տանտերերն ավելի մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն 45+1-րդ րոպեին նույն Ինսինյեի կատարած հարվածից հետո թուրինյան ակումբին փրկեց Վոյցեխ Շյեսնին։

Երկրորդ խաղակեսում արդեն հակառակ պատկերն էր․ «Յուվեի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ, որպեսզի փրկեն խաղը։

Ողջ խաղակեսի ընթացքում «բյանկոներիները» տարածքային և խաղային տոտալ առավելություն ունեին և որոշ դրվագներում «Նապոլիին» նույնիսկ թույլ չէին տալիս դուրս գալ սեփական կիսադաշտից։

Ունենալով տարածքային այդպիսի առավելություն՝ «Յուվեի» ֆուտբոլիստներին ոչ մի կերպ չհաջողվեց խփել փրկության գնդակը, քանի որ նպաստավոր դիրքերից բազմաթիվ պահեր փչացրին։

Միայն երկրորդ կեսում Անդրեա Պիռլոյի թիմը մրցակցի դարպասի ուղղությամբ կատարեց 14 հարված՝ 4-ը դիպուկ, սակայն, ինչպես հասկացաք, ապարդյուն։ «Նապոլին» էլ ողջ երկրորդ 45 րոպեների ընթացքում կատարեց ընդամենը 1 հարված, որն էլ շեղ ստացվեց։

Այսպիսով, «Նապոլին» 1։0 հաշվով ծանր հաղթանակ տարավ «Յուվենտուսի» նկատմամբ, վաստակեց 40 միավոր և բարձացավ 4-րդ հորիզոնական։ 40-ական միավոր ունեն նաև «Ռոման» և «Լացիոն», սակայն լրացուցիչ ցուցանիշներով հենց նեապոլիտանցիներն են 4-րդը։

«Ծեր սենյորան» էլ մնաց 42 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը՝ առաջատար «Միլանին» զիջելով 7 միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023