Պաշտոնական․ Խեդիրան վերադարձավ Բունդեսլիգա

Պաշտոնական․ Խեդիրան վերադարձավ Բունդեսլիգա

02/02/2021 - 12:52

Ինչպես տեղեկացնում է Բունդեսլիգան ներկայացնող «Հերտայի» պաշտոնական կայքը, ակումբը պայմանագիր է կնքել «Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրայի հետ։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 33-ամյա գերմանացի ֆուտբոլիստը մայրաքաղաքային թիմին բաժին է հասել անվճար, իսկ ավելի վաղ հաղորդվում էր, որ կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Նոր ակումբի կազմում Սամի Խեդիրան հանդես կգա «28» համարի մարզաշապիկով։

Այսպիսով, Սամի Խեդիրան ավելի քան 10 տարի անց վերադարձավ Բունդեսլիգա։ Գերմանացի ֆուտբոլիստը 2007-2010 թթ․ հանդես է եկել «Շտուտգարտի» կազմում, որի հետ 2007 թ․ դարձել է Գերմանիայի չեմպիոն։

«Շտուտգարտի» կազմում կենտրոնական կիսապաշտպանն անցկացրել է 132 հանդիպում՝ խփելով 16 գոլ։

Խեդիրան «Յուվենտուսի» կազմում հանդես էր գալիս 2015 թվականից, որի մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 145 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Բացի «Յուվեից» ու «Շտուտգարտից», Խեդիրան 2010-2015 թթ․ հանդես է եկել նաև «Ռեալ Մադրիդի» կազմում։ «Արքայական» ակումբի հետ գերմանացի ֆուտբոլիստը 8 տիտղոս է նվաճել։

Գերմանիայի հավաքականի կազմում էլ 2014 թվականին նա դարձել է աշխարհի չեմպիոն։

Հավելենք, որ տրանսֆերային պատուհանի վերջին օրը «Հերտան» հայտարարեց, որ վարձակալել է նաև «Մարսելի» վինգեր Նեմանյա Ռադոնիչին։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023