Խեդիրան 10 տարի անց վերադառնում է Բունդեսլիգա

Խեդիրան 10 տարի անց վերադառնում է Բունդեսլիգա

01/02/2021 - 15:44

«Յուվենտուսի» կիսապաշտպան Սամի Խեդիրան հեռանում է ակումբից։

Ինչպես տեղեկանցում է իտալացի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն, 33-ամյա ֆուտբոլիստը տեղափոխվում է Բունդեսլիգան ներկայացնող «Հերտա»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև արդեն համաձայնեցվել են անձնական պայմանագրի բոլոր կետերը։ Խեդիրան «Հերտայի» հետ պայմանագիր կկնքի մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։

Ջանլուկա դի Մարցիոյի կայքն էլ հայտնում է, որ Սամի Խեդիրան արդեն մեկնել է Բեռլին, բուժզննում է անցել իր նոր ակումբի համար և շուտով կստորագրի պայմանագիրը, ինչից հետո էլ մայրաքաղաքային ակումբը կհայտարարի ձեռքբերման մասին։

Այսպիսով, գերմանացի ֆուտբոլիստը ավելի քան 10 տարի անց վերադառնում է հայրենիք։

Խեդիրան 2007-2010 թթ․ հանդես է եկել «Շտուտգարտի» կազմում, որի հետ 2006/07 մրցաշրջանում դարձել է Բունդեսլիգայի չեմպիոն։

Խեդիրան «Շտուտգարտի» մարզաշապիկով ընդհանուր առմամբ անցկացրել է 132 հանդիպում՝ դառնալով 16 գոլի և 19 գոլային փոխանցման հեղինակ։

Սամի Խեդիրան ընթացիկ մրցաշրջանում որևէ հանդիպում չի անցկացրել «Յուվենտուսի» կազմում, քանի որ ակումբի գլխավոր մարզիչ Անդրեա Պիռլոն ֆուտբոլիստին չի հայտավորել որևէ մրցաշարի հայտացուցակում։

Հատկանշական է, որ 2020 թվականին հենակետային կիսապաշտպանը խաղադաշտ է դուրս եկել ընդամենը մեկ հանդիպման։

Դա եղել է հունիսի 12-ին Իտալիայի գավաթի 2019/20 մրցաշրջանի կիսաեզրափակչի շրջանակում «Միլանի» (0։0) դեմ կայացած պատասխան հանդիպման խաղում, երբ խաղադաշտում անցկացրեց 28 րոպե՝ փոխարինման դուրս գալով հանդիպման 62-րդ րոպեին։

Հիշեցնենք, որ Խեդիրան 2015 թվականի ամռանը «Ռեալից» ազատ գործակալի կարգավիճակով համալրեց «բյանկոներիների» շարքերը և մինչ այժմ ակումբի կազմում անցկացրել է 145 հանդիպում՝ դառնալով 21 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023