Լայպցիգը ջախջախեց Հերտային` բարձրանալով Չեմպիոնների լիգայի գոտի🎥

Լայպցիգը ջախջախեց Հերտային` բարձրանալով Չեմպիոնների լիգայի գոտի🎥

21/02/2022 - 12:23

Գերմանական Բունդեսլիգայի 23-րդ տուրի շրջանակում «Լայպցիգը» Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Հերտայի» դեմ։

Մինչև 62-րդ րոպեն հանդիպումն ընթանում էր հավասար պայքարում ու լուսատախտակին վառվում էր 1:1 հաշիվը. 20-րդ րոպեին «ցլերին» առաջ էր մղել Բենջամին Հենդրիքսը, իսկ «Հերտայի» պատասխան գոլը 48-րդ րոպեին խփեց Ստեֆան Յովետիչը։

Այդուհանդերձ, 62-րդ րոպեին տանտերերի կենտրոնական պաշտպան Մարկ-Օլիվեր Կեմպֆը սեփական տուգանային հրապարակում վերջին հույսի խախտում թույլ տվեց «Լայպցիգի» առաջատար Քրիստոֆեր Նկունկուի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Պատրիկ Իտրիխը ոչ միայն Կեմպֆին հեռացրեց խաղադաշտից, այլև «Հերտայի» դարպասին նշանակեց 11-մետրանոց, որն էլ անվրեպ իրացրեց հենց տուժողը։

67-րդ րոպեին Նկունկուն ևս մեկ գնդակ ուղարկեց «մայրաքաղաքայինների» դարպասը` հաշիվը դարձնելով արդեն 3:1։

Նշենք, որ ֆրանսիացի հարձակվողը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։

Բաց թողած երրորդ գոլից հետո «Հերտան» «քանդվեց», իսկ հանդիպումը, ի վերջո, ավարտվեց 6:1 հաշվով։

Դոմենիկո Տեդեսկոյի թիմի կազմից խաղավերջում մեկական անգամ էլ աչքի ընկան Դանի Օլմոն, Ամադու Այդարան ու Յուսուֆ Պոուլսենը։

Այսպիսով, այս հաղթանակից հետո «Լայպցիգը» վաստակեց 37 միավոր, շրջանցեց միանգամից 3 ակումբների` «Քյոլնին», «Ֆրայբուրգին» ու «Հոֆֆենհայմին» ու բարձրացավ Չեմպիոնների լիգայի գոտի` 4-րդ հորիզոնական։

«Հերտան», 23 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023