Գասպերինի. «Խելագարություն է. բացատրություն եմ պահանջում»

Գասպերինի. «Խելագարություն է. բացատրություն եմ պահանջում»

19/12/2021 - 12:53

Իտալական Ա սերիայի 18-րդ տուրի շրջանակում «Ատալանտան» սեփական հարկի տակ 1:4 հաշվով պարտվեց «Ռոմային»։

Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել Բերգամոն ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Ջանպիերո Գասպերինին.

«Միանշանակ սխալներ թույլ տվեցինք, ինչի հետևանքով մի շարք անդրադարձներից հետո գոլ բաց թողեցինք արդեն 1-ին րոպեին։ Նման դեպք գրանցվեց նաև «Միլանի» ու «Վիլյառեալի» դեմ հանդիպումների ժամանակ. այդ ամենը բարդացնում է մեր խնդիրը։

Այդուհանդերձ, յուրաքանչյուր դեպքում մեզ հաջողվում է վերադառնալ խաղ, իսկ հանդիպումն ընթանում է միայն մեկ դարպասի ուղղությամբ»,- նշել է Գասպերինին DAZN-ի հետ զրույցում։

63-ամյա մասնագետը խոսել է նաև «Ռոմայի» դեմ հանդիպման 68-րդ րոպեին գրանցված վիճելի դրվագի մասին, երբ Դուվան Սապատայի գլխով հարվածից հետո գնդակն անցավ «Ատալանտայի» պաշտպան Խոսե Լուիս Պալոմինոյի կողքով, ինչից հետո գնդակը հայտնվեց ցանցում, սակայն գլխավոր մրցավար Մասիմիլանո Իրատին չհաշվեց գոլը` արձանագրելով խաղից դուրս իրավիճակ։

«Այդ դրվագը փոխեց հանդիպման ընթացքը։ Խայտառակություն է. ես բացատրություն եմ պահանջում։ Եթե Պալոմինոն չդիպավ գնդակին, ապա ինչո՞ւ արձանագրվեց խաղից դուրս իրավիճակ, իսկ եթե գնդակը դիպավ Քրիստանտեին, ապա ընդհանրապես ի՞նչ տարբերություն։ Ի՞նչ է սա, կատա՞կ է։

Պալոմինոն չդիպավ գնդակին և անմիջական ազդեցություն չունեցավ դրվագի զարգացման վրա. նա Քրիստանտեից հետ էր կանգնած։

Հանդիպման ավարտից 20 րոպե առաջ հաշիվը կդառնար 2:2, և «Ատալանտայի» համար շատ բան կփոխվեր։ Ինձ սխալ մի հասկացեք. «Ռոման» բոլոր դեպքերում կարող էր հաղթել, սակայն այդ դրվագը շրջադարձային եղավ։

Նման դրվագները խտրականություն են առաջացնում սպորտում։ Պալոմինոն չդիպավ գնդակին. դա խայտառակություն է և նա Քրիստանտեին ընդհանրապես ձեռք չտվեց, քանի որ գտնվում էր նրա թիկունքում։

Ես պարտվել եմ 1:4 և եկել եմ լրագրողների հետ շփվելու։ Ինչո՞ւ նույնը չեն անում նաև մրցավարները։ Ինչո՞ւ մենք չենք լսում տեսակրկնապատկերների վրա աշխատող օգնականների բացատրությունները։ Նրանք քանդում են ֆուտբոլը»,- հավելել է Գասպերինին, ում խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023