Օբամեյանգը վերադառնում է!!! Արսենալը փայլում է, իսկ Լիդսն իր ոճի մեջ է 🎥

Օբամեյանգը վերադառնում է!!! Արսենալը փայլում է, իսկ Լիդսն իր ոճի մեջ է 🎥

14/02/2021 - 22:23

Անգլիական Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի շրջանակում «Արսենալը» «Էմիրեյթս» մարզադաշտում մրցեց «Լիդսի» դեմ։

«Զինագործները» հանդիպման առաջին խաղակեսը գրեթե կատարյալ անցկացրին։

Խաղի հաշիվը 13-րդ րոպեին բացեց լոնդոնյան ակումբի ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը՝ եզրափակելով Գրանիտ Ջակայի փոխացնումը։

Նախքան ընդմիջման գնալը, Միկել Արտետայի սաները ևս երկու գնդակ ուղարկեցին յորքշիրյան ակումբի դարպասը։

Նախ 41-րդ րոպեին, հստակ իրացնելով 11-մետրանոց հարվածը, իր անվան դիմաց դուբլ գրանցեց Օբամեյանգը, ապա 45-րդ րոպեին գեղեցիկ գրոհի արդյունքում Հեկտոր Բելերինը հաշիվը դարձրեց 3։0։

Երկրորդ խաղակեսը նոր-նոր էր մեկնարկել, երբ 47-րդ րոպեին Օբամեյանգն էլ ավելի մեծացրեց «Արսենալի» առավելությունը՝ դառնալով արդեն հեթ-տրիկի հեղինակ։

Հատկանշական է, որ գաբոնցի հարձակվողը Պրեմիեր լիգայի շրջանակում առաջին անգամ է դառնում հեթ-տրիկի հեղինակ։ Օբամեյանգը մինչ այս պահը մեկ անգամ արդեն հեթ-տրիկի հեղինակ դարձել էր «զինագործների» կազմում, սակայն դա եղել էր Եվրոպա լիգայի շրջանակում, երբ 2018/19 մրցաշրջանի կիսաեզրափակիչ խաղում երեք անգամ գրավեց «Վալենսիայի» դարպասը, իսկ լոնդոնցիները հյուրընկալվելիս հաղթեցին 4։2 հաշվով։

Խփած չորրորդ գնդակից հետո Արտետայի թիմը մի փոքր հանդարտվեց, ինչից էլ օգտվեցին արդեն «Լիդսի» ֆուտբոլիստները, ովքեր կարողացան խուսափել խոշոր հաշվով պարտությունից՝ հետ բերելով երկու գնդակ։

58 և 69-րդ րոպեներին գոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Պասկալ Ստրոյկն ու Էլդեր Կոշտան։

Խաղի մնացած ժամանակահատվածն ավելի հանգիստ պայքարում անցավ, և այլևս դարպասի գրավումներ չարձանագրվեցին, իսկ խաղն ավարտվեց 4։2 հաշվով՝ «Արսենալի» հաղթանակով։

Այս հաղթանակից հետո «Արսենալը» վաստակեց 34 միավոր, շրջանցեց հենց «Լիդսին» և բարձրացավ 10-րդ հորիզոնական, իսկ Մարսելո Բիելսայի սաների ակտիվում կա 32 միավոր, որոնք 11-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023