Արսենալի գործերը կրկին լավ չեն․  Աստոն Վիլլան շարունակում է գրագետ ֆուտբոլ ցույց տալ🎥

Արսենալի գործերը կրկին լավ չեն․ Աստոն Վիլլան շարունակում է գրագետ ֆուտբոլ ցույց տալ🎥

06/02/2021 - 18:34

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 23-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Աստոն Վիլլան» Բիրմինգհեմում մրցեց «Արսենալի» դեմ։

Հանդիպման հաշիվն անչափ արագ բացվեց․ 2-րդ րոպեին «Վիլլայի» ֆուտբոլիստները հարձակման աջ եզրով գրոհ զարգացրին, ինչի արդյունքում Բերտրան Տրաորեն ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հարվածային դիրք դուրս բերեց Օլի Վոթկինսին, ով էլ նպաստավոր դիրքից բացեց խաղի հաշիվը։

Հատկանշական է, որ գոլային դրվագում անչափ անհաջող գործեց «Արսենալի» կենտրոնական պաշտպան Ռոբ Հոլդինգը, ով պարզ իրավիճակում չկարողացավ գնդակը հեռացնել տուգանայինի մատույցներից։

Բաց թողած գոլից հետո «զինագործներն» ունեին տարածքային առավելություն, սակայն պետք է նշենք, որ խաղն ընթանում էր տանտերերի սցենարով, քանի որ լոնդոնյան ակումբը ողջ առաջին խաղակեսի ընթացքում մեկ իրական գոլային պահ ստեղծեց։ 29-րդ րոպեին «Արսենալը» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեց․ գնդակին մոտեցեավ Գրանիտ Ջական, ում հարվածից հետո «Աստոն Վիլլայի» դարպասապահ Էմիլանո Մարտինեսը հիանալի ցատկով փրկեց իր թիմին։

Հատկանշական է, որ «Արսենալը» ողջ առաջին խաղակեսում այդ մեկ դիպուկ հարվածը կատարեց «Աստոն Վիլլայի» դարպասին։

«Աստոն Վիլլան» էլ իր հերթին հետ չէր մնում և նախքան ընդմիջման գնալը կարող էր կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն Բերտրան Տրաորեի հարվածից հետո հյուրերին փրկեց նորամուտը նշող Մեթյու Ռայանը։

Երկրորդ խաղակեսում Միկել Արտետայի թիմն ավելի ակտիվ էր գործում, ինչի հետևանքով պաշտպանությունում բացեր էին առաջանում, որից էլ փորձում էին օգտվել «Վիլլայի» ֆուտբոլիստները՝ ստեղծելով վտանգավոր պահեր։ Հիշատակման են արժանի Ջոն Մաքգինի և Ջեք Գրիլիշի դրվագները, որոնց հարվածներից հետո «զինագործներին» հերթական անգամ փրկեց Ռայանը։

Ընհանուր առմամբ, «Աստոն Վիլլան» երկրորդ կեսը շատ գրագետ անցկացրեց՝ թույլ չտալով «Արսենալին» իրական գոլային պահ ստեղծել․ միակ լուրջ վտանգավոր պահը եղավ 69-րդ րոպեին, երբ Նիկոլա Պեպեն ձախ եզրից ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, հարվածեց, որը, սակայն մի փոքր շեղությամբ դուրս եկավ դաշտի դիմային գծից։

Խաղավերջում «Արսենալի» տղաներն ավելի ակտիվացան, սակայն ոչ մի կերպ չհաջողվեց փրկել հանդիպումը։

Այսպսիով, «Աստոն Վիլլան» հաղթեց 1։0 հաշվով և վաստակած 35 միավորով` բարձրացավ 8-րդ հորիզոնական, իսկ լոնդոնյան ակումբը ԱՊԼ-ի շրջանակում կրեց երկրորդ անընդմեջ պարտությունը։ Արտետայի թիմը մնաց 31 միավորով և զբաղեցնում է 10-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023