«Զինագործներն» իրենք իրենց գլխին «սարքեցին»․ «գայլերն» ընդհատում են Արսենալի անպարտելիության շարքը🎥

«Զինագործներն» իրենք իրենց գլխին «սարքեցին»․ «գայլերն» ընդհատում են Արսենալի անպարտելիության շարքը🎥

02/02/2021 - 23:55

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում մեկնարկեց 22-րդ տուրը, որի մեկնարկային խաղում «Վուլվերհեմպտոնը» «Մոլինյու» մարզադաշտում ընդունեց «Արսենալին»։

Հանդիպման առաջին խաղակեսի մեծ մասում «Արսենալի» ֆուտբոլիստներն ունեին առավելություն և 32-րդ րոպեին Նիկոլա Պեպեի խփած գոլի շնորհիվ առաջ էին անցել հաշվի մեջ, սակայն նախքան ընդմիջման գնալն ամեն ինչ գլխիվայր շուռ եկավ, քանի որ 45+3-րդ րոպեին «զինագործների» պաշտպան Դավիդ Լուիսը կոպիտ խախտում թույլ տվեց սեփական տուգանային հրապարակում, ինչի հետևանքով լոնդոնյան ակումբը ոչ միայն պատժվեց 11-մետրանոց հարվածով, այլև բրազիլացի պաշտպանը հեռացվեց խաղադաշտից։

Գնդակին մոտեցավ «գայլերի» կիսապաշտպան Ռուբեն Նևեշը, ով էլ հաշիվը դարձրեց 1։1։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում էլ ՝ 49-րդ րոպեին, Ժոաո Մոուտինիոն առաջ մղեց արդեն «Վուլվզին»։

Երկար ժամանակ խաղը հանգիստ էր ընթանում, Մոուտինիոյի կատարած հարվածն էլ երկրորդ խաղակեսում միակն էր, սակայն «Արսենալի» անհաջողություններն այդքանով չավարտվեցին։

Հանդիպման 72-րդ րոպեին «զինագործները» մնացին ընդհանրապես 9 ֆուտբոլիստներով, քանի որ դարպասապահ Բերնդ Լենոն տուգանային հրապարակից դուրս ձեռքով էր խաղացել։

Հանդիպման գլխավոր մրցավար Քրեյգ Պոուսոնն էլ գերմանացի դարպասապահին նույնպես ուղարկեց «հանգստանալու»։

Նունու Էսպիրիտու Սանտուի սաները ստանալով քանակական լուրջ առավելություն՝ սկսեցին ավելի հանգիստ գործել, սակայն չէին մոռանում նաև գրոհելու մասին։

Տանտերերը մի շարք վտանգավոր պահեր ստեղծեցին, սակայն փոխարինման դուրս եկած իսլանդացի դարպասապահ Ռունար Ռունարսը որոշ դրվագներում փրկեց «Արսենալին» վերահաս գոլից։

Այսպիսով, «Վուլվզի» տղաները հաղթեցին 2։1 հաշվով՝ ընդհատելով «Արսենալի»՝ Պրեմիեր լիգայում ունեցած անպարտելության շարքը։

ԱՊԼ-ի շրջանակում Միկել Արտետայի սաները չէին պարտվել նախորդ 7 խաղերում։

Լոնդոնյան ակումբը ներքին առաջնությունում վերջին անգամ պարտվել էր դեռևս 2020 թվականի դեկտեմբերի 19-ին, երբ 14-րդ տուրի շրջանակում հյուրընկալվելիս 1։2 հաշվով զիջեց «Էվերտոնին»։

Այս հաղթանակից հետո «Վուլվերհեմպտոնը» վաստակեց 26 միավոր և բարձրացավ 13-րդ հորիզոնական, իսկ «Արսենալը», 31 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023