Ամենաթանկարժեք ռետրո մարզաշապիկները

Ամենաթանկարժեք ռետրո մարզաշապիկները

05/05/2020 - 23:13

Ֆուտբոլային մարզաշպիկներ հավաքելը շատերի հոբբին է, քանի որ դրանք բավականին գեղեցկացնում են մեր պահարանը։ Այդպիսի հավաքածու ունեցողներին կարելի է հասկանալ, որովհետև դրանք համարվում են յուրօրինակ «ապրանքներ», հատկապես ռետրո մարզաշապիկները։

Մեր ժամանակներում Adidas-ը, Nike-ը և Puma-ն գրավել են այդ շուկան՝ համագործակցելով տարբեր թոփ ակումբների հետ, սակայն նրանց հիմնական թերությունն այն է, որ մեր օրերի մարզաշապիկների մեծ մասը դիզայներական առումով բավականին նման են, իսկ ռետրո մարզաշապիկները ոչ միայն ավելի գեղեցիկ էին, այլև բոլորիս կտեղափոխեն անցյալ՝ առաջացնելով նոստալգիա։

Վերջերս TalkSport պարբերականը ներկայացրել էր ամենաթանկարժեք ռետրո մարզաշապիկների լավագույն տասնյակը, որն էլ կներկայացնենք ձեր ուշադրությանը․

10․ «Յուվենտուս» 1997/98, արտագնա մարզաշապիկ – 299,99 ֆունտ

Այս մարզաշապիկն արտադրել է Kappa ընկերությունը, որը նվիրված է եղել թուրինյան ակումբի հարյուրամյակին։ Հենց այս վարդագույն մարզաշապիկն էլ դարձավ ընկերության հաղթաթուղթը։

Այդ մրցաշրջանը «Յուվենտուսի» համար բավականին հաջող դասավորվեց։ Ակումբը նվաճեց Ա սերիայի չեմպիոննությունն ու Իտալիայի սուպեր գավաթը, իսկ Չեմպիոնների լիգայի խաղարկությունում հասավ մինչև եզրափակիչ՝ զիջելով «Ռեալին»։

Այդ տարի «Ծեր սենյորայի» կազմում փայլում էր Զինեդին Զիդանը, ով 1998 թվականին ստացավ «Ոսկե գնդակը»։

9․ «Բորուսիա Դորտմունդ» 1996/97, տնային մարզաշապիկ – 299,99 ֆունտ

1990-ականներին Դորտմունդը ներկայացնող ակումբը բավականին հզոր ուժ էր թե՛ ներքին առջնությունում և թե՛ եվրոպական մրցասպարեզում։

1996/97 մրցաշրջանի մեկնարկում ակումբը նախ նվաճեց Գերմանիայի սուպեր գավաթը, իսկ մրցաշրջանի ավարտին՝ Չեմպիոնների լիգան։ «Իշամեղուները» եզրափակիչում 3։1 հաշվով առավելության հասան «Յուվենտուսի» նկատմամբ։

Այդ տարիներին ակումբի կազմում փայլում էին Կառլ-Հայնց Ռիդլեն, Լարս Ռիկենը, Պաոլո Սոուզան, Պոլ Լամբերտը, Յուրգեն Կոլերը և այլք։

Դեղնասև մարզաշապիկի բավականին թանկ լինելը կապված է Չեմպիոններիլիգայան հաղթանակի հետ։

8․ «Լիվերպուլ» 1989/90, տնային մարզաշապիկ – 349,99 ֆունտ

1980-ականների վերջին «Լիվերպուլը» լեգենդար մարզիչ Քենի Դալգլիշի գլխավորությամբ բավականին հզոր ակումբ էր։

Մերսիսայդյան ակումբը 1989/90 մրցաշրջանում նվաճեց դեռևս վերջին չեմպիոնական տիտղոսը, իսկ այդ ակումբի աստղը Յան Ռաշն էր, որ դարձավ Անգլիայի առաջնության այդ խաղարկության լավագույն ռմբարկու։

7․ «Չելսի» 1986/87, տնային մարզաշապիկ – 349,99 ֆունտ

Այդ տարիներին լոնդոնյան ակումբը նույնիսկ միջակ ակումբ չէր համարվում Անգլիայի մակարդակով։ Ակումբը հաճախ դուրս էր մնում նաև բարձարգույն առաջնությունից, իսկ 1986/87 մրցաշրջանում «ազնվականները» 22 թիմերի պայքարում զբաղեցրին 14-րդ հորիզոնականը։

«Չելսիի» տնային այս մարզաշապիկը բավականին առանձնահատուկ է։ Ակումբի այդ ժամանակվա ներկայացուցիչներից մեկը Կեն Բեյթսը ակումբի ղեկավարությանն առաջարկեց արտադրել սեփական մարզաշապիկներ, որպեսզի այդ քայլով կրճատի ավելորդ ծախսերը։ Մեր օրերում այս մարզաշապիկը որևէ տեղ գտնելը գրեթե անհնար է, քանի որ հանված է վաճառքից։

6․ «Ինտեր» 1997/98, երրորդ մարզաշապիկ – 374,99 ֆունտ

Միլանյան ակումբը 1990-ականներին աչքի չէր ընկնում լուրջ հաջողություններով, սակայն նույնիսկ այդ ժամանակահատածում ակումբը երեք անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի գավաթի տիտղոսը։

«Ինտերի» մասնակցությամբ 1997/98 մրցաշրջանի մասին խոսելիս ամենաառաջինը հիշում ենք Ռոնալդոյի մասին, ով այդ տարիներին կամաց-կամաց բարձրանում էր եվրոպական ֆուտբոլի գագաթին։ Այդ մրցաշրջանում միլանյան ակումբը վերջին անգամ նվաճեց ՈՒԵՖԱ-ի գավաթը, իսկ «ատամիկը» բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցեց 47 հանդիպման՝ դառնալով 34 գոլի հեղինակ։ Ակումբի կազմում փայլում էին նաև Իվան Սամորանոն, Յուրի Ջորկայեֆը, Դիեգո Սիմեոնեն, Ալվարո Ռեկոբան, Խավիեր Ձանետին, Ջուզեպե Բերգոմին և այլք։

Այդ մարզաշապիկով «Ինտերը» հանդես է եկել եվրագավաթային մրցաշարերում, որի ձևավորումն իհարկե բավաականին գեղեցիկ է։ Այդ ժամանակ «ներաձուրիները» նոր էին սկսել համագործակցել անվադողեր արտադրող Pireli ընկերության հետ։ Կողմերի միջև համագործացկությունը շարունակվում է 1995 թվականից ի վեր։

5․ «Արսենալ» 1991/92 և 1992/93, արտագնա մարզահագուստ – 374,99 ֆունտ

1980-ականների անհաջող և «անպտուղ» տարիներից հետո 90-ականների սկզբին «Արսենալի» մոտ սկսվեց հաջողությունների շրջան։ Ակումբը Ջորջ Գրեհեմի գլխավորությամբ 1988/89 և 1990/91 մրցաշրջաններում նվաճեց Անգլիայի չեմպիոնի տիտղոսը, իսկ վերոնշյալ մրցաշրաջններում՝ 91/92 և 92/93 մրցաշրջաններում` ներքին գավաթները՝ Սուպեր գավաթը, Անգլիայի գավաթն ու Լիգայի գավաթը։

Ֆուտբոլային 90-ականները ամենալավ կերպով նկարագրում էր «զինագործների» այս զոլավոր դեղին մարզաշապիկը։ Այդ տարիներին լոնդոնյան ակումբի տեխնիկական հովանավորը ճապանոկանական էլեկտրատեխնիակա արտադրող JVC-ն էր, իսկ «Արսենալը» մեծապես ասոցացվում էր անգլիացի գոլահար Յան Րայթի հետ, ով 91/92 և 92/93 մրցաշրջաններում ընդհանուր 54 գոլի հեղինակ դարձավ։

4․ «Միլան» 1999/00, տնային մարզաշապիկ – 399,99 ֆունտ

1990-ականների սկզիբն ու ընթացքը «Միլանի» համար անչափ հաջող էր։ «Կարմրասևերը» 90-ականներին 5 անգամ նվաճեցին Սկուդետոն, իսկ 1990 և 1994 թվականներին ակումբը նվաճեց Չեմպիոնների լիգայի գավաթը։

1999/00 «Միլանը» Ալբերտո Ձակերոնիի գլխավորությամբ կատարելապես ձախողվեց։ Միլանյան ակումբը Ա սերիայի շրջանակում զբաղեցրեց ընդամենը երրորդ հորիզոնականը, Չեմպիոնների լիգայի շրջանակում չկարողացավ հաղթահարել խմբային փուլի, Իտալիայի գավաթը պարտվեց քառորդ եզրափակչում՝ ճանապարհը զիջելով «Ինտերին», իսկ Իտալիայի սուպերգավաթի շրջանակում ակումբը 1։2 հաշվով պարտվեց «Պարմային»։ Չնայած ակումբի՝ այդ մրցաշրջանի ձախողմանը՝ «ռոսոներիները» լուրջ տրանսֆերներ էին իրականացրել մրցաշրջանից առաջ։ Միլանյան ակումբ էին տեղափոխվել Անդրեյ Շևչենկոն, Սերժինիոն և Ջենարո Գատուզոն, ովքեր հետագայում դարձան ակումբի տոն տվողներից մեկը։

Այդ մրցաշրջանի տնային մարզաշապիկի բավականկն թանկ լինելը պայմանավորված է նրանով, որ ակումբն այդ մրցաշրջանից առաջ որոշել էր փոխել ակումբի գերբը։ Այդ տարի «Միլանը» հանդես էր գալիս քաղաքի գերբով։

3․ «Մանչեսթեր Յունայթեդ» 1986/87 և 1987/88, երրորդ մարզաշապիկ – 449,99 ֆունտ

1980-ականներին «Մանչեսթեր Յունայթեդը» միջակ ակումբ էր Անգլիայի մակարդակով։ Ակումբի հաջողությունները սահամանակվում էին միայն ներքին գավաթները նվաճելով։ «Կարմիր սատանաները» երկար տարիներ չէին կարողանում որևէ լուրջ հաջողություններ գրանցել՝ չդառնալով նաև Անգլիայի չեմպիոն։

Եթե դուք մեր օրորում «Յունայթեդի» այդ մարզաշապիկով դուրս գաք Մանչեսթերի փողոցներ, շատերի կողմից դրական կարծիքներ կլսեք։ Այժմ «Մանչեսթեր Յունայթեդի» այդ մարզաշապիկների հավաքածուն հազվադեպ հանդիպող բան է։

Մարզաշապիկի աստղաբաշխական գինը կապված է ոչ միայն Adidas-ի ոճաբանների յուրահատուկ ձևավորմամբ, այլև 1986/87 մրցաշրջանը առաջինն էր, որ ակումբն անցկացնում էր Սըր Ալեքս Ֆերգյուսոնի գլխավորությամբ։

2․ «Նապոլի» 1990/91, տնային մարզաշապիկ – 499,99 ֆունտ

«Նապոլիի» մասին խոսելիս առաջինը բնականաբար ասոսացվում է 1980-ականների ավարտը և 90-ականների սկիզբը։

Այդ ժամանակահատվածում ակումբի կազմում փայլում էին Դիեգո Մարադոնան բրազիլացի հարձակվող Կարեկան, կենտրոնական պաշտպան Չիրո Ֆերարան։ Նեապոլիտանական ակումբը 1986/87 և 1989/90 մրցաշրջաններում նվաճեց Ա սերիայի չեմպիոնական տիղտողսը։ Այդ երկու չեմպիոննությունները միակն են ակումբի պատմության մեջ։

1990/91 մրցաշրջանն ակումբը ձախողեց՝ նվաճելով միայն Իտալիայի սուպեր գավաթը։ Վճռորոշ խաղում «Նապոլին» 5։1 հաշվով առավելության հասավ «Յուվենտուսի» նկատմամբ։

Այս մարզաշապիկը ակումբի երկրպագուների համար համարվում է սուրբ, քանի որ 1990/91 մրցաշրջանի ավարտից հետո Դիեգո Մարադոնան տեղափոխվեց «Սևիլիա»։

1․ «Բարսելոնա» 1991/92, արտագնա մարզաշապիկ – 599,99 ֆունտ

«Բարսելոնան» 1980-ականներին որևէ լուրջ հաջողություն չի գրանցել։ Կարելի է առանձնացնել միայն 1984/85 մրցաշրջանի Լա լիգայի չեմպիոնությունը և 1986 թվականի Չեմպիոնների գավաթի եզրափակիչ հասնելը։ Ակումբի մյուս հաջողությունները կապված են միայն Իսպանիայի գավաթը նվաճելու հետ։

Սակայն, Յոհան Կրոյֆի՝ ակումբը գլխավորելուց հետո, ամեն ինչ փոխվեց։ Ակումբը հոլանդացի լեգենդար մասնագետի գլխվորությամբ 1988-96 թվականներին նվաճեց 11 տիտղոս։ Հատկապես կատարյալ ստացվեց 1991/92 մրցաշրջանը, երբ ակումբը երեք տիտղոս նվաճեց։ Այդ մրցաշրջանում ակումբը նվաճեց Լա լիգայի չեմպոնությունն ու Իսպանիայի սուպեր գավաթը, ինչպես նաև ակումբի պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի գավաթակիր։

Բանն այն է, որ «Բարսելոնան» երեք մրցանակններն էլ նվաճել է միևնույն մարզաշապիկով։ Այն բավականին յուրօրինակն էր, քանի որ Կատալոնիայի դրոշի հիմնական՝ նարնջագույն գույնն էր գերակշռում։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023