«Բարսայի» ու «Ման. Սիթիի» նախկին ֆուտբոլիստը գլխավորեց «Սլովանը» 📸
Յայա Տուռեն նշանակվել է Բրատիսլավայի «Սլովանի» գլխավոր մարզիչ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Կողմերը պայմանագիր են ստորագրել, որը կգործի մինչև 2029թ. հուլիսի 1-ը։
43-ամյա մասնագետը պաշտոնում փոխարինել է Վլադիմիր Վայսին։ Վերջինը «Սլովանը» գլխավորում էր 2021թ. մայիսից։ Անվանի մարզիչը գլխավորել է Սլովակիայի ազգային հավաքականը։
«Սլովանը» Վայսի գլխավորությամբ 6 անգամ անընդմեջ դարձել է Սլովակիայի չեմպիոն, մեկ անգամ էլ նվաճել է երկրի գավաթի տիտղոսը, մասնակցել Չեմպիոնների լիգայի Լիգայի փուլին։
Յայա Տուռեն Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականում, բելգիական «Ստանդարդում», ռուսական «Ախմատում» և ուկրաինական «Օլիմպիկ Դոնեցկում» եղել է գլխավոր մարզչի օգնական։ Նա գլխավորել է միայն «Տոտենհեմի» երիտասարդական թիմը։
Տուռեն առավել հայտնի է ֆուտբոլային կարիերայի ընթացքում «Բարսելոնայում» (2007-10թթ., 116 խաղ, 6 գոլ, 8 ասիստ) և «Մանչեսթեր Սիթիում» (2010-18թթ., 316 խաղ, 82 գոլ, 45 ասիստ) ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։
Նախկին կիսապաշտպանը 92 խաղում 19 գոլ ու 15 ասիստ է գրանցել Կոտ դ’Իվուարի ազգային հավաքականում։ Տուռեն չորս անգամ անընդմեջ` 2011-14 թվականներին, ճանաչվել է Աֆրիկայի տարվա լավագույն ֆուտբոլիստ։
Հիշեցնենք, որ 2022թ. հունվարից «Սլովանում» խաղում է Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml