Անգլիայի գավաթ. Չելսին մեծ դժվարությամբ կոտրեց Լութոն Թաունի դիմադրությունը🎥
Անգլիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում «Չելսին» հյուրընկալվելիս մրցեց Չեմպիոնշիփը ներկայացնող «Լութոն Թաունի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 2-րդ րոպեին «Լութոն Թաունը» Ռիս Բերկի ջանքերով առաջ անցավ հաշվի մեջ։
Բաց թողած գոլից անմիջապես հետո «ազնվականները» տիրեցին նախաձեռնությանն ու 27-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը. աչքի ընկավ Սաուլ Նիգեսը։
Նշենք, որ իսպանացի կիսապաշտպանը լոնդոնյան ակումբի շարքերը համալրելուց հետո խփեց առաջին գոլը։
Թվում էր` կողմերն ընդմիջման կգնան 1:1 հաշվի պայմաններում, սակայն 40-րդ րոպեին Հարի Կորնիկը կրկին առաջ մղեց «Լութոն Թաունին»։
Ամեն դեպքում, Նաթան Ջոնսի սաներն ընդմիջման գնացին հաղթողի կարգավիճակում։
Երկրորդ խաղակեսում Թոմաս Տուխելի թիմն ուներ տոտալ առավելություն ու գնդակին տիրում էր ժամանակի 80%-ը։
Այդ առավելությունը, ի վերջո, տվեց իր արդյունքը, և «թոշակառուները» բեկեցին հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին հաշիվը, այլև հաղթանակ կորզեցին. նախ 68-րդ րոպեին աչքի ընկավ Տիմո Վերները, ապա 78-րդ րոպեին` Ռոմելու Լուկակուն։
Նշենք, որ Վերները, բացի խփած գոլից, դարձավ նաև 2 գոլային փոխանցման հեղինակ։
Այսպիսով, «Չելսին» համառ պայքարում 3:2 հաշվով կոտրեց «Լութոն Թաունի» դիմադրությունը` նվաճելով Անգլիայի գավաթի 1/4 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# FA-Cup, Անգլիայի գավաթ, Թոմաս ՏՈւխել, Լութոն Թաուն, Նաթան Ջոնս, Չելսի, Ռոմելու-Լուկակու, Սաուլ Նիգես, Տիմո Վերներ