Հիասքանչ ֆուտբոլ Փարիզում․ ՊՍԺ-ն դիմացավ Բարսայի անհավանական ճնշմանը🎥

Հիասքանչ ֆուտբոլ Փարիզում․ ՊՍԺ-ն դիմացավ Բարսայի անհավանական ճնշմանը🎥

11/03/2021 - 01:46

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում ՊՍԺ-ն «Պարկ դե Պրենս» մարզադաշտում մրցեց «Բարսելոնայի» դեմ։

Հիշեցնենք, որ երեք շաբաթ առաջ կողմերի միջև կայացած առաջին խաղում փարիզյան ակումբը հաղթել էր 4։1 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա այն գերակտիվ մեկնարկեցին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, որոնք վտանգավոր պահերը մեկը մյուսի հետևից էին ստեղծում։

Միայն Ուսման Դեմբելեն մի քանի անգամ դուրս եկավ հարվածային դիրք, սակայն ֆրանսիացի վինգերը բոլոր դրվագներում հարվածեց ուղիղ ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասի վրա։

23-րդ րոպեին էլ աչքի ընկնելու հիանալի հնարավորություն ուներ արդեն Սերժինիո Դեստը, սակայն նրա հարվածից հետո փարիզյան ակումբին փրկեց դարպասաձողը։

Գրոհեց «Բարսելոնան», սակայն խաղի հաշիվը բացեցին «Փարիզի» ֆուտբոլիստները։ 30-րդ րոպեին Կլեման Լանգլեն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Մաուրո Իկարդիի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը, դիտելով տեսակրկնապատկերը, նշանակեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Կիլիան Մբապեն։

22-ամյա հարձակվողն այս դիմակայության շրջանակում խփեց իր չորրորդ գոլը։ Առաջին խաղում Մբապեն դարձել էր հեթ-տրիկի հեղինակ։

Բաց թողած գոլից հետո էլ Ռոնալդ Կումանի սաներն ունեին առավելություն, ինչը, վերջապես, տվեց իր արդյունքը․ 37-րդ րոպեին Լեո Մեսսին կատարած հեռահար հարվածով դարձավ ֆանտաստիկ գոլի հեղինակ՝ լուսատախտակին վառելով 1։1 հաշիվը։

Նախքան ընդմիջման գնալը «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հաշվի մեջ առաջ անցնելու հիանալի հնարավորություն ստացան։

45+1-րդ րոպեին Լայվին Կուրզավան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Անտուան Գրիզմանի նկատմամբ, ինչից հետո Էնթոնի Թեյլորը 11-մետրանոց հարված նշանակեց արդեն փարզիյան ակումբի դարպասին։

Գնդակին մոտեցավ Լեո Մեսսին, սակայն արգենտինացի հարձակվողի հարվածից հետո Կեյլոր Նավասը հիանալի սեյվի հեղինակ դարձավ՝ փրկելով իր թիմին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 1։1 հաշվի պայմաններում, սակայն «Բարսելոնայի» ֆուտբոլիստների առավելությունն այնքան ակնհայտ էր, որն արտացոլվել է նաև թվերի տեսքով։

Կատալոնական ակումբը միայն առաջին կեսի ընթացքում կատարեց 16 հարված, որոնցից 9-ը դիպուկ էին, իրացրել է 5 անկյունային, իսկ գնդակին տիրում էր 68 %:

Երկրորդ խաղակեսն ավելի հանգիստ մեկնարկեց։ Ակնհայտ էր, որ չիրացրած 11-մետրանոցը գցել էր «Բարսելոնայի» ֆուտբոլիստների տրմադրությունը, և երկար ժամանակ վտանգավոր պահեր չկային։

Երկրորդ կեսի ինչ-որ պահից սկսած «բլաուգրանասի» ֆուտբոլիստները կրկին սկսեցին սուր գրոհներ անցկացնել։ Աչքի ընկնելու լավ պահեր ունեին Սերխիո Բուսկետսը, Ժորդի Ալբան, Լեո Մեսսին, Ֆրանսիսկո Տրինկաոն, սակայն նրանց հարվածները կա՛մ շեղ էին ստացվում, կա՛մ փակվում էին «Պարի Սեն-Ժերմենի» պաշտպանների կողմից կա՛մ էլ հիանալի էր խաղում Կեյլոր Նավասը։

Մաուրիսիո Պոչետինոյի սաները միայն մտածում էին պաշտպանվելու մասին, ինչը կատարում էին հիանալի՝ դիմակայելով կատալոնական ակումբի գրոհների տարափին։

Հանդիպումը մոտենում էր ավարտին․ «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կարծես թե հասկացել էին, որ այլևս չեն կարող comeback անել և շարունակել պայքարը, ինչից հետո խաղը հիմնականում հանգստացավ։

Այսպիսով, խաղում այևս գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 1։1 հաշվով, ինչը նշանակում է, որ ՊՍԺ-ն երկու խաղերի արդյունքում հաղթեց 5։2 հաշվով և պայքարը կշարունակի Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակչի շրջանակում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023