Թրիլլեր Մադրիդում. Ռեալը 90+9-րդ րոպեին ֆանտաստիկ comeback արեց Ալմերիայի դեմ խաղում🎥

Թրիլլեր Մադրիդում. Ռեալը 90+9-րդ րոպեին ֆանտաստիկ comeback արեց Ալմերիայի դեմ խաղում🎥

21/01/2024 - 21:21

Իսպանական Լա լիգայի 21-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց առաջնության ակնհայտ հետնապահ «Ալմերիայի» դեմ։

Հանդիպումը, պարզապես, շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 37-րդ վայրկյանին հյուրերը Լարժի Ռամազանիի ջանքերով բացեցին հաշիվը։

Առաջին խաղակեսում «արքայական» ակումբն այդպես էլ ուշքի չեկավ նման մեկնարկից և ոչ մի  գոլային պահ չստեղծեց Լուիշ Մաշիմիանուի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

Դեռ ավելին` 43-րդ րոպեին «Ալմերիան» կրկնապատկեց իր առավելությունը. հեռահար հարվածով ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Էդգար Գոնսալեսը։

Կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկից Կառլո Անչելոտիի թիմը նետվեց առաջ` կորցրածը հետ բերելու։

Տանտերերը 56-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին. Ջուդ Բելինգհեմը դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։

Այդուհանդերձ, 62-րդ րոպեին Գայիսկա Գարիտանոյի սաները վերականգնեցին երկու գնդակի առավելությունը, սակայն գլխավոր մրցավար Ֆրանսիսկո Մայեսոն, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, չեղարկեց Սեխիո Արիբասի խփած գոլը։

67-րդ րոպեին «Ռեալը» խփեց երկրորդ պատասխան գոլը, որն իր անվան դիմաց գրանցեց Վինիսիուսը։

Նշենք, որ այդ դրվագում նույնպես Մայեսոն տևական ժամանակ դիտում էր դրվագի տեսակրկնապատկերը, սակայն, ի վերջո, արձանագրվեց բրազիլացի վինգերի գոլը. մրցավարները կասկածում էին, որ վերջինս մրցակցի դարպասը գրավել է ձեռքով։

Խաղավերջում էլ «արքայական» ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն և, ի վերջո, 90+9-րդ րոպեին հաղթանակ կորզեց. հերոսացավ Դանի Կարվախալը։

Այսպիսով, հանդիպումն ավարտվեց 3:2 հաշվով, ինչից հետո «Ռեալը» վաստակեց 51 միավոր` գլխավորելով Լա լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Ալմերիան», 6 միավորով, վերջինն է` 20-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023