Տուխելը ձեռնունայն թողեց Պեպին․ Չելսին ուղևորվում է եզրափակիչ🎥

Տուխելը ձեռնունայն թողեց Պեպին․ Չելսին ուղևորվում է եզրափակիչ🎥

17/04/2021 - 22:26

Անգլիայի գավաթի՝ Fa Cup -ի կիսաեզրափակչի շրջանակում Լոնդոնի «Ումեբլի» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին»։

Հանդիպման առաջին խաղակեսում խաղը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն կարելի է ասել, որ «ազնվականների» գրոհներն ավելի վտանգավոր էին։

Այդ գրոհներից մեկն էլ արդեն 7-րդ րոպեին ավարտվեց խփված գնդակով, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Մայք Դինը Հակիմ Զիեշի փխած գոլը չեղարկեց, քանի որ նախքան դարպասի գրավումը Տիմո Վերները եղել էր խաղից դուրս վիճակում։

21-րդ րոպեին էլ աչքի ընկնելուն մոտ էր Բեն Չիլվելը, սակայն անգլիացի լատերալի հարվածը մոտ տարածություն չստացվեց, իսկ գնդակը շեղ ընթացավ։

Առաջին կեսի մնացած ժամանակահատվածում ավելի շատ տեսանք դիրքային պայքար, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում՝ 55-րդ րոպեին, լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստները, ի վերջո, բացեցին խաղի հաշիվը։ «Չելսիի» ֆուտբոլիստները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում Տիմո Վերները դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Հակիմ Զիեշին, ով էլ առաջ մղեց իր թիմին։

Հատկանշական է, որ «Սիթիի» բաց թողած գոլում իր մեղքի մասնաբաժինն ուներ Զաք Շտեֆենը, քանի որ ամերիկացի դարպասպահն անհաշվենկատ դուրս եկավ իր տեղից, ինչի արդյունքում էլ խփվեց գոլը։

60-րդ րոպեին Հակիմ Զիշեը ևս մեկ գոլային պահ ունեցավ։ Մարոկկացի կիսապաշտպանը մեն-մենակ էր մնացել Շտեֆենի դիմաց, սակայն 26-ամյա դարպասապահն այս անգամ փրկեց իր թիմին։

Այդ դրվագից հետո «քաղաքաբնակները» սկսեցին տիրել նախաձեռնությանը, ովքեր նետվեցին առաջ՝ փորձելով փրկել այս հանդիպումը։

Պեպ Գվարդիոլայի սաներն ունեին առավելություն, սակայն խաղում սրություն չէին կարողանում մտցնել։ Այս խաղում «Սիթին» իր ամենավտանգավոր պահը ստեղծեց միայն 84-րդ րոպեին, սակայն Ռահիմ Սթերլինգը նպաստավոր դիրքից բարձր հարվածեց։

Դեռ ավելին՝ 90+3-րդ րոպեին Քրիստիան Պուլիշիչը կրկնապատկեց «կապույտների» առավելությունը, սակայն «Չելսիի» խփած գոլը կրկին չարձանագրվեց, քանի որ ամերիկացի վինգերը եղել էր խաղից դուրս վիճակում։

Ամեն դեպքում, «Չելսիին» հաջողվեց պահպանել հաղթանակ հաշիվը և նվաճել Անգլիայի գավաթի եզրափակչի ուղեգիր, որի շրջանակում սույն թվականի մայիսի 15-ին կմրցի «Լեսթեր» – «Սաութհեմպտոն» զույգի հաղթողի դեմ։ Կիսաեզրափակիչ երկրորդ հանդիպումն էլ կկայանա ապրիլի 18-ին՝ Երևանի ժամանակով 21։30-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023