FA Cup. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը?

FA Cup. հայտնի են կիսաեզրափակչի զույգերը?

29/06/2020 - 01:24

Երեկ՝ հունիսի 27-ին, և այսօր՝ հունիսի 28-ին, կայացան Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի հանդիպումները։

Առաջին քառորդ եզրափակիչ հանդիպման շրջանակում «Նորվիչը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։ «Կարմիր սատանաները» ողջ խաղի ընթացքում ունեին տոտալ առավելություն, սակայն այդպես էլ հիմնական ժամանակում չկարողան հաղթանակ կորզել։

Նախ 51-րդ րոպեին «Յունայթեդին» առաջ մղեց Օդիոն Իգալոն, սակայն 74-րդ «կաչաղակների» կազմից պատասխան գնդակը խփեց Թոդ Կենտվելը։ Խաղի հիմնական ժամանակն այդպես էլ ավարտվեց, սակայն նախքան լրացուցիչ ժամանակի մեկնարկը՝ 89-րդ րոպեին, «Նորվիչի» կազմից վերջին հույսի խախտման համար խաղադաշտից հեռացվեց Թիմ Կլոզեն, ինչն էլ վճռորոշ եղավ խաղի հետագա ընթացքի վրա։

Լրացուցիչ ժամանակում հյուրերը էլ ավելի մեծացրին իրենց ճնշումը, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում խփել հաղթանական գնդակը, և երբ թվում էր, թե խաղում կնշանակվեն 11 մետրանոց հարվածներ, «Յունայթեդի» ֆուտբոլիստներին հաջողվեց 118-րդ րոպեին խփել այդքան սպասված գոլը։ Անկյունայինի խաղարկումից հետո հյուրերի գրոհը երկրորդ տեմպ ստացավ, ինչի արդյունքում Հարի Մագուայերը խառնաշփոթ իրավիճակում գրավեց Թիմ Կրուլի պաշտպանած դարպասը՝ իր թիմին դուրս բերելով մրցաշարի կիսաեզրափակիչ։

Ոչ պակաս դրամատիկ պայքարում անցավ նաև «Շեֆիլդ Յունայթեդ» – «Արսենալ» հանդիպումը։ Խաղը մեկնարկել էր «Շեֆիլդի» բուռն գրոհներով, և 8-րդ րոպեին տանտերերը բացեցին խաղի հաշիվը․ ակյունայինի խաղարկումից հետո աչքի էր ընկել Ջոն Լունդստրոմը, սակայն անգլիացի կիսապաշտպանի գոլը VAR համակարգը չարձանագրեց՝ արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Առաջին խաղակեսի միջնամասում «Արսենալը» քիչ-քիչ խաղը տեղափոխեց մրցակցի կիսադաշտ, ինչի արդյունքում 23-րդ րոպեին «զինագործները» 11 մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին, որն անվրեպ իրացրեց Նիկոլա Պեպեն։

Խաղի մնացած ժամանակահատվածում «Արսենալի» ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, քան որ տանտերերը կխփեն պաստխան գնդակը, սակայն երկար ժամանակ կողմերին չէր հաջողվում աչքի ընկնել։

87-րդ րոպեին, ի վերջո, «Շեֆիլդի» ֆուտբոլիստները խփեցին պատասխան գնդակը։ Եզրային նետումից հետո «Արսենալի» ֆուտբոլիստները չկարողացան հաջողությամբ հեռացնել գնդակը, ինչի արդյունքում այն հայտնվեց Դևիդ Մակգոլդրիգի մոտ, ով մոտ տարածությունից ռմբահարեց դարպասը՝ հավասրեցնելով հաշիվը։

Թվում էր՝ խաղի հիմնական ժամանակը կավարտվի 1։1 հաշվով, սակայն «զինագործները» հաղթանակ կորզեցին խաղի վերջում։ «Շեֆիլդի» հերթական չստացաված գրոհից հետո Միկել Արտետայի սաները նետվեցին հակագրոհի, ինչի արդյունքում հաղթական գնդակը խփեց Դանի Սեբալյոսը։

Հետաքրքիր դիմակայություն էր սպասվում նաև «Լեսթերի» «Քինգ Փաուեր» մարզադաշտում, որտեղ «աղվեսների» մրցակիցը «Չելսին» էր։ Կողմերը հարևաններ են նաև Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ «Չելսին» զբաղեցնում է չորրորդ, իսկ «Լեսթերը»՝ երրորդ հորիզոնականը։

Առաջին խաղակեսը մեծամասամբ անցավ «Լեսթերի» առավելությամբ, սակայն «Չելսին» էլ հետ չէր մնում և հենց «ազնավականները» ստեղծեցին առաջին խաղակեսի ամենավտանգավոր գոլային պահը, երբ 31-րդ րոպեին Ռոս Բարկլին հարվածային դիրք դուրս բերեց Քրիստիան Պուլիշիչին, սակայն ամերիկացի վինգերի կատարած հուժկու հարվածից հետո Կասպեր Շմեյխելը դարձավ գեղեցիկ սեյվի հեղինակ։

Երկրորդ խաղակեսն էլ մեծամասամբ անցավ հավասար պայքարում։ 63-րդ րոպեին, սակայն, «Չելսին» բացեց խաղի հաշիվը։ Աջ եզրում զարգացած գեղեցիկ գրոհի արդյունքում Վիլիանի կատարած փոխանցումից հետո Ռոս Բարկլին բացեց խաղի հաշիվը, որը, ինչպես հետագայում պարզվեց, դարձավ հաղթական գոլ։

Ակնհայտ է, որ «Լեսթերը» խաղային խնդիրներ ունի կորոնադադարից հետո։ Բրենդան Ռոջերսի սաներն արդեն անցկացրել են 3 հանդիպում և այդ խաղերում կարողացել են դառնալ միայն 1 գոլի հեղինակ, իսկ «Չելսին», ընդհակառակը, հիանալի կերպով է վերադարձել մեծ ֆուբտոլ․ օրեր առաջ Ֆրենկի Լեմպարդի սաները 2։1 հաշվով հաղթեցին նաև «Մանչեսթեր Սիթիին», իսկ դրանից առաջ 1։2 հաշվով հյուրընկալվելիս հաղթել էին «Աստոն Վիլլային»։

Այսպիսով, «Չելսին» պայքարը կշարունակի կիսաեզրափակիչում։

Վերջին քառորդ եզրափակչի շրջանակում էլ միմյանց դեմ դուրս եկան «Նյուքասլն» ու «Մանչեսթեր Սիթին»։ Պեպ Գվարդիոլայի սաները ողջ խաղի ընթացքում անհավանական առավելություն ունեին և կարող էին մրցակցի դարպասը գրավեին մի քանի անգամ, սակայն բավարարվեցին միայն երկու գոլով։

Նախ առաջին խաղակեսի վերջնամասում՝ 37-րդ րոպեին, 11 մետրանոցից աչքի ընկավ Կևին դե Բրոյնեն, իսկ 68-րդ րոպեին հյուրերի առավելությունը կրկնապատկեց Ռահիմ Սթերլինգը։

Այսպիսով, կիսաեզրափակիչ դուրս եկան «Մանչեսթեր Յունայթեդը», «Արսենալը», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին»։

Այսօր՝ հունիսի 29-ին՝ ուշ երեկոյան, կայացել է կիսաեզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորվել են հետևյալ զույգերը․

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Չելսի»

«Արսենալ» – «Մանչեսթեր Սիթի»

Հանդիպումները կկայանան հուլիսի 18-19-ին՝ «Ուեմբլի» մարզադաշտում՝ առանց հանդիսականների ներկայության։

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023