Բարսան ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց՝ նվաճելով Իսպանիայի գավաթը🎥

Բարսան ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց՝ նվաճելով Իսպանիայի գավաթը🎥

18/04/2021 - 01:20

Իսպանիայի գավաթի՝ Copa del Rey -ի 2020/21 խաղարկության եզրափակչի շրջանակում Սևիլիայի «Օլիմպիական» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին «Բարսելոնան» ու Բիլբաոյի «Ատլետիկը»։

Ինչպես և սպասվում էր, հանդիպման առաջին խաղակեսն անցավ կատալոնական ակումբի բացահայտ առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ունեին հսկայական տարածքային առավելություն և գնդակին տիրում էին ժամանակի 84%-ը։

Այդ տարածքային առավելությունն էլ նպաստեց, որ ստեղծվեն մի շարք իրական գոլային պահեր։ Հատկապես հիշատակման է արժանի 5-րդ րոպեին Ֆրենկի դե Յոնգի դրվագը, երբ հոլանդացի կիսապաշտպանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Չնայած այդ առավելությանը՝ Ռոնալդ Կումանի թիմը ոչ մի կերպ չկարողացավ նախքան ընդմիջման գնալը բացել խաղի հաշիվը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում «բլաուգրանասի» առավելությունն առավել քան ակնհայտ էր։ «Բարսայի» ֆուբտոլիստները վտանգավոր պահերը ստեղծում էին մեկի մյուսի հետևից, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Անտուան Գրիզմանը, Պեդրին ու Սերխիո Բուսկեստը․ ամեն անգամ ինչ-որ բան չէր հերիքում դաշտի նոմինալ հյուրերին։

Այդ հսկայական ճնշումը չէր կարող էր իր պտուղները չտալ, և 60-րդ րոպեին «կապտանռնագույնները», ի վերջո, բացեցին խաղի հաշիվը․ Ֆրենկի դե Յոնգի՝ աջ եզրից կատարած փոխանցումից հետո աչքի ընկավ Անտուան Գրիզմանը։

Այդ գոլից հետո Մարսելինո Գարիսա Տորալի թիմը պարզապես քանդվեց, իսկ գնդակները սկսեցին հերթով հայտնվել բասկյան ակումբի դարպասում․ 63-72-րդ րոպեների ընթացքում «Ատլետիկի» դարպասապահ Ունայի Սիմոնը ևս երեք գնդակ հանեց սեփական դարպասից․ նախ վերջապես իր գոլը խփեց Ֆրենկի դե Յոնգը, ապա դուբլի հեղինակ դարձավ Լեո Մեսսին։

«Բարսան» մի քանի րոպեի ընթացքում կազմաքանդ արեց «Ատլետիկին», իսկ խաղավարտին մոտ հանդիպումը մոտեցրեց իր տրամաբանական և հաղթական ավարտին։

Այսպիսով, «Բարսելոնան» 4։0 հաշվով պարզապես ջախջախեց «Ատլետիկին»՝ ակումբի պատմության մեջ 31-րդ անգամ նվաճելով Իսպանիայի գավաթը։

Բասկյան ակումբն էլ երկու շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ պարտվեց գավաթի եզրափակչում։

Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին Մարսելինոյի թիմը նույն մարզադաշտում Իսպանիայի գավաթի 2019/20 խաղարկության եզրափակչում 0։1 հաշվով պարտվեց «Ռեալ Սոսիեդադին»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023