Երեք մետր երկնքի մակարդակից վերև. հիացնող Բորուսիան

Երեք մետր երկնքի մակարդակից վերև. հիացնող Բորուսիան

30/01/2019 - 03:48

Տարիներ շարունակ Բունդեսլիգայում իրեն հավասարը չունեցող «Բավարիային» փորձում են գահընկեց անել։ Այս բացառիկ արկածախնդրության հեղինակները Դորտմունդից են` Ռուրյան շրջանի հեղափոխականները։ Լուսյեն Ֆավրի գալով՝ «մեղուները» ձեռք բերեցին մարզչի, ով ունակ է 0-ից թիմ կառուցել, խաղացողներից առավելագույնը քաղել. այո, հենց այն նույն Ֆավրը, ով ժամանակին Գլադբախի «Բորուսիայի» հաջողության գլխավոր արարիչը դարձավ, հենց այն նույն Ֆավրը, ում հետ ժամանակին հաջողությամբ Արթուր Պետրոսյանն էր աշխատել, հենց այն նույն Ֆավրը, ով ֆուտբոլային աշխարհի համար Մարկո Ռոյսի պես ֆուտբոլիստ բացահայտեց, իսկ դրանից առաջ շվեյցարական ֆուտբոլը բարձրացրեց նոր մակարդակի վրա։ Հիմա նա իր «դեղին բանդայի» հետ միասին Բունդեսլիգայի արծաթե սկուտեղին է հավակնում։ Բայց սա չէ կարևորը. հնարավոր է անգամ, որ «Բորուսիան» չեմպիոն էլ չդառնա, սակայն այդուամենայնիվ, այս թիմը արդեն թողել է իր հետքը 2018/2019 մրցաշրջանի այբուբենում։

Հարց կառաջանա՝ ինչու այսպես ստացվեց և որ ամենակարեւորն է՝ ինչպես։ Պատճառները մի քանիսն են. նախ իհարկե այս իրավիճակին մեծապես նպաստեց «Բավարիայի» անկումը: Ճիշտ է՝ հիմա մյունխենցիները կարծես ուշքի են գալիս «սառը ցնցուղից», բայց այն, որ այս պահին Կովաչի կոլեկտիվը գտնվում է վերակառուցման փուլում, փաստ է։ Սերնդափոխություն, խնդիրներ հանդերձարանում, մարտավարության տեսանկյունից ոչ այնքան ուժեղ մարզիչ և իհարկե մոտիվացիայի պակաս։ Այո, «Բավարիայի» խնդիրներն ակներև են, բայց դրանից դեռ օգտվել էր պետք։ Հայտնվել ճիշտ ժամանակին ու ճիշտ վայրում և օգտվել մրցակցի թերացումներից՝ նույնպես արվեստ է, որը թերագնահատել չի կարելի։ Հիմա խոսենք ավելի լուրջ պատճառներից.

Անոմալ ռեալիզացիա ու իդեալական խաղային մոդել

Ուսումնասիրելով վիճակագրությունը՝ կնկատենք, որ «Բորուսիան» մեկ խաղում դարպասին հարվածում է միջինը 13 անգամ։ Այս ցուցանիշով Ֆավրի սաները Բունդեսլիգայում 10-րդ հորիզոնականն են զբաղեցնում։ Գումարած այս ամենին, հեռավոր դիրքերից հարվածները բավականին սակավ են, այս ցուցանիշով էլ «մեղուները» միայն 15-րդն են Բունդեսլիգայում։ Փոխարենը տուգանային հրապարակում կատարած հարվածներով Ռուրյան ակումբը գտնվում է 4-րդ հորիզոնականում։ Սա նշանակում է, որ հանպատրաստից հարվածներ ուղղակի չկան, անբարենպաստ դիրքերից մոտեցումներ չեն կազմակերպվում, յուրաքանչյուր շարժում հարձակման գծում մանրամասն մշակված է, եռանկյունիներ, որոնք մրցակցի համար իսկական գլուխկոտրուկ են դառնում. ասել է թե, մարզիչը գտել է տվյալ կազմի համար խաղային լավագույն մոդելը։

Յուրաքանչյուրը իր անելիքը հիանալի գիտի

Մարկո Ռոյսի ամենաարդյունավետ մրցաշրջանը 2012 թվականին կյանքի կոչվեց։ 18 գոլ, որը նա հեղինակեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» կազմում և դա պատահական չէր. չմոռանանք, որ այն ժամանակ գլադբախցիներին հենց Լուսյեն Ֆավրն էր մարզում։ Այս պահին Ռոյսի ակտիվում միայն Բունդեսլիգայում արդեն 12 ճշգրիտ հարված կա եւ սա այն դեպքում, երբ 2-րդ խաղաշրջանը դեռ նոր է սկսվել։

Դորտմունդը կիրառում է այնպիսի ինտենսիվ պրեսինգ, որ մրցակցի դասավորությունը ուղղակի ճեղքվածք է ստանում:

Շվեյցարացին մեծ ուշադրություն է դարձնում պաշտպանությունից հարձակման տեղափոխող ֆազաների վրա, կարողանում է տարածություն գտնել հատվող գծերի արանքում ու հրաշալի է կազմակերպում հարձակում հատկապես 2-րդ տեմպով։

Ուշադիր նայելով լուսանկարներին` կնկատեք, որ ռազմաճակատի գլխավոր ուղիները շրջափակված են «Բորուսիայի» խաղացողներով, սա կոչվում է դիրքային զսպող դասավորություն, և երբ ամեն ինչ լավ է ընթանում, հակառակորդը անհաջողության է դատապարտված։ Ահա հենց այս մոդելի շնորհիվ Մարկո Ռոյսը կրկին իր խաղային ակունքներին վերադաձավ, թիմը կոնկրետ այն ոճով է խաղում, որը ամբողջովին Մարկոյի սրտով է։ Հետ քաշված ենթահաձակվող, ով հաճախ կենտրոն է տեղաշարժվում ու գործում է դեմքով առաջ՝ դեպի մրցակիցի դարպասը։

Պակո Ալկասերի բարձր արդյունավետվությունը նույնպես խաղային նոր մոդելի պտուղ է։ Իսպանացին տարատեսակ գոլերի հեղինակ է դարձել, բայց գլխավոր շեշտը հետևյալի վրա է դրված. Ալկասերը բացվում է այսպես կոչված՝ «խաղից դուրս իրավիճակի գծի» վրա, ստանում գնդակը, շրջանցում մրցակցին ու այնուհետև այն դարպասը ուղարկում։ Ներխուժել տուգանային հրապարակ, թաքնվել մրցակցի թիկունքում, առանց հարմարվելու հարվածել, պայքարել «անհույս» գնդակների համար, հափշտակել դրանք պաշտպաններից… այս ամենը «Բարսելոնայի» խաղային մոդելի մեջ չէր ընդգրկվում, իսկ Ֆավրի տակտիկական սխեմայում «օդի ու ջրի» նման է հարկավոր։ Հեղինակած 12 գոլերը խոսքերի վառ ապացույցն են։ Այս ամենից զատ, Պակոն չի «նեղվում» խաղը պահեստայինների նստարանից սկսել (երևի թե «Բարսելոնայից» միայն սա նրան օգուտ մնաց), ավելին՝ պահեստայինների նստարանին մնալու փաստը Ալկասերը որպես առավելություն է օգտագործում։ Դուրս գալով փոխարինման՝ գրեթե միշտ գոլի հեղինակ է դառնում։

Եւս մի ֆուտբոլիստ, ում դերը ժամանակակից «Բորուսիայում» թերագնահատել չի կարելի՝ Աքսել Վիտսել։ 4-2-3-1 մարտավարական սխեմայի մեջ բելգիացին պատասխանատու է այսպես կոչված՝ «բոքս թու բոքս» դիրքի համար։ Նա համակարգող օղակ է պաշտպանության ու հարձակման միջև։ Վիտսելի գլխավոր առավելությունն է վարել գնդակը այն ժամանակ, երբ ուժեղ ճնշման տակ է գտնվում։ Բելգիացու կատարած փոխանցումների ճշգրտությունն 92 տոկոսի է հասնում, խլումների քանակով էլ Բունդեսլիգայում լավագուններից մեկն է։ Այո, հաճախ ստվերում է մնում, բայց մեղվի աշխատանք է կատարում թե գնդակով և թե առանց գնդակի։

Վերոնշյալ մոդելը օգնում է նաև դաշտի եզրերում աշխատող խաղացողներին։ Պիշչեկի ու Հակիմիի միացումները պայթունավտանգ են գրեթե բոլոր խաղերում։ Ի դեպ, վերջինս կարող է խաղալ և՛ աջ, և՛ ձախ եզրերում։ Իսկ ահա Ջեյդոն Սանչոն, ընդհանարապես, այս մրցաշրջանի գլխավոր բացահայտումներց մեկը դարձավ։ Մրցակիցները նրա տեղաշարժը խաթարել ուղղակի չեն կարողանում։ Տրեքուարտիստայի գոտու համար էլ` Ֆավրը իր զինանցում 6 բարձրակարգ ֆուտբոլիստ ունի` Կագավան, Գյոտցեն, Վոլֆը, Լարսենը, երբեմն էլ Պուլիշիչն ու Դաուդը։ Սա է հենց պատճառը, որ ինտեսնիվ ռոտացիան հղի չէ լուրջ հետեւանքներով, այլ հակառակը՝ հաջողության գլխավոր գրավականներից է։ Լուսյեն Ֆավրը ընդամենը մեկ փոխարինումով կարող է այնպես ազդել խաղի վրա, որ մրցակցի մարզիչը մնա զարմացած։

Ֆուտբոլ խաղի հանդեպ սերը

Դորտմունդում իսկական գաղափարակիցներ են հավաքվել` մեկ թիմ, մեկ ընտանիք, կուռ կոլեկտիվ, ամուր ընկերական հարաբերություններ և մի ընդհանուր նպատակ։ Խաղացողները մարզչի համար են խաղում, մարզիչն էլ աշխատում է խաղացողների համար։ Այստեղ փողի համար չեն խաղում, այստեղ չկան գերխոշոր պայմանագրեր, այստեղ չկա փիառ, ներկայիս «Բորուսիան» անգլիական «Լիվերպուլի» հետ միասին, ռոմանտիկ ֆուտբոլի վերջին մոհիկաններն են. կոպիտ ասած՝ «մեռնող» տեսակ։

Գրագետ մարտավարության կողքին Ֆավրը չի մոռանում նաև հոգեբանական գործոնի մասին։ Հզոր տակտիկ ու հմուտ ռազմավար լինելուց բացի, շվեյցարացին նաև ուժեղ մոտիվատոր է, իսկ այս բառի լավ իմաստով՝ երեխայի հոգեբանությամբ օժտված, տղաների համար ֆուտբոլը կարծես իսկական տարերք լինի, որտեղ չկան հաշվարկներ ու մեծ գումարներ, այլ կան հույզեր, ադրենալին ու անսահման սեր խաղի հանդեպ։ Այդիսկ պատճառով, թող չափազանցված չհնչի` այս «Բորուսիան» նոր պատմություն է կերտում ու միևնույնն է, դա կանի նաև այն ժամանակ, եթե անգամ չեմպիոն էլ չդառնա։

Ցավոք, «մեղուների» այս կազմը հազիվ թե երկար կյանք ունենա։ Ամռանը «Բորուսիան» հերթական անգամ «դոնոր» կդառնա գրանդ ակումբներ համար. ու սա զարմանալի չէ, այլ օրինաչափ. երեք մետր երկնքի մակարդակից վերև գտնվում են կյանքում միայն մեկ անգամ…:

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023