Նեյմարը մեկնել է Բարսելոնա` նախկին խաղընկերների հետ տոնելու Լա լիգայի չեմպիոնությունը 🎥
«Բարսելոնան» Լա լիգայի 34-րդ տուրում հյուրընկալվելիս 4:2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
Այդ հաղթանակից հետո «բլաուգրանան» վաստակեց 85 միավոր և առաջնության ավարտից 4 տուր առաջ դարձավ Լա լիգայի չեմպիոն։
Համացանցում տեսանյութ է տարածվել, թե ինչպես է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը ժամանել Բարսելոնա` «բլաուգրանայի» նախկին խաղընկերների հետ մասնակցելու չեմպիոնական տոնախմբությանը։
Ինչպես հայտնում է Diario Sport-ը, բրազիլացի ֆուտբոլիստը Կատալոնիայի մայրաքաղաք է ժամանել դեռևս մայիսի 14-ին և «Էսպանյոլի» դեմ խաղից հետո «Բարսելոնայի» մի շարք ֆուտբոլիստների հետ գնացել է Carpe Diem գիշերային ակումբ։
Աղբյուրի փոխանցմամբ` Նեյմարը մինչ օրս հիանալի հարաբերություններ է պահպանում «Բարսելոնայի» ֆուտբոլիստներ Մարկ-Անդրե Տեր Շտեգենի, Սերխիո Բուսկետսի, Սերժի Ռոբերտոյի և Ժորդի Ալբայի հետ։
Հավելենք, որ Նեյմարն իրավունք է ունեցել լքել Փարիզը, քանի որ ՊՍԺ-ի ֆուտբոլիստներին երկու օր հանգիստ է տրվել Լիգա 1-ի 35-րդ տուրում «Այաչոյի» դեմ կայացած խաղից (5:0) հետ։
Բացի դրանից, 31-ամյա ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է վնասվածքից և ընթացիկ մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գալու։
Հավելենք, որ Նեյմարը «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2013-2017 թթ.` անցկացրած 186 խաղում դառնալով 105 գոլի և 76 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժորդի Ալբա, Լա-լիգա, Մարկ-Ադնրե Տեր Շտեգեն, Նեյմար, ՊՍԺ, Սերժի Ռոբերտո, Սերխիո Բուսկետս