Արսենալը Մուդրիկի տրանսֆերը ձախողելուց հետո ցանկանում է ձեռք բերել Բարսելոնայի վինգերին
«Արսենալը» ոչ մի կերպ չկարողացավ ավարտին հասցնել «Շախտյորի» եզրային հարձակվող Միխայիլ Մուդրիկի գործարքը. երիտասարդ վինգերն, ի վերջո, տեղափոխվեց «Չելսի»։
Ինչպես տեղեկացնում է Evening Standard-ը, «զինագործները» Մուդրիկի գործարքը ձախողելուց հետո այժմ ցանկանում են ձեռք բերել «Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինիային։
Աղբյուրի փոխանցմամբ` լոնդոնյան ակումբի սպորտային տնօրեն Էդուն արդեն կապվել է բրազիլացի ֆուտբոլիստի գործակալ Դեկուի հետ, որպեսզի քննարկի հավանական տեղափոխության մանրամասները։
Հատկանշական է, որ «Արսենալը» դեռևս 2022 թ. ամռանը փորձել է ձեռք բերել Ռաֆինիային, սակայն բրազիլացի հարձակվողի ընտրությունը կանգ առավ «բլաուգրանայի» վրա։
Նշվում է, որ Ռաֆինիայի` «Բարսելոնայի» շարքերը համալրելուց հետո Էդուն շարունակել է պարբերաբար հետևել 26-ամյա վինգերի խաղը և ցանկանում է օգտվել ստեղծված իրավիճակից, քանի որ վերջինս կորցրել է տեղը «կապտանռնագույնների» մեկնարկային կազմում։
«Արսենալի» մարզչական շտաբը կարծում է, որ Պրեմիեր լիգայի չեմպիոն դառնալու համար թիմին հարձակման գծում անհրաժեշտ են լրացուցիչ ուժեր։
Այդուհանդերձ, «Բարսելոնան» դեռևս չի պատրաստվում վաճառել Ռաֆինիային` չնայած բրազիլացի ֆուտբոլիստը չի արդարացնում «բլաուգրանայի» մարզչական սպասելիքները։
Ըստ Diaro Sport-ի տեղեկությունների` «կապտանռնագույնները» Ռաֆինիայի տրանսֆերի դիմաց ցանկանում են ստանալ նվազագույնը 100 մլն եվրո և միայն նման առաջարկի դեպքում կդիարկեն նրան վաճառելու տարբերակը։
Mundo Deportivo-ն էլ, հղում կատարելով 26-ամյա ֆուտբոլիստին մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում է, որ բրազիլացի ֆուտբոլիստն ընթացիկ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից» և ցանկանում է հաջողությունների հասնել ակումբի հետ։
Հավելենք, որ Ռաֆինիան «Բարսելոնայի» կազմում ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Բարսելոնա, Էդու, Միխայիլ Մուդրիկ, Ռաֆինյա-Լիդս, տրանսֆերներ