Ֆանտաստիկ Ժիրու! Միլանը հաղթեց Նապոլիին` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը🎥
Իտալական Ա սերիայի 28-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում, որտեղ «Նապոլին» մրցեց «Միլանի» դեմ։
Հանդիպման սկզբնամասն անցավ հիմնականում «Նապոլիի» ֆուտբոլիստների առավելությամբ, սակայն «ռոսոներիները» քիչ-քիչ հավասարեցրին խաղն ու գնդակը հեռացրին սեփական տուգանային հրապարակի մատույցներից։
Առաջին կեսի միջնամասում վերջնամասում հիմնականում դիրքային պայքար ընթացավ, ինչի արդյունքում կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
«Միլանը», կարելի է ասել, երկրորդ կեսն սկսեց մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 49-րդ րոպեին Օլիվիե Ժիրուի ջանքերով բացեցին խաղի հաշիվը։
Ոգևորգված ձեռք բերածով` Ստեֆանո Պիոլիի սաները 55-րդ րոպեին կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Իսմայիլ Բենասերի կատարած բիլիարդային հարվածից հետո «Նապոլիին» փրկեց դարպասապահ Դավիդ Օսպինան։
Այդ դրվագից հետո մասամբ խաղը հանգստացավ, սակայն, ինչ-որ պահից սկսած, նեապոլիտանական ակումբը բոլոր ուժերը նետեց առաջ` փրկելու հանդիպումը։
Այդուհանդերձ, հյուրերը շատ գրագետ էին պաշտպանվում, իսկ Լուչիանո Սպալետիի սաների գործողություններում չկար սրություն։
Ի վերջո, «Միլանը» հաղթեց 1:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 60 միավոր, շրջանցեց թե՛ «Ինտերին» ու թե՛ «Նապոլիին»` գլխավորելով Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։
«Ինտերը», որն ունի 58 միավոր, համաքաղաքացիների համեմատ, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։
«Նապոլին» մնաց 57 միավորով և զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Դավիդ Օսպինա, Ինտեր, Իսմայիլ Բենասեր, Լուչիանո-Սպալետի, Միլան, Նապոլի, Ստեֆանո Պիոլի, Օլիվիե Ժիրու