Չելսին գլխավոր մարզչի չորս թեկնածու է դիտարկում
Վերջին շրջանում «Չելսիի» գրանցած արդյունքները, մեղմ ասած, չեն կարող գոհացնել ոչ ակումբի ղեկավարներին, ոչ էլ երկրագուներին։
Ինչպես տեղեկացնում է The Independent-ը, այդ ամենից ելնելով էլ, ակումբի ղեկավարները սկսել են գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկել մի շարք թեկնածուների։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ֆրենկ Լեմպարդի հավանական փոխարինողների ցուցակում հայտնվել են չորս թեկնածուներ։ Խոսքը վերջերս ՊՍԺ-ի գլխավոր մարզչի պաշտնոից հեռացված Թոմաս Տուխելի, «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի, ինչպես նաև «Լեսթերի» ու «Սաութհեմպտոնի» ներկայիս գլխավոր մարզիչներ Բրենդան Ռոջերսի և Ռալֆ Հազնհյութլի մասին է համապատասխանաբար։
Հաղորդվում է նաև, որ, չնայած ակումբը նոր գլխավոր մարզչի թեկնածուններ է քննարկում, «թոշակառուները» չեն պատրաստվում կտրուկ քայլերի դիմել և դեռևս մտադիր են հնարավորություն տալ Ֆրենկ Լեմպարդին։ «Կապույտների» ղեկավարությունն անհանգստացած է վերջին արդյունքներից և ակումբի մարզավիճակից, սակայն Լեմպարդը շարունակում է վայելել ղեկավարների վստահությունը։
Հավելենք, որ Պրեմիեր լիգայի շրջանակում կայացած վերջին 6 խաղերում «Չելսին» տոնել է ընդամենը 1 հաղթանակ` այդ ընթացքում կրելով 4 պարտություն, ինչի հետևանքով լոնդոնյան ակումբը կայացած 17 խաղերից հետո վաստակած 26 միավորով նահանջել է 9-րդ հորիզոնական։
# ԱՊԼ, Բրենդան Ռոջերս, Թոմաս ՏՈւխել, Լեսթեր, Մասիմիլիանո-Ալեգրի, Յուվենտուս, Չելսի, ՊՍԺ, Ռալֆ Հազնհյութլ, Սաութհեմփթոն, Ֆրենկ-Լեմպարդ