Վարդին վերջ դրեց Յունայթեդի արտագնա հանդիպումների ռեկորդային շարքին🎥
Դեկտեմբերի 26-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 15-րդ տուրը, որի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Հանդիպումը միանգամից մեկնարկեց «կարմիր սատանաների» ստեղծած իրական գոլային պահով, սակայն 2-րդ րոպեին Մարկուս Ռեշֆորդի՝ մոտ տարածությունից կատարած գլխով հարվածը բարձր ստացվեց։
Ամեն դեպքում, 23-րդ րոպեին անգլիացի հարձակվողը խփեց իր գոլը՝ եզրափակելով Բրունո Ֆերնանդեշի հաշվենկատ փոխանցումը։
Այդ գոլին «աղվեսները» պատասխանեցին շատ արագ։ 31-րդ րոպեին մանկունյական ակումբը բավականին անվստահ դուրս եկավ սեփական տուգանային հրապարակից, ինչի արդյունքում Ֆերնանդեշը կորցրեց գնդակը տուգանայինի մատույցներում, որը հայտնվեց Ջեյմս Մեդիսոնի մոտ, վերջինս էլ փոխանցեց Հարվի Բարսին, ով էլ հեռահար շեշտակի հարվածով գրավեց Դավիդ դե Խեայի պաշտպանած դարպասը։
Երկրորդ խաղակեսում էլ Օլե-Գունար Սուլշերի սաներն ունեին առավելություն, հատկապես հիշատակման է արժանի նույն Ռեշֆորդի ունեցած դրվագը, երբ անգլիացին մեն-մենակ էր հայտնվել Կասպեր Շմեյխելի դիմաց, սակայն հարվածեց ուղիղ դանիացի դարպասապահի վրա։
79-րդ րոպեին հանդիպման հյուրերը առաջ անցան հաշվի մեջ։ Փոխարինման դուրս եկած Էդինսոն Կավանին հիանալի փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Բրունո Ֆերնանդեշին, իսկ նա չվիրպեց անչափ նպաստավոր դիրքից։
«Լեսթերի» ֆուտբոլիստները չընկճվեցին և կրկին անչափ արագ խփեցին պատասխան գնդակը։ 85-րդ րոպեին Այոզե Պերեսի՝ հարձակման աջ թևից կատարած փոխանցումից հետո իր թիմին պարտությունից փրկեց Ջեյմի Վարդին, ով ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 12-րդ գնդակը։ Գոլային դրվագում Վարդիի հարվածից հետո գնդակն անդրադարձավ «Յունայթեդի» պաշտպան Աքսել Տուանզեբեից` հայտնվելով դարպասում։ Սկզբում գնդակը գրանցվել էր Վարդիի անվան դիմաց, սակայն հետագայում փոխվեց որպես ինքնագոլ։
Այսպիսով, կողմերն այդպես էլ չպարզեցին հաղթողին՝ գրանցելով 2։2 հաշիվը։ «Լեսթերին» հաջողվեց ընդհատել «Յունայթեդի» արտագնա հանդիպումների տպավորիչ ռեկորդը։ Մինչ այս հանդիպումը մանկունյական ակումբը ԱՊԼ-ի բոլոր ակումբների նկատմամբ տարել էր 13 անընդմեջ արտագնա հաղթանակ։
Այս հաղթանակից հետո «Լեսթերը» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 2-րդ հորիզոնականը, իսկ «Յունայթեդը» 27 միավորով 3-րդն է։
# ԱՊԼ, Բրունո Ֆերնանդեշ, Էդինսոն-Կավանի, Մարկուս-Ռեշֆորդ, Ջեյմի Վարդի