Ընթերցողի կարծիք․ Կլոպի գաղտնի զենքը սկսել է կրակել
«Լավ անցկացրած հանդիպումը երբեք ինձ մոտ գլխացավ չի առաջացնում»-այսպես պատասխանեց Յուրգեն Կլոպպը Բերգամոյում 0-5 հաշվով հաղթանակից հետո լրագրողի այն նկատառմանը, թե հիմնական կազմի ընտրությունը արդեն իսկական գլխացավանք է դառնում գերմանացի մասնագետի համար։
Լրագրողներն ամեն կերպ ուզում էին լսել Յուրգենից, որ ամենաքիչը ԱՊԼ-ի գալիք հանդիպումը «Էթիհադում» Ժոտան կսկսի մեկնարկային րոպեներից, իսկ ամենաշատը, որ պորտուգալացին իր խաղով թողել է ստվերում Ռոբերտո Ֆիրմինոյին։ Զգալով դա՝ Կլոպը Կլոպ չէր լինի, եթե չզգար ու չպաշտպաներ իր հավատարիմ մարտիկներից մեկին․ «Դիեգու Ժոտան շատ լավ հանդիպում անցկացրեց, բայց մենք այստեղ չէինք լինի, եթե չլիներ Բոբի Ֆիրմինոն, եթե դուք հարցնեք տարբեր մարդկանց, թե ինչն է «Լիվերպուլին» դարձնում յուրահատուկ, նրանք կպատասխանեն՝ Ֆիրմինոյի խաղը»։
Բայց իրականությյունը այն է, որ գերմանացի մասնագետը պետք է որոշում կայացնի, թե ով կխաղա մեկնարկից կիրակնօրյա հանդիպմանը «Էթիհադում»։
Լիվերպուլյան հարձակման եռյակը կազմավորվեց 2017-ին, երբ «Ռոմայից» Բիթլզի հայրենիք տեղափոխվեց Մուհամեդ Սալահը։ Ֆիրմինոն, Մանեն ու Սալահը իսկական ավերիչ բռունցք էին, ովքեր մի քանի ռեկորդներ սահմանեցին ու ժամանակ կար, որ նրանց տեղը մեկնարկային կազմում անքակտելի էր մինչև վերջին ժամանակներս։
Այս մրցաշրջանից առաջ զգացվում էր, որ բավականին մեծ որակական տարբերություն կա հիմնական կազմի ու փոխարինող հարձակման գծի միջև, և այդ տարբերությունը կրճատելու նպատակով սեպտեմբերին «Վուլվերհեմփթոնից» 45 միլիոն ֆունտի դիմաց մերսիսայդյան ակումբը ձեռք բերեց Դիեգու Ժոտային։ 23-ամյա պորտուգալացին իր խաղով ստիպեց բոլորին փոխել այն կարծիքը, որ նա կարող է բարձր որակի փոխարինող լինել, հիմա Անգլիայում վստահ են՝ Դիեգու Ժոտան կարող է լինել հիմնական կազմի խաղացող։
Ասեք, որ հոյակապ տրանսֆեր է ու, ընդհանրապես, «Լիվերպուլի» վերջին բոլոր տրանսֆերները հոյակապ գործարքներ են։ Ծանոթացեք այն մարդու հետ, ով կարողանում է բանակցությոյններ վարել․ «Լիվերպուլի» մարզական տնօրենն է՝ Մայքլ Էդվարդսը։
«Ատալանտայի» դեմ հեթ-տրիկից հետո լրագրողի այն հարցին, թե արդյոք սա պորտուգալացու լավագույն խաղն էր, 23-ամյա հարձակվողը համեստորեն պատասխանեց, որ նա խաղում է աշխարհի լավագույն թիմում և նրա խաղընկերները՝ Սալահն ու Մանեն հեշտացնում են իր գործը։
Բոլոր երեք գոլերը հստակ ցույց տվեցին, թե ինչ որակներ ունի Ժոտան․ նրա ազատ գոտի գտնելու ու հստակ պահին այնտեղ հայտնվելը յուրահատուկ հատկանիշ է, դրանից զատ, նա իսկական պրեսինգ-մեքենա է, ճիշտ է, վերջինը դեռ հղկման կարիք ունի կլոպյան «Լիվերպուլի» համար, բայց դա ժամանակի հարց է ու խաղից խաղ առաջընթաց զգացվում է։
11 օրերի ընթացքում Ժոտան 6 գոլ է հեղինակել 4 խաղերում։ Այդ ժամանակահատվածում նա խաղադաշտում անցկացրել է 248 րոպե, այսինքն, պորտուգալացին միջինը ամեն 41 րոպեների ընթացքում մեկ գոլ է հեղինակել։
Վերջինը, ով մեկնարկային խաղերում նման արդյունավեըություն է ունեցել մերսիսայդյան ակումբի կազմում, եղել Ռոբբի Ֆաուլերը 1993 թվականին․ անգլիացին առաջին 10 խաղերում դարձել էր 7 գոլի հեղինակ։
Ամեն ինչ խոսում է Դիեգուի օգտին, որ հենց նա պետք է մեկնարկի հիմնական կազմում «Մանչեսթեր Սիթիի» դեմ հանդիպմանը, ուղղակի չպետք է մոռանալ, որ Յուրգեն Կլոպը հատուկ վստահություն, հավատ ունի Ֆիրմինոյի նկատմամբ․ գերմանացի մասնագետի գլխավորությամբ «Լիվերպուլում» ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը հենց բրազիլիացին է՝ 272 խաղերից Բոբին մասնակցել է 242-ին, կամ հանդիպումների 89%-ին, ինչը, խոստովանեք, ահռելի ցուցանիշ է։
Ֆիրմինոն կարևորագույն դերը խաղաց «Լիվերպուլի» տրանսֆորմացիայի, վերափոխման գործում, եթե կուզեք՝ նա այն կարևոր փազլն էր այն «Լիվերպուլի», որը հետագայում հռչակվեց որպես «Կլոպյան Լիվերպուլ»։ Բացի դա, բրազիլիացին սիրում է փայլել «Սիթիի» դեմ խաղերում ( 5 գոլ)։ Ավելի շատ նա խփել է միայն «Արսենալի» դեմ խաղերում՝ աչքի ընկնելով 9 անգամ։
Ֆիրմինոն սկսած 2016/2017 մրցաշրջանից բաց է թողել առաջնության ընդամենը 8 խաղ, չնայած, որ Կլոպը բրազիլացուն համարում է թիմի շարժիչը ու միշտ վստահում է նրան, բայց վերջին 30 խաղերում նրա ընդամենը 3 գոլերը այդքան էլ հուսադրող չեն։
Դե ինչ, Յուրգեն, գլխացավ հաստա՞տ չկա։
Հեղինակ՝ Կարեն Պողոսյան
# ԱՊԼ, Ատալանտա, Դիեգու Ժոտա, Ընթերցողի կարծիք, Լիվերպուլ, Կարեն Պողոսյան, Մանչեսթեր-Սիթի, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա, Ռոբերտո-Ֆիրմինո, վերլուծություն