ԵԼ․ կայացան 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները?
Երեկ՝ փետրվարի 27-ին, Եվրոպա լիգայի շրջանակում կայացան 1/16 եզրափակչի պատասխան հանդիպումները՝ բացառությամբ «Զալցբուրգ» – «Այնտրախտ» հանդիպումը, որը կկայանա այսօր։
«Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ որևէ հնարավորություն չտվեց «Գենկին»՝ հաղթելով 5։0 հաշվով։
Հիանալի հանդիպում անցկացրեց Ֆրեդը՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ «Յունայթեդի» կազմում մեկական անգամ էլ աչքի ընկան Բրունու Ֆերնանդեշը, Սկոթ Մաքթոմինայը և Օդիոն Իգալոն, ով «կարմիր սատանաների» կազմում խփեց իր առաջին գոլը։
«Ռոման» հյուրընկալվելիս դիմայայեց «Գենկի» գրոհներին։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով, ինչը հռոմեական ակումբին 1/8 եզրափակչի ուղեգիր տվեց։
Խաղի գոլերը խփվեցին առաջին խաղակեսում․ 25-րդ րոպեին բելգիական ակումբին առաջ մղեց Դևիդ Ջոնաթանը, իսկ 29-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ջասթին Կլյուվերտը՝ եզրափակելով Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը։
Նշենք, որ Հենոն մասնակցեց ամբողջ հանդիպմանը։
«Ինտեր» – «Լյուդոգորեց» հանդիպումը կորոնավիրուսի պատճառով անցկացվեց առանց հանդիսականների։
Միլանյան ակումբը որևէ խնդիր չունեցավ՝ հաղթելով 2։1 հաշվով։ Խաղի հաշիվը բացեց բոլւղարական ակումբը։ 26-րդ րոպեին աչքի ընկավ Կալու Օլիվեյրա-Սոուզան, սակայն տանտերերը մինչը ընդմիջման գնալը Քրիստիանո Բիրագիի և Ռոմելու Լուկակուի գոլերի շնորհիվ հաշվի մեջ առաջ անցան։
Հանդիպման մնացած հատվածում կողմերն աչքի ընկնելու հնարավորություններ ունեին, սակայն այդպես էլ դարպասի գրավում չեղավ։
Այսպիսով, «Ինտերը» դուրս եկավ 1/8 եզրափակիչ։
Անակնկալ կերպով պայքարից դուրս մնաց «Արսենալը»։ «Զինագործները» առաջին խաղում հյուրընկալվելիս հաղթելով 0։1 հաշվով՝ թվում էր՝ լուծել են հաջորդ փուլ դուրս գալու հարցը, սակայն երեկ Միկել Արտետայի թիմը լրացուցիչ ժամանակում պարտվեց 1։2 հաշվով։
Հավասար առաջին խաղակեսից հետո 53-րդ րոպեին «Օլիմպիակոսը» անկյունայինի խաղարկումից հետո բացեց հանդիպման հաշիվը․ աչքի ընկավ Պապե Աբու Սիսեն։
Մինչև խաղավարտ «Արսենալը» հնարավորություն ուներ փրկելու խաղը։ Լոնդոնյան ակումբն ամենաիրական գոլային պահը ստեղծեց 77-րդ րոպեին, երբ Նիկոլաս Պեպեի հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահը, իսկ Ալեքսանդ Լակազետի հարվածը շեղ ստացվեց։
Լրացուցիչ ժամանակը դրամատիկ ստացվեց։ 108-րդ րոպեին հունական ակումբը կարող էր դնել դիմակայության վերջակետը, սակայն Գիորգիոս Մասուրասի հարվածից հետո տատերերին փրկեց դարպասաձողը։
113-րդ րոպեին անհաջող բարձրից փոխանցումից հետո գնդակը Գաբրիել Մարտինելիից եկավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի մոտ, ով շրջադարձ հարվածով դարձավ սուպեր գոլի հեղինակ։
Թվում էր՝ «Արսենալը» հանդիպումը կհասցնի տրամաբանական ավարտին, սակայն «Օլիմպիակոսը» 120-րդ րոպեին խփեց հաղթական գնդակը։ Անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Յուսուֆ Էլ-Արաբին։
122-րդ րոպեին Օբամեյանգը կարող էր ևս մեկ անգամ հավասարեցնել հաշիվը՝ իր թիմին դուրս բերելով 1/8 եզրափակիչ, սակայն գաբոնցի հարձակվողը 3-4 մետրից անհավանական վրիպում թույլ տվեց։
Կայացած մյուս հանդիպումներում գրանցվել են հետևյալ արդյունքները․
«Այաքս» 2։1 «Խետաֆե»
«Բենֆիկա» 3։3 «Շախտյոր»
«Սևիլիա» 0։0 «Կլուժ»
«Սելթիկ» 1։3 «Կոպենհագեն»
«Բազել» 1։0 ԱՊՕԵԼ
«Բաշաքշեհիր» 4։1 «Սպորտինգ»
ԼԱՍԿ 2։0 «ԱԶ Ալկմար»
«Մալմյո» 0։3 «Վոլֆսբուրգ»
«Պորտու» 1։3 «Բայեր»
«Էսպանյոլ» 3։2 «Վուլվերհեմպտոն»
«Բրագա» 0։1 «Ռեյնջերս»
Այսպիսով, պայքարը 1/8 եզրափակիչում կշարունակեն «Խետաֆեն», «Շախտյորը», «Սևիլիան», «Կոպենհագենը», «Բազելը», «Բաշաքշեհիրը», ԼԱՍԿ-ը, «Վոլֆսբուրգը», «Բայերը», «Վուլվերհեմպտոնը», «Ռեյնջերսը», «Օլիմպիակոսը», «Ինտերը», «Ռոման», «Մանչեսթեր Յունայթեդը»։
Վերջին մասնակցի անունը հայտնի կդառնա ասօր․ «Զալցբուրգը» սեփական հարկի տակ կընդունի «Այնտրախտին»։ Առաջին խաղում գերմանական ակումբը հաղթել է 4։1 հաշվով։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 21։00-ին։
# Արսենալ, Բրունու Ֆերնանդեշ, Եվրոպա-լիգա, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Մանչեսթեր-Յունայթեդ, Պիեր-Էմերիկ-Օբամեյանգ, Ռոմա, Ռոմելու-Լուկակու, Օդիոն Իգալո, Ֆրեդ