Ման. Սիթին ու Չելսին ձախողվեցին` դուրս մնալով Լիգայի գավաթից 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնում հյուրընկալվելիս մրցեց «Տոտենհեմի» դեմ։
Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 5-րդ րոպեին գերմանացի վինգեր Տիմո Վերներն առաջ մղեց «խթաններին»։
Անցավ ևս 20 րոպե սենեգալցի կիսապաշտպան Պապե Մատար Սարը կրկնապատկեց Անգե Պոստեկօղլուի թիմի առավելությունը։
Նախքան ընդմիջում` 45+4-րդ րոպեին, Մատեուշ Նունյեշի դիպուկ հարվածի շնորհիվ «քաղաքաբնակները» մեկ գնդակ հետ բերեցին։
Երկրորդ խաղակեսում «Սիթին» ուներ խաղային ու տարածքային լուրջ առավելություն, սակայն Պեպ Գվարդիոլայի սաները ոչ մի կերպ չկարողացան փրկել հանդիպումը։
Այսպիսով, «Տոտենհեմը» հաղթեց 2:1 հաշվով, պայքարից դուրս թողեց մանկունյական ակումբին և դուրս եկավ Լիգայի գավաթի 1/4 եզրափակիչ, որտեղ կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։
Պայքարը լքել է նաև Լիգայի գավաթի նախորդ խաղարկության եզրափակիչի մասնակից «Չելսին», որը մրցակցի դաշտում 0:2 հաշվով պարտվել է «Նյուքասլին»։
«Կաչաղակների» կազմից 23-րդ րոպեին հաշիվը բացել է շվեդ հարձակվող Ալեքսանդր Իսակը, իսկ 26-րդ րոպեին «ազնվականների» ֆրանսացի պաշտպան Աքսել Դիսասին գրավել է սեփական դարպասը։
Էդի Հաուի գլխավորած թիմը քառորդ եզրափակիչում մրցելու է «Բրենթֆորդի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Carabao Cup, Ալեքսանդր Իսակ, Անգե Պոստեկօղլու, Անգլիայի լիգայի գավաթ, Աքսել Դիսասի, Մանչեսթեր-Սիթի, Մատեուշ Նունյես, Նյուքասլ, Չելսի, Պապե Սար, Պեպ Գվարդիոլա, Տիմո Վերներ, Տոտենհեմ