«11-մետրանոցի դեպքում թույլ չեն տալիս շարունակել դրվագը». ի՞նչ է ասել Օրսատոն Քրիստանտեին

«11-մետրանոցի դեպքում թույլ չեն տալիս շարունակել դրվագը». ի՞նչ է ասել Օրսատոն Քրիստանտեին

18/10/2021 - 14:27

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի շրջանակում «Ռոման» հյուրընկալվելիս 0:1 հաշվով պարտվեց «Յուվենտուսին»։

Այդ հանդիպման 43-րդ րեպեին վիճելի դրվագ է գրանցվել։

Բանն այն է, որ «Յուվենտուսի» դարպասապահ Վոյցեխ Շյեսնին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Հենրիխ Մխիթարյանի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Դանիելե Օրսատոն նշանակեց 11-մետրանոց հարված, սակայն Ժորդան Վերետուն չկարողացավ այն դիպուկ իրացնել։

Վիճելի դրվագի էությունն էլ այն է, որ Շյեսնիի ու Մխիթարյանի բախման արդյունքում գնդակը հայտնվեց «Ռոմայի» հարձակվող Թեմի Աբրահամի մոտ, ով էլ այն ուղարկեց դատարկ դարպասը, սակայն Օրսատոն արդեն սուլել և նշանակել էր 11-մետրանոց։

Դանիելե Օրսատոն այդ հանդիպման ընդմիջմանը կարճ զրույց է ունեցել «գայլերի» կիսապաշտպան Բրայան Քրիստանտեի հետ` պարզաբանելով տեղի ունեցածը։

«Դարպասապահը դուրս եկավ տեղից, կանոնների խախտում, 11-մետրանոց, խաղից դուրս իրավիճակի բացակայություն։

Ես սուլում եմ միայն այն դեպքում, երբ գնդակը հայտնվում է դարպասում։ Ի՞նչ կլիներ, եթե ես չսուլեի։ 11-մետրանոցի դեպքում թույլ չեն տալիս շարունակել դրվագը։

Իսկ այժմ դուք ինձ մեղադրո՞ւմ եք, որ ձեր օգտին 11-մետրանոց եմ նշանակել։ Չեմ կարողանում հավատալ դրան»,- իտալացի մրցագարի խոսքերը մեջբերում է Goal.com-ը։

Վերջում հավելենք, որ, համաձայն Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհրդի կողմից հրապարակված օրենքի, դրվագը չի շարունակվում միայն այն իրավիճակներում, երբ թույլ է տրվել կոպիտ կանոնների խախտում, երբ հստակ ագրեսիվ վարք է դրսևորվել, և երբ պետք է ցույց տալ երկրորդ դեղին քարտը։ Այս օրենքի շրջանակում բացառություն են կազմում միայն այն դրվագները, որոնք պարունակում են գոլ խփելու հստակ սպառնալիք։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023