Յուվեն քայլ առ քայլ բարձրանում է վեր` հաղթելով նաև Ռոմային🎥

Յուվեն քայլ առ քայլ բարձրանում է վեր` հաղթելով նաև Ռոմային🎥

18/10/2021 - 00:40

Իտալական Ա սերիայի 8-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ մրցեց «Ռոմայի» դեմ։

Հանդիպման առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծեցին «գայլերը». տուգանայինի խաղարկումից հետո 6-րդ րոպեին աչքի ընկնելուն մոտ էր Ջանլուկա Մանչինին, սակայն Վոյցեխ Շյեսնին փրկեց «Յուվենտուսին»։

Հանդիպման մեկնարկին գրոհեց «Ռոման», սակայն «Յուվենտուսի» ֆուտբոլիստներն առաջին իսկ լուրջ գրոհը վերածեցին գոլի, որը 16-րդ րոպեին իր անվան դիմաց գրանցեց Մոյզե Քինը։

Որքան էլ զարմանալի է` առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում Ժոզե Մոուրինիոյի սաներն ավելի լավ տեսք ունեին ու ավելի շատ էին սպառնում մրցակցին։

Նախքան ընդմիջման գնալը հռոմեական ակումբը հաշիվը հավասարեցնելու հիանալի շանս ուներ։

43-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանն իր թիմի համար 11-մետրանոց հարված վաստակեց, սակայն Ժորդան Վերեդուն չկարողացավ այն դիպուկ իրացնել. Շյեսնին կրկին փրկեց «բյանկոներիներին»։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին «Յուվենտուսի» նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում Մասիմիլիանո Ալեգրիի սաները կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը. 48-րդ րոպեին շրջադարձ հարվածով փորձեց աչքի ընկնել Ֆեդերիկո Բերնարնդեսկին, սակայն այս անգամ էլ փայլեց Ռուի Պատրիսիուն, իսկ վրա հասած Մոյզե Քինի հարվածը բարձր ստացվեց։

Այդ դրվագից հետո տանտերերը գնդակը զիջեցին մրցակցին, որը տևական ժամանակ վտանգավոր պահեր չէր կարողանում ստեղծել։

Միայն 73-րդ րոպեին Մաթիաս Վինյան մոտ էր պատասխան գնդակը խփելուն, սակայն բրազիլացի լատերալի հարվածը շեղ ստացվեց։

Հանդիպման ավարտին թուրինյան ակումբը հանգստացրեց խաղն ու այն մոտեցրեց իր տրամաբանական ավարտին։

Այսպիսով, «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Ռոմային», վաստակեց 14 միավոր և բարձրացավ 7-րդ հորիզոնական։

Նույնքան միավոր ունեն նաև «Լացիոն» և «Ատալանտան», սակայն վերջիններս լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցնում են համապատասխանաբար 5-րդ ու 6-րդ հորիզոնականները։

«Ռոման» էլ 15 միավորով 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023