Տրանսֆերներ, որոնք  2019 թվականին արդարացրին բոլորի սպասելիքները

Տրանսֆերներ, որոնք 2019 թվականին արդարացրին բոլորի սպասելիքները

12/01/2020 - 15:08

2020 թվականն արդեն վաղուց մեկնարկել է։ Տրանսֆերային շուկան էլ բավականին ակտիվ է, սակայն շարունակում ենք ամփոփել 2019 թվականը։ Այս անգամ անդրադարձել ենք 2019 թվականի ընթացքում կայացած այն տրանսֆերներին, որոնք արդարացրել են բոլորի սպասելիքները։

Ռոմելու Լուկակու «Մանչեսթեր Յունայթեդ» -> «Ինտեր» 65 մլն եվրո

Բելգիացի հարձակվողը չամրապնդվելով «կարմիր սատանաների» կազմում՝ տեղափոխվեց Միլանի «Ինտեր»։ 26-ամյա հարձակվողը բազմիցս նշել է, որ իր նախընտրած մարզիչը միշտ եղել է Անտոնիո Կոնտեն և ցանկանում էր հանդես գալ նրա գլխավորությամբ։ Լուկակուին կարելի է համարել «Ինտերի» վերածննդի խորհրդանիշներից մեկին, ով ընթացիկ մրցաշրջանոմ բոլոր մրցաշարերի շրջանակում «ներաձուրիների» կազմում մասնակցել է 23 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Հատկապես տպավորիչ է այն, որ Լուկակուն, չնայած իր մեծ չափերին, կարողանում է հիանալի հանդես գալ նաև դաշտի եզրում։ Ըստ Whoscored.com-ի՝ Լուկակուն Ա սերիայում ունի 6-րդ ամենաբարձր գնահատականը (7.56), ինչը խոսում է նրա մասին, որ նրա ՕԳԳ-ն բավականին բարձր է։ Բելգիացին միջինը 3 անգամ մեկ խաղում հարվածում է դարպասին, 2.8 անգամ հաղթում է օդային մենապայքարներում, 1.4 անգամ «կարևոր» փոխանցում է կատարում, որից հետո լինում է հարված դեպի մրցակցի դարպասին, հարձակվողի համար նաև նորմալ պաշտպանվում է․ մրցակցի գրոհների ժամանակ միջինը մեկ խաղում 0․8 անգամ գնդակը հեռացնում է սեփական տուգանային հրապարկից։ Այսպիսով, Անտոնիո Կոնտեն վերակենդանացրել է Լուկակուին։

Ֆրենկի դե Յոնգ «Այաքս» -> «Բարսելոնա» 75 մլն եվրո

Այս տղան կարծես իդեալական տարբերակ լիներ «Բարսելոնայի» համար և նրա մեջ կա իսկական կատալոնացու ԴՆԹ, ինչն էլ ակնհայտ է նրա գործողությունների մեջ։ Նա շատ արագ ինտեգրվեց «Բարսելոնայի» խաղային սխեմայի մեջ։ Դե Յոնգի հիմնական գործառույթը դաշտի միջին օղակում խաղը բալանսովորելն է․ գնդակը խլել և փոխանցել խաղ կառուցող ֆուտբոլիստներին։ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա կիսապաշտպանի փոխանցումների ճշգրտությունը կազմում է 92․7 %, ինչը երկրորդ ցուցանիշն է Տոնի Կրոսից հետո։ Դե Յոնգը, եթե մի փոքր կայունացնի իր խաղը երկրորդ հարկում, ինչպես նաև ավելի ճշգրիտ լինի երկար փոխանցումների դեպքում, ապա կդառնա իդեալական կենտրոնական կիսապաշտպան։

Հարի Մագուայեր «Լեսթեր» – «Մանչեսթեր Յունայթեդ» 87 մլն եվրո

Հարի Մագուայերը դարձավ աշխարհի ամենաթանկարժեք պաշտպանը։ «Կարմիր սատանաները» աստղաբաշխական գումար վճարեցին 26-ամյա պաշտպանի համար, ինչը միանշանակ արդարացված ձեռքբերում էր, քանի որ Մագուայերը դարձել է «Յունայթեդի» իսկական առաջատարը։ Սակայն, «Յունայեդի» վատ խաղի ֆոնին այս ամենը գրեթե չի էլ նկատվում ու չի էլ խոսվում դրա մասին։ Վիճակագրական առումով Մագուայերը բավականին լավ տեսք ունի։ Նա միջինը մեկ խաղում 4 անգամ հեռացնում է գնդակը տուգանային հրապարկից, 1․6 անգամ խլում է գնդակը մրցակցից, իսկ 0․6 անգամ արգելափակում է մրցակցի հարվածները։ Այս տրանսֆերը այստեղ չէր ընդգրկվի, եթե Մագուայերը արագ չինտեգրվեր թոփ ակումբի կազմում։ Նա նույնիսկ որոշ խաղերում եղել է թիմի ավագը։

Մարկուս Թյուրամ «Գենգամ» -> «Բորուսիա Մյունխենգլադբախ» 9 մլն եվրո

Քչերը գիտեն տաղանդավոր այս տղայի մասին, ով լեգենդար պաշտպան Լիլիան Թյուրիամի որդին է։ Ընթացիկ մրցաշրջանում 22-ամյա եզրային հարձակվողը մյունխենգլադբախյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում հանդես է եկել 30 անգամ՝ դառնալով 10 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Բացի այս ամենից, ֆրանսիացի երիտասարդ հարձակվողն այլ օգտակար գործողություններով էլ է աչքի ընկնում։ Նախ՝ նա, ըստ whoscored.com-ի, իր թիմում ունի ամենաբարձր գնահատականը (7.37), ինչը Բունդեսլիգայի բոլոր ֆուտբոլիստների մեջ 11-րդ արդյունքն է։ Բոլոր մրցաշարերը միասին վերցրած միջինը մեկ խաղում 2 անգամ դիմում է հաջողված դրիբլինգի, հարձակվողի համար ունի բավականին լավ փոխանցումների ճշգրտություն, որը կազմում է 70․8%: Թյուրամն, իրոք, Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանի զարդերից մեկն է, ում առաջընթացը նկատվել է նաև շատ եվրոպական թոփ ակումբների կողմից։ Բացի հարձակման եզրերից՝ երիտասարդ խաղացողը հիանալի կարողանում է խաղալ նաև կենտրոնական հարձակվողի և հետ քաշված հարձակվողի դիրքերում։

Ռոդրի «Ատլետիկո Մադրիդ» -> «Մանչեսթեր Սիթի» 70 մլն եվրո

Միանշանակ կարելի է ասել, որ թե՛ «Մանչեսթեր Սիթին» և թե՛ Իսպանիայի հավաքականը հուսալի ձեռքերում են։ 23-ամյա կիսապատշպանը առաջին իսկ խաղից արագ ինտեգրվել է Պեպ Գվարդիոլայի խաղային ձեռագրում, քանի որ ակնհայտ է, որ երիտասարդ խաղացողն իր մտածելակերպով իդեալական խաղացող է կատալոնացի մասնագետի համար։ Նա ոչ միայն հիանալի քանդում է մրցակցի գրոհները, այլև շատ լավ կարողանում է հանդես գալ կենտրոնական պաշտպանի դիրքում։ Գվարդիոլան կադրային խնդիրների պատճառով նրան հաճախ է խաղացնում այդ դիրքում։ Իսկ այժմ մի փոքր անդրադառնանք խաղացողի վիճակագրական տվյալներին։ Ռոդրին «քաղաքաբնակների» կազմում ունի 5-րդ լավագույն գնահատականը (7.21): Հենակետային կիսապաշտպանը միջինը 2 անգամ կատարում է գնդակի խլում, 1 անգամ կասեցնում է մրցակցի գրոհները, 1․2 անգամ դիում է հաջողված դրիբլինգի։ Նրա հիմնական առավելությունը փոխանցումներն են․ միջինը մեկ խաղում կատարում է 74․3 փոխանցում՝ 93% ճշգրտությամբ։ 5․1 անգամ էլ կատարում է երկար փոխանցում։ Ռոդրիի խաղը հաճախ հիշեցնում է երիտասարդ ժամանակների Սերխիո Բուսկետսին։

Էրլինգ Հալանդ «Մոլդե» -> «Զալցբուրգ» 5 մլն եվրո

Այո՛, 19-ամյա խաղացողը «Զալցբուրգի» կազմում անցկացրել է ընդամենը 11 ամիս։ «Բորուսիա Դորտմունդի» նորեկը մեկ տարում այնպիսի առաջընթաց գրանցեց, որը շատ անսպասելի էր։ 2019 թվականին ավստրիական Բունդեսլիգայի շրջանակում մասնակցել է 16 հանդիպման՝ խփելով 17 գնդակ, Ավստրիայի գավաթի շրջանակում՝ 4 խաղ, 4 գոլ, իսկ Չեմպիոնների լիգայում 6 խաղում հեղինակեց 8 գնդակ։ Միասին վերցրած երիտասարդ հարձակվողը «Զալցբուրգի» կազմում մասնակցել է ընդամենը 26 հանդիպման՝ դառնալով 29 գոլի հեղինակ, և 45 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Բորուսիա»։ Այս տրանսֆերը միանշանակ չէր կարող չհամարվել հաջողված տրանսֆեր, քանի որ առաջընթացն ակնհայտ էր։ Այլ հարց է, թե երիտասարդ տաղանդը իրեն ինչպես կդրսևորի ավելի լուրջ առաջնությունում, սակայն, տեսնելով, թե ինչպես է հանդես եկավ Չեմպիոնների լիգայում, մի տեսակ վստահություն կա, որ դորտմունդյան ակումբը սուպեր տրանսֆեր է իրականացրել։

Բենջամին Պավար «Շտուտգարդ» -> «Բավարիա» 35 մլն եվրո

Մունդիալ 2018-ի լավագույն գոլի հեղինակը դեռ վաղուց էր ապացուցել, որ արժանի է ավելի լուրջ թիմում հանդես գալ։ Սակայն, միայն նախորդ ամռանը դա տեղի ունեցավ։ Մյունխենյան ակումբը, կարելի է ասել, չնչին գումարով ձեռք բերեց գերտաղանդավոր, բազմաֆունկցիոնալ պաշտպանի։ 23-ամյա պաշտպանն ընթացիկ մրցաշրջանում 24 անգամ հագել ակումբի մարզաշապիկը՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Ունիվերսալ խաղացողը հիանալի հանդես է գալիս ինչպես աջ պաշտպանի դիրքում, այնպես էլ կենտրոնական պաշտպանի։ Պավարը եզրային պաշտպանի համար ունի բավականին բարձր հասակ, այդ պատճառով հաճախ օգնում է նաև կենտրոնական պաշտպաններին՝ միջինը մեկ խաղում գնդակը 2․6 անգամ հեռացնում է սեփական տուգանային հրապարակից։ Սակայն, Պավարի ամենաուժեղ կողմը փոխանցումներն են։ Մեկ խաղում միջինը կատարում է 71․1 փոխանցում՝ 89․9% ճշգրտությամբ, ինչը Բունդեսլիգայում պաշտպանների շրջանակում լավագույն 3-րդ արդյունքն է։ Մոտ 4 անգամ նաև դիմում է հաջողված երկար փոխանցումների։ Կարելի է ասել, որ Պավարը տիպիկ ժամանակակից եզրային է, ով հիանալի կարողանում է փակել նաև պաշտպանության կենտրոնը։

Ռաջա Նայնգոլան «Ինտեր» -> «Կալյարի» վարձակալություն

Բելգիացի 31-ամյա մարտիկը կնոջ քաղցկեղի պատճառով վերադարձավ հարազատ ակումբ, քանի որ կինը Սիցիլայում իրեն ավելի հարմարավետ է զգում և այնտեղ է շարունակում բուժումը։ Սակայն, այս տրանսֆերը վերակենդանացրեց Ռաջայի կարիերան։ Ընթացիկ մրցաշրջանում Նայնգոլանը 16 անգամ հասցրել է հանդես գալ ակումբի կազմում՝ դառնալով 4 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ «Կալյարիի» կազմում ունի լավագույն գնահատականը (7.23): Ռաջան միշտ փորձում է օգտվել իր հզոր հարվածներից՝ միջինը մեկ խաղում 2․5 անգամ հարվածելով մրցակցի դարպասին, ինչը կենտրոնական կիսապաշտպանի համար բավականին լավ արդյունք է։ Ունի բավականին լավ փոխանցումների ճշգրտություն (80.1%) և բավականին շատ է դիմում երկար փոխանցումների՝ մեկ խաղում միջինը 4 անգամ։ Սակայն, այս տրանսֆերի հաջողված լինելը միայն թվերի մեջ չեն, այլ այն, որ խաղացողը հոգեբանական ոչ այնքան լավ վիճակում կարելի է ասել վերածնունդ է ապրում։ Մի՞գուցե Անտոնիո Կոնտեն մրցաշրջանի ավարտից հետո որոշի նրան հետ կանչել։

Մարտին Էդեգոր «Ռեալ Մադրիդ» -> «Ռեալ Սոսիեդադ» վարձակալություն

Այս խաղացողի մասին սկսել են խոսել, երբ դեռևս ընդամենը 16 տարեկան էր։ Այն ժամանակվանից ակնհայտ էր, որ խաղացողը շատ տաղանդավոր է, սակայն պետք է աճի և հասնի թոփ ակումբի մակարդակի։ Շատերը խոսում էին նրա մասին, որ «արքայական» ակումբը շտապել նրան ձեռք բերելու հարցում։ Սակայն, ընթացիկ մրցաշրջանում տաղանդավոր նորվեգացին Լա լիգայի լավագույն խաղացողներից մեկն է։ Լա լիգայի բոլոր խաղացողների շրջանակում 21-ամյա խաղացողն, ըստ whoscored.com-ի, ունի 5-րդ լավագույն գնահատականը, որը կազմում է 7․49։ Էդեգորը, այսպես կոչված, «կարևոր» փոխանցումների ցուցանիշով գերազանցում է նույնիկս Լեո Մեսսին՝ միջինը մեկ խաղում կատարելով 2․6 փոխանցում (արգենտինացու հաշվին կա 2․4 փոխանցում): Ունի բավականին լավ փոխանցումների ճշգրտություն՝ 84,2%: Երիտասարդ խաղացողը դրիբլինգի առումով էլ է փայլում, Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում զիջելով միայն Լեո Մեսսիին և «Բետիսի» ֆուտբոլիստ Նաբիլ Ֆեկիրին, 2․7 անգամ կատարելով հաջողված անցում։ Այսպիսի ֆուտբոլը չէր կարող վրիպել Զինեդին Զիդանի աչքից։ Էդեգորը մրցաշրջանի ավարտից հետո կվերադառնա «արքայական» ակումբ։

Թեո Էրնանդես «Ռեալ Մադրիդ» -> «Միլան 20 մլն եվրո

Ընթացիկ մրցաշրջանում «Միլանի» լուսավոր կետերից մեկը։ Այս խաղացողը կարծես թե գտել է իր թիմը։ 22-ամյա ֆուտբոլիստը եզրային պաշտպանի համար բավականին արդյունավետ ֆուտբոլ է ցույց տալիս՝ 15 խաղում դառնալով 4 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Որքան էլ զարմանալի թվա, այս ցուցանիշով ֆրանսիացի ֆուտբոլիստը Կշիշտոֆ Պյոնտեկի հետ թիմի լավագույն ռմբարկուն է։ Էրնանդեսը մյուս պաշտպանների համեմատ, բավականին հաճախ է դիմում դրիբլինգի։ Թեոն միջինը մեկ խաղում 2 անգամ հաջողված դրիբլինգի է դիմում՝ այդ ցուցանիշով գերազանցելով նույնիսկ Կրիշտիանու Ռոնալդուին, ում մոտ այդ ցուցանիշը 1․8 է։ 1․1 անգամ հարվածում է դարպասին, ինչը ցանկացած պաշտպանի համար նույնպես բավականին լավ ցուցանիշ է։ Միջինը մեկ խաղում 1․5 անգամ էլ դիմում է երկար փոխանցումների։ Այպիսով, կարելի է ասել, որ երիտասարդ պաշտպանը «Միլանում» վերգտել է իր խաղը։

Քրիս Սմոլինգ «Մանչեսթեր Յունայթեդ» -> «Ռոմա» վարձակալություն

30-ամյա պաշտպանի ելույթների մասին ընթացիկ մրցաշրջանում քչերն են խոսում, սակայն որպես կենտրոնական պաշտպան Սմոլինգը բավականին լավ ցուցանիշներ է գրանցում և փորձում է վերգտնել իր խաղը։ Ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերի շրջանակում պաշտպանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Սմոլինգը Ա սերիայի լավագույններից է մրցակցի գրոհները կասեցնելու ցուցանիշով․ պաշտպանը միջինը մեկ խաղում 2․1 անգամ կասեցնում է մրցակցի գրոհը։ Հիանալի ցուցանիշ ունի նաև գնդակը սեփական տուգանային հրապարակից հեռացնելու առումով, ինչը միջինը մեկ խաղում անում է 4․2 անգամ։ Բարձր հասակ ունենալու շնորհիվ, «Յունայթեդի» սանը հիանալի է խաղում նաև երկրորդ հարկում՝ մեկ խաղում միջինը հաղթելով 4․4 օդային մենապայքար, ինչն էլ թույլ է տալիս 1․1 անգամ հարվածել մրցակցի դարպասին։ Սմոլինգը կենտրոնական պաշտպանի համար ունի շատ լավ առաջին փոխանցում, այդ պատճառով էլ գրանցել է 89․6 % փոխանցումների ճշգրտություն և մեկ խաղում միջինը 2․6 երկար փոխանցում։ Այս թվերը խոսում են այն ամսին, որ միշտ էլ կարելի է վերականգնել նախկին մակարդակը, եթե կա դրա ցանկությունը։

Տորգան Ազար «Բորուսիա Մյունխենգլադբախ» -> «Բորուսիա Դորտմունդ» 25 մլն եվրո

Ազարների ընտանիքում կարծես թե գեներով է փոխանցվում տաղանդավոր լինելը։ «Իշամեղուներն» ընթացիկ մրցաշրջանից առաջ չնչին գումարով հիանալի ձեռքբերում ունեցան։ Տորգանը շատ արագ հարմարվեց Լուսիեն Ֆավրի խաղային ձեռագրին և Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում 16 խաղում դարձել է 4 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Ազարը հիանալի հանդես է գալիս ինչպես ձախ եզրային հարձակվողի այնպես էլ փլեյմեյքերի դիրքերում։ Իր դրիբլինգի շնորհիվ, որը միջինը մեկ խաղում կազմում է 1․7 հաջողված անցում, ստիպում է մրցակիցներին մոտ 2 անգամ ամեն խաղում խախտել կաննորեը։ Ազարը նաև հաճախ է հաջողված գնդակը «կախում» մրցակցի տուգանային հրապարակ։ Այս ցուանիշով նա ողջ Բունդեսլիգայում 7-րդն է, որը կազմում է միջինը մեկ խաղում 1․7 կռոս։ Ազար-Սանչո-Ռոյս-Հալանդ քառյակը սարսափազդու է թվում մրցակիցների համար։

Մաուրո Իկարդի «Ինտեր» -> ՊՍԺ վարձակալություն

26-ամյա սկանդալիստը հիանալի է հարմարվել է ֆրանսիական թիմին և մեկնարկային կազմից դուրս է թողել փարզիեցիների պատմության լավագույն ռմբարկու Էդինսոն Կավանիին։ Սկզբնական շրջանում որոշակի խաղային խնդիրների բախվեց, քանի որ ադապտացվում էր խաղային մոդելին, սակայն բոլոր մրցաշարերում 19 խաղում արդեն հասցրել է դառնալ 17 գոլի հեղինակ։ Նա բավականին հեշտ է դառնում գոլի հեղինակ՝ միջինը մեկ խաղում կատարելով 2․5 հարված։ Այսինքն՝ այստեղ խոսում է խաղացողի էֆեկտիվությունը։ Հարձակվողի համար ունի բավականին փոխանցումների լավ ճշգրտություն, որը կազմում է 81․5%: Իսկ ամբողջ Լիգա 1-ի շրջանակում 9-րդ լավագույն գնահատականը, որը կազմում է 7․45։ Իկարդիի մասին տարատեսակ խոսակցությունները երբեք չեն դադարելու, քանի որ նրա կինն իր տեսակով ինտրիգներ փնտրող մարդ է, սակայն այն, որ արգենտինացին տիպիկ ՊՍԺ-ի ֆուտբոլիստ է և այն, որ այս տրանսֆերը հաջողված էր, ակնհայտ է։

Քրիստոֆեր Նկունկու ՊՍԺ -> «Լայպցիգ» 13 մլն եվրո

Վերջին տրանսֆերը, որն արժանի է ուշադրության։ Նկունկուն ֆրանսիական դպրոցի հերթական տաղանդավոր երիտասարդն է, ով դարձել է «Լայպցիգի» ամենաառանցքային խաղացողներից մեկը։ 22-ամյա կենտրոնական կիսապաշտպանը Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Սակայն, պետք է նշել, որ այդ 16 հանդիպումներից միայն կեսում է եղել մեկնարկային կազմում և խաղադաշտում եղել է ընդամենը 854 րոպե։ Բայց, չենք կարող չնշել, որ Նկունկուն հիանալի է տեսնում խաղադաշտը և շատ է աչքի ընկնում արդյունավետ գործողություններով ու քիչ-քիչ ամրապնդվում է Յուլիան Նագելսմանի թիմի մեկնարկային կազմում։ Նկունկուն կենտրոնական կիսապաշտպանի համար բավականին շատ է հարվածում դարպասին՝ միջինը մեկ խաղում 1․4 անգամ։ Հիանալի է իր խաղացողներին հանում հարվածային դիրք։ Միջինը մեկ խաղում նա կատարում է 2․1 «կարևոր» փոխանցում։ Քանի որ հաճախ Նագելսմանը երիտասարդ խաղացողին խաղացնում է նաև ձախ եզրում, Նկունկուն նաև շատ արդյունավետ բարձրից գնդակները «կախում» է տուգանային հրապարակ (միջինը 1․4 անգամ): Երիտասարդ խաղացողն արդեն այժմ հայտնվել է մի շարք գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։ Ինչպես ասում են՝ տաշած քարը գետնին չի մնում։

Այսպիսով, սրանք , ըստ interfootball.am-ի, այն տրանսֆերներն էին, որոնք 2019 թվականին արդարացրել են սպասելիքները։ Հնարավոր է՝ մեր կարծիքը չհամընկնի այն կարծիքի հետ, որն ունի մեր ընթերցողը։ Սակայն, միշտ հիշեք, որ կարծիքները հաճախ լինում են տարբեր՝ հատկապես սուբյեկտիվ կարծիքը։ Հոդվածի մյուս մասում կանդրադառնանք նախորդ տարվա ձախողված տրանսֆերներին։ Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով։

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023