Վալվերդեն հարվածել է Վիլյառեալի հարձակվողի դեմքին

Վալվերդեն հարվածել է Վիլյառեալի հարձակվողի դեմքին

09/04/2023 - 15:22

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Վիլյառեալին»։

Հանդիպումից հետո «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտի ավտոկայանատեղիում միջադեպ է տեղի ունեցել «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդե Վալվերդեի և «Վիլյառեալի» հարձակվող Ալեքս Բաենայի միջև։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, հանդիպումից հետո Վալվերդեն ավտոկայանտեղիում սպասել է 21-ամյա իսպանացի ֆուտբոլիստին և հարվածել նրա դեմքին։

Աղբյուրի փոխանցմամբ` Վալվերդեի շրջապատի անդամները հաստատել են, որ վերջինս Բաենային հարվածել է, քանի որ նա ծաղրել է ուրուգվայցի ֆուտբոլիստի ընտանիքին։

Բանն այն է, որ կողմերի «հակամարտությունն» սկսվել է դեռևս Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի շրջանակում կայացած «Վիլյառեալ» – «Ռեալ» (2:3) հանդիպումից, երբ դրվագներից մեկում Բաենան ոտքով հարվածել է Վալվերդեին և նրան ասել հետևյալը.

«Լաց եղի՛ր. քո որդին չի ծնվելու»։

Հաղորդվում է, որ Լա լիգայի 28-րդ տուրում կայացած խաղում Ալեքս Բաենան նման մի բան է ասել Վալվերդեին, ինչը հունից հանել է ուրուգվայցի կիսապաշտպանին։

Վալվերդեն հարձակվել է Բաենայի վրա և հարվածել նրան` հորդորելով հեռու մնալ իր ընտանիքի անդամների հետ։

Նշվում է, որ հանդիպումից հետո «դեղին սուզանավի» ֆուտբոլիստները, ովքեր տոնում էին «սերուցքայինների» նկատմամբ տոնած հաղթանակը, զարմացած են եղել Վալվերդեի վարքագծից։

Սպասվում է, որ դեպքի առթիվ Բաենան դիմելու է իրավապահ մարմիններին. «Վիլյառեալն» ունի կատարվածի տեսագրությունը և բավարար ապացույցներ` Վալվերդեին քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Դեպքից հետո Վալվերդեն իր խաղընկերներին հայտնել է, որ չի հպարտանում իր արարքով, սակայն այդպես է վարվել միայն հանուն ընտանիքի։

Հավելենք, որ դեռևս փետրվարին մի շարք ԶԼՄ-ներ հայտնեցին, թե Վալվերդեն և նրա կինը` Մինա Բոնինոն, կորցրել են իրենց երեխային, սակայն նրան հաջողվել է փրկել.

«Վերջերս տեղեկություններ էին տարածվել, թե մենք կորցրել ենք երեխային։ Ես չկարողացա հերքել դա, քանի որ մենք նույնպես այդպես էինք կարծում։

Բժիշիները երեխային համարում էին ապրելու համար ոչ կենսունակ։ Մեկ ամիս մենք ամենավատին էինք տրամադրվում։

Հղիությունը վերջին փուլում էր և պետք էր ամեն ինչ ստուգել տարբեր հետազոտությունների միջոցով։ Մեկ ամսվա վշտից և արցունքներից հետո մենք ստացանք ամենասպասված լուրը, որ երեխան լավ է»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել էր Մինա Բոնինոն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023