Վալենսիական դերբի. 100 տարվա պատմություն ունեցող հանդիպում

Վալենսիական դերբի. 100 տարվա պատմություն ունեցող հանդիպում

29/04/2022 - 14:31

«Վալենսիայի» և «Լևանտեի» միջև քաղաքային դերբին վերջին տարիներին վերածվել է իսպանական ֆուտբոլի ամենաթեժ հանդիպումներից մեկը։

Վալենսիայով հոսող Տուրիա գետի պատվին հանդիպումը հայտնի է նաև «Դերբի դել Տուրիա» անվանումով։

Այդ հանդիպումը վերջին տարիներին, իրոք, մեծ հետաքրքրություն է առաջացնում հանրության շրջանակում, քանի որ «Լևանտեին» հաջողվել է ամրապնդել դիրքերը Լա լիգայում։

«Լոս Գրանոտասը»` «գորտերը», իրականում 10 տարի ավելի շուտ են հիմնադրվել, քան իրենց համաքաղաքացիները։ «Լևանտեն» առաջին պաշտոնական հանդիպումն անցկացրել է 1909 թվականին, երբ տեղակայված էր Վալենսիայի ծովափնյա Էլ Կաբանիալ համայնքում։

«Վալենսիան» հիմնադրվել է 1919 թվականին և տեղակայված է եղել քաղաքի կենտրոնում` ներկայիս «Մեստալիա» մարզադաշտի տեղանքում։

Ինչ վերաբերում է առաջին պաշտոնական դերբիին, ապա այն կայացել է դեռևս 1920 թվականին` Վալենսիայի տարածաշրջանային առաջնության շրջանակում։

Երբ 1928 թ. Լա լիգան հիմնադրվեց, «Վալենսիան» պայքարն սկսեց երկրորդ դիվիզիոնից և բարձրագույն առաջնության ուղեգիր նվաճեց միայն 3 տարի անց։

«Լոս Չեն» շատ արագ դարձավ իսպանական ֆուտբոլում տոն տվող ակումբներից մեկն ու արդեն 1941/42 մրցաշրջանում առաջին անգամ դարձավ Լա լիգայի չեմպիոն։

«Լևանտեն», 1939 թ. միավորվելով հարևան «Խիմնաստիկո» ակումբի հետ, 1945/46 մրցաշրջանում նվաճեց Սեգունդայի ուղեգիր, իսկ Լա լիգային առաջին անգամ մասնակցելու իրավունք վաստակել է միայն 1963 թվականին։

Դա նշանակում է, որ Լա լիգայի շրջանակում առաջին վալենսիական դերբին տեղի ունեցել է 1963 թ. սեպտեմբերի 28-ին` «Մեստալիա» մարզադաշտում։ Այդ ժամանակ «Վալենսիան» 5:3 հաշվով հաղթեց մրցակցին, ինչը մինչ օրս դերբիների պատմության ամենագոլառատ հանդիպումն է։

«Լևանտեն» հաջորդ իսկ խաղին ռևանշի հասավ մրցակցի նկատմամբ` հաղթելով 1:0 հաշվով։

Երբ «Վալենսիան» 1970/71, 2001/02 և 2003/04 մրցաշրջաններում դառնում էր Լա լիգայի չեմպիոն, «Լևանտեն» կրկին հանդես էր գալիս Սեգունդայում, սակայն 2004/05 մրցաշրջանում պատմականորեն ավելի համեստ ակումբը վերադարձավ Լա լիգա ու վերջին 18 մրցաշրջաններից 14-ում հանդես է եկել բարձրագույն դիվիզիոնում։

Քանի որ այժմ «Դերբի դել Տուրիան» կանոնավոր հանդիպում է Լա լիգայի խաղացանկում, «Վալենսիան» հաճախ է ուժեղ գտնվել մրցակցից, սակայն երբեք չի կարողացել մեկ մրցաշրջանի ընթացքում «Լևանտեի» նկատմամբ առավելության հասնել ինչպես տնային, այնպես էլ արտագնա խաղում։

Կողմերի միջև ամենախոշոր հաշիվը գրանցվել է 2007/08 մրցաշրջանում, երբ «լոս չեն» հյուրընկալվելիս «Սյուդադ դե Վալենսիա» մարզադաշտում, Դավիդ Վիլիայի հեթ-տրիկի շնորհիվ, 5:1 հաշվով ջախջախեց «Լևանտեին»։

Քիչ չեն այն ֆուտբոլիստները, ովքեր հանդես են երկու ակումբների կազմում էլ, որոնց թիվը հասնում է մոտ 100-ի։

Կարելի է առանձնացնել Ֆաս Վիլկեսին, Պրեդրագ Միյատովիչին, Լուկաս Օրբանին, Խուանֆրան Գարսիային, Ասյեր դել Օրնոյին, Ռոբերտո Սոլդադոյին, Ռուբեն Վեզուին, Խասոնին ու Ռոխերտ Մարտիին, ովքեր ամենահայտնի ֆուտբոլիստներն են, որոնք կրել են ինչպես «Լևանտեի» այնպես էլ «Վալենսիայի» մարզաշապիկները։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023