Ռոնալդուն հերթական համաշխարհային ռեկորդն է սահմանել

Ռոնալդուն հերթական համաշխարհային ռեկորդն է սահմանել

24/03/2023 - 16:36

Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում Պորտուգալիայի հավաքականը 4:0 հաշվով ջախջախեց Լիխտենշտեյնին։

Պորտուգալացիների կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Կրիշտիանու Ռոնալդուն` դառնալով դուբլի հեղինակ։

Ինչպես տեղեկացնում է Gracenote Sports-ը, 38-ամյա ֆուտբոլիստը հավաքականների մակարդակով համաշխարհային ռեկորդ է սահմանել։

Բանն այն է, որ Ռոնալդուն հավաքականի կազմում անցկացրել է 198-րդ հանդիպումը, ինչը երբևէ լավագույն ցուցանիշն է։

Պորտուգալացի հարձակվողն այդ ցուցանիշով շրջանցել է Քուվեյթի հավաքականի ֆուտբոլիստ Բադեր Ալ Մութավային, ում անվան դիմաց կա 197 հանդիպում։

Հատկանշական է, որ Քուվեյթն այսօր` մարտի 24-ին, ընկերական հանդիպում պետք է անցկացնի Ֆիլիպինների ընտրանու հետ, և եթե Ալ Մութավան դուրս գա դաշտ, կկրինի Ռոնալդուի ցուցանիշը։

Նշենք, որ, այդուհանդերձ, Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան` IFFHS-ն, այս ցուցանիշով լավագույնը համարում է Մալազիայի հավաքականի նախկին պաշտպան Սոն Չին Անին, ում ակտիվում, ըստ կազմակերպության վիճակագրության, կա 219 հանդիպում։

Սակայն, այդ 219 խաղերից 24-ը ՖԻՖԱ-ի կողմից գրանցված չեն եղել, այդ պատճառով էլ ֆուտբոլի գլխավոր կազմակերպությունը համարում է, որ Սոն Չի Անը հավաքականի կազմում անցկացրել է 195 հանդիպում։

Հավելենք, որ Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի կազմում հանդես է գալիս 2003 թ. օգոստոսի 20-ից և անցկացրած 198 խաղում խփել է 120 գոլ։

Հավաքականների մակարդակում խփած գոլերի քանակով նա նույնպես ռեկորդակիր է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023