Ռեալի մի շարք ֆուտբոլիստներ դժգոհ են Անչելոտիից

Ռեալի մի շարք ֆուտբոլիստներ դժգոհ են Անչելոտիից

01/03/2024 - 13:42

«Ռեալ Մադրիդի» մի շարք ֆուտբոլիստներ դժվոհ են ակումբի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտիից։

The Athletic-ը գրում է, որ դժգոհող ֆուտբոլիստների թվում են Լուկա Մոդրիչը, Արդա Գյուլերը, Կեպա Արիսաբալագան և թիմի ավագ Նաչո Ֆերնանդեսը։

Աղբյուրի փոխանցմամբ` դժգոհելու պատճառն այն է, որ իտալացի մասնագետը չի բացատրում, թե ինչու են նրանք քիչ խաղաժամանակ ստանում։

Հաղորդվում է, որ այդ հարցն սկսել է զայրացնել Անչելոտիին, ով ֆուտբոլիստների հետ կոպիտ տոնով է խոսել քիչ խաղաժամանակ տրամադրելու թեմայով։ 64-ամյա մասնագետը ֆուտբոլիստներին պատասխանել է, որ «պարտավոր չէ բացատրություն տալ»։ Նա նախընտրում է չքննարկել իր որոշումները, քանի դեռ խաղացողները ուղղակիորեն բացատրություն չեն խնդրել:

«Արքայական» ակումբին մոտ կանգնած բազմաթիվ աղբյուրներ հաստատում են, որ Մոդրիչը հիասթափված է ստեղծված իրավիճակից, քանի որ նրա դերն ակումբում էականորեն նվազել է։ Երբ նախորդ տարի խորվաթ ֆուտբոլիստը երկարաձգում էր պայմանագիրը, ակումբի մարզչական շտաբը նրան խոստացել էր կայուն խաղաժամանակ տրամադրել։

Անչելոտիին մոտ կանգնած աղբյուրներն էլ հայտնում է, որ մարզիչը միշտ անկեղծ է եղել Մոդրիչի հետ. նրանց հարաբերությունները չեն սրվել։

Դեռ ավելին` Անչելոտին 38-ամյա ֆուտբոլիստին առաջարկել է 2023/24 մրցաշրջանի ավարտից հետո ընդգրկվել «Ռեալի» մարզչական շտաբում, սակայն Մոդրիչը մերժել է այն։ Խնդիրն այն է, որ վետերան ֆուտբոլիստը դեռևս մարզչական արտոնագիր չունի։ Բացի այդ, նա ցանկանում է շարունակել կարիերան։

Արդա Գյուլերը «Ռեալ» տեղափոխվելուց հետո միայն 6 ամիս անց նշեց նորամուտն ակումբի կազմում։ Այժմ երբ 19-ամյա ֆուտբոլիստը, երբ լիովին ապաքինվել է վնասվածքից, Անչելոտին նրան շատ քիչ է խաղաժամանակ տրամադրում։ Այդ ամենով պայմանավորված` թուրք կիսապաշտպանը հիասթափված է։

Նախորդ մրցաշրջանների համեմատ` Նաչոն ավելի դրական է տրամադրված, քանի որ մյուս ֆուտբոլիստների վնասվածքները նրան դարձրել են երկրորդ ամենաշատ խաղաժամանակ ունեցող կենտրոնական պաշտպանը։ Չնայած այդ հանգամանքին` նրա ու Անչելոտիի հարաբերությունները լարված են։ «Արքայական» ակումբի ավագը հիասթափված է, որ կարևոր հանդիպումների ժամանակ փոխարինվում է։

Նշվում է, որ 34-ամյա ֆուտբոլիստը «Ռեալում» որոշումներ կայացնելու լիակատար ազատություն ունի, սակայն չի ցանկանում բարձրաձայնել խնդիրների մասին, քանի որ ներկա պահին բավարար խաղաժամանակ է ստանում։

Ինչ վերաբերում է Կեպային, ապա դարպասապահը շատ դժգոհ է ակումբում իր կարգավիճակից։ Նա կնախընտրեր ավելի շատ պարզություն տեսնել Անչելոտիից. մարզիչը երբեք ուղղակիորեն չի հայտարարել, որ Անդրեյ Լունինը դարձել է «Ռեալի» հիմնական դարպասապահը, մինչև Տիբո Կուրտուան ​​ապաքինվում է վնասվածքից:

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023