Պաշտոնական. Նեյմարը տեղափոխվեց Ալ Հիլալ

Պաշտոնական. Նեյմարը տեղափոխվեց Ալ Հիլալ

15/08/2023 - 22:56

Ինչպես տեղելացնում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլալի» մամուլի ծառայությունն, ակումբը գնել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարին։

Կողմերը պայմանագիրը կնքել են 2 տարով, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Ալ Հիլալը» գործարքի դիմաց ՊՍԺ-ին վճարելու է մոտ 100 մլն եվրո, որը ներառելու է նաև հավելավճարները։

Ինսայդեր Ֆաբրիցո Ռոմանոն հաստատում է, որ բրազիլացի ֆուտբոլիստը նոր ակումբի կազմում ստանալու է ֆուտբոլի պատմության ամենաբարձր աշխատավարձը, որը կազմելու է տարեկան 300 մլն դոլար։

Նշվում է, որ ևս 100 մլն դոլար Նեյմարը վաստակելու է գովազդային տարբեր պայմանագրերից ու իմիջային իրավունքներից։

Հաղորդվում է, որ այս գործարքն ավարտին են հասցրել Նեյմարի հայրն ու գործակալ Պինի Զահավին։

Հատկանշական է, որ «Բարսելոնան» նույնպես ցանկացել է վերադարձնել Նեյմարին։

«Բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան նույնիսկ հանդիպել է ՊՍԺ-ի ղեկավար Նասեր Ալ Խելայֆիին, սակայն Նեյմարն անձամբ է արգելափակել այս գործարքը` հայտնելով, որ քանի դեռ «Բարսելոնան» մարզում է Խավին, նա չի վերադառնա ակումբ։

Հավելենք, որ այս գործարքը դարձել է ՊՍԺ-ի պատմության ամենաթանկարժեք վաճառքը` գերազանցելով Գոնսալո Գեդեշի ռեկորդը, ում դիմաց 2018 թ. ամռանը «Վալենսիան» վճարել է 40 մլն եվրո։

Բացի այդ, այս գործարքը դարձել է ինչպես Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի, այնպես էլ «Ալ Հիլալի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը և գերազանցել Մալկոմի ռեկորդը, ում դիմաց ակումբը «Զենիթին» վերջերս վճարել է 60 մլն եվրո։

Հիշեցնենք, որ Նեյմարը ՊՍԺ-ի կազմում հանդես էր գալիս 2017 թ. օգոստոսից։ Այդ ժամանակ փարիզյան ակումբը բրազիլացի ֆուտբոլիստի դիմաց «Բարսելոնային» վճարել է 222 մլն եվրո, ինչը մինչ օրս ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք տրանֆերն է։

Նեյմարը «Պարի Սեն-Ժերմենի» կազմում անցկացրել է 173 հանդիպում` դառնալով 118 գոլի և 77 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023