Չեմպիոնների լիգայի  խորհրդանշական հավաքականն՝ ըստ Interfootball.am-ի

Չեմպիոնների լիգայի խորհրդանշական հավաքականն՝ ըստ Interfootball.am-ի

24/08/2020 - 18:57

Օգոստոսի 23-ին Լիսաբոնում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 խաղարկության վերջին՝ երզափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին՝ 6-րդ անգամ նվաճելով բաղձալի գավաթը։

Ընդհանրապես, ՉԼ ընթացիկ մրցաշրջանը բավականին յուրօրինակ ստացվեց, քանի որ փլեյ-օֆֆ-ի միայն 1/8 եզրափակիչ փուլն անցավ ավանդական ձևով, իսկ մրցաշարի քառորդ եզրափակչից սկսած հանդիպումներն անցկացվեցին «ութի եզրափակչի» ձևաչափով, իսկ խաղերը կայացան Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբանում։ Դիմակայություններն էլ բաղկացած էին մեկ խաղից։

«Բավարիան» արժանիորեն նվաճեց ՉԼ գավաթը՝ սահմանելով հավանական և անհավանական ռեկորդներ, իսկ այժմ ներկայացնում ենք այն ընտրյալ 11 ֆուտբոլիստներին, ովքեր հայտնվել են Interfootball.am-ի կազմած խորհդրանշական հավաքականում։

Դարպասապահ – Մանուել Նոյեր

Ակումբ – «Բավարիա»

Հանդիպումներ – 11

Բաց թողած գոլեր – 8

«Չոր» խաղեր – 6

«Դարպասապահը թիմի կեսն է» արտահայտությունը տիպիկ Մանուել Նոյերի մասին է, ով ոչ միայն իր թիմի կեսն է, այլև անվախ ոգին։ Մանուն 34 տարեկանում հերթական անգամ ապացուցեց, թե որքան բարձրակարգ դարպասապահ է նա։ Նախորդ տարիներին գերմանացի դարպասապահը շատերի կարծիքով կորցրել էր նախկին խաղային փայլը, սակայն ընթացիկ մրցաշրջանում նա պարզապես փայլեց, իսկ եզրափակիչ խաղում Նեյմարի և Մարկինիոսի հարվածներից հետո նա պարզապես հիանալի սեյվերի հեղինակ դարձավ։ Բացի դրանից, Նոյերը նաև անցկացրած 6 «չոր» խաղով դարձավ մրցաշարի լավագույն դարպասապահը՝ իրենից հետ թողնելով Կեյլոր Նավասին, ով ՊՍԺ-ի կազմում անցկացրեց 5 այդպիսի խաղ։ Այսպես շարունակելու դեպքում Նոյերը դեռևս նվազագույնը 2-3 մրցաշրջան կլինի «Բավարիայի» N1-ը։

Աջ պաշտպան – Յոզուա Կիմիխ

Ակումբ – «Բավարիա»

Հանդիպումներ – 11

Գոլեր – 2

Գոլային փոխանցումներ – 4

Այս տղան պարզապես անհավանական էներգիայի և եռանդի տեր ֆուտբոլիստ է։ 25-ամյա ֆուտբոլիստը փակում է ինչպես պաշտպանության աջ եզրը, այնպես էլ հենակետային գոտին, սակայն, կարծում ենք, որ Կիմիխն ավելի արդյունավետ և օգտակար է գործում հենց պաշտպանության աջ եզրում։ Նա անդադար դաշտի աջ եզրը պահում է իր վերահսկողության տակ, անընդհատ միանում է հարձակումներին, իսկ դրա հետ մեկտեղ հասցնում է նաև հիանալի պաշտպանվել։

Դժվար է հավատալ, բայց Յոզուա Կիմիխը Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկության շրջանակում իր խաղընկերների համար ստեղծել է 28 գոլային պահ։ Այդ ցուցանիշով նա լավագույնն է ընդհանրապես բոլոր ֆուտբոլիստների շրջանակում։ Բացի դրանից, Կիմիխը մրցակցի տուգանային հրապարակում ամենաշատն է դիպչել գնդակին։ Նա այդպիսի հպում կատարել է 108 անգամ, իսկ ընդհանրապես, Կիմիխը ողջ մրցաշարի ընթացքում ամենաշատն է հպվել գնդակին՝ 985 անգամ։

Կիմիխը միայն «Բարսելոնայի» դեմ խաղում կատարել էր 7 «կարևոր» փոխանցում (խմբ՝ փոխանցում, որից հետո հարված է տեղի ունենում դեպի մրցակցի դարպասի ուղղությամբ կամ դարպասին), իսկ եզրափակիչ խաղում հենց նրա փոխանցումից հետո Կինգսլի Կոմանը խփեց հաղթական գնդակը։ Գերմանացի պաշտպանը փլեյ-օֆֆ փուլի վերջին 3 խաղերում կատարեց բոլորից շատ գոլային փոխանցումներ՝ 4 ասիստ։ Այդ հարցում Կիմիխին օգնում է նաև նրա փոխանցումների ճշգրտությունը, որը կազմում է 88․1 %:

Կենտրոնական պաշտպան – Դայո Ուպամեկանո

Ակումբ – «Լայպցիգ»

Հանդիպումներ – 8

Այս ֆուտբոլիստը եվրոպական ֆուտբոլի ամենախոստումնալից կենտրոնական պաշտպաններից մեկն է։ Բազմաթիվ հանդիպումներում տպավորություն է ստեղծվել, թե 21-ամյա կենտրոնական պաշտպանն ունի երկու սիրտ և չորս թոք, քանի որ խաղադաշտում երբեք չեք տեսնի, որ Ուպամեկանոն անգործ կանգնած լինի, նրա շունչը փչի կամ որևէ մեկի հետևից չհասցնի։

Բոլորս ենք հիշում, թե Ուպամեկանոն մրցաշարի քառորդ եզրափակչի շրջանակում ինչ անհավանական ֆուտբոլ ցուցադրեց «Ատլետիկո Մադրիդ» դեմ խաղում։ Այդ հանդիպման ընդմիջմանը Squawka Football-ը հետաքրքիր վիճակագրություն հրապարակեց, որը կապված էր ֆրանսիացի պաշտպանի ցույց տված խաղին։ Բանն այն է, որ այդ հանդիպման առաջին խաղակեսում Ուպամեկանոն մի շարք ասպեկտներում ցույց է տվել 100 տոկոսանոց արդյունք։ Ուպամեկանոն «հդնկացիների» դեմ կայացած առաջին խաղակեսում բոլոր ձեռնարկված փորձերից հետո մրցակցից խլել է գնդակը, նրա բոլոր սահանկումներն ավարտվել էին հաջողությամբ, ինչպես նաև գրանցել է հարվածների 100 տոկոսանոց ճշգրտություն։ Համաձայնե՛ք, որ նույնիսկ եվրոպական ամենաբարձրակարգ պաշտպանների համար դժվար է գրանցել այպիսի արդյունք։

Բայց դա, Ուպամեկանոյի միակ հաջող հանդիպումը չէր Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի խաղարկությունում, քանի որ ֆրանսիացի պաշտպանը մեկ խաղի ընթացքում միջինը կատարել է 3․1 գնդակի խլում, 1․5 անգամ կասեցրել է մրցակցի գրոհները, 3․4 գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից, իսկ մրցակցի ֆուտբոլիստները նրան դրիբլինգի օգնությամբ շրջանցել են ընդամենը 0․3 անգամ։

Կենտրոնական պաշտպան – Տիագո Սիլվա

Ակումբ – ՊՍԺ

Հանդիպումներ – 9

Տիագո Սիլվան «Պարի Սեն-Ժերմենի» համար կատարյալ ֆուտբոլիստ է եղել անցնող 9 տարիների ընթացքում։ Գրեթե երբեք չի եղել այնպիսի դեպք, երբ բրազիլացի պաշտպանը փարիզյան ակումբին փաստի առաջ կանգնեցնի և իր խաղով մշտապես ապացուցել է, որ բարձրակարգ պաշտպան է։ Ընթացիկ մրցաշրջանում Սիլվային իրավմամբ կարելի է համար էլ ՊՍԺ-ի թաքնված առաջատարը, ով իր որակներով ակումբին առաջնորդնեց մինչև ՉԼ եզրափակիչ։

ՊՍԺ-ի եզրափակիչ հասնելը մեծապես կապված է նաև ակումբի պաշտպանության հիանալի խաղով, որի իսկական հենասյունը միաշանակ Տիագո Սիլվան է, ով նույնիսկ 35 տարեկան հասակում չի կորցրել իր բարձր որակները։ Սիլվան ՉԼ ընթացիկ մրցաշրջանի ընթացքում միջինը մեկ խաղում կատարել է 1․3 գնդակի խլում, 1․4 գրոհի կասեցում, 4․3 անգամ էլ հեռացրել գնդակը սեփական տուգանային հրապարակից, ինչում էլ նրան օգնել է նրա՝ գլխով խաղալու հիանալի ունակությունը։

Բրազիլացի պաշտպանը, միանշանակ, «Պարի Սեն-Ժերմենի» պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է և երեկ նա փարիզյան ակումբի կազմում անցկացրեց իր վերջին հանդիպումը։ Խոսակցություններ կան, որ Սիլվան տեղափոխվելու է «Չելսի»։ Փաստ է, որ չնայած Սիլվայի տարիքին, եվրոպական գրանդ ակումբները դեռևս հաշվի են նստում նրա հետ և ցանկանում են նրա կարգի բարձրակարգ ֆուտբոլիստ ունենան իրենց շարքերում։

Ձախ պաշտպան – Ալֆոնսո Դևիս

Ակումբ – «Բավարիա»

Հանդիպումներ – 8

Գոլային փոխանցումենր – 4

Այս տղան իրավմամբ եվրոպակական ֆուտբոլի ավարտված մրցաշրջանի գլխավոր բացահայտումն է։

Եթե մրցաշրջանի ընթացքում «Բավարիայի» պաշտպանությունում խնդիրներ չլինեին, և եթե Լյուկա Էրնանդեսն ու Բենջամեն Պավարը վնասվածքներ չստանային, ապա, հավանական է, որ Ալֆոնսո Դևիսը կորեր մյունխենյան ակումբի պահեստայինների նստարանին կամ էլ չբացահայտեինք նրա պաշտպանողական ունակությունները։

Մրցաշրջանի ընթացքում նոմինալ ձախ վինգեր համարվող Ալֆոնսո Դևիսը վերաորակավորվեց որպես ձախ պաշտպան և սկսեց նրա անհավանական հեքիաթը։ Որևէ մեկը չէր կարող պատկերացնել, որ 19-ամյա կանադացի ֆուտբոլիստը կարող է այդքան արագ ոչ միայն հարմարվել նոր դիրքին, այլև ցուցադրի անհավանական ֆուտբոլ։

Ավարտված մրցաշրջանում նա հանդիպումներից մեկի ժամանակ զարգացրել է 35․4 կմ/ժ արագություն, ինչի շնորհիվ դարձել է Բունդեսլիգայի պատմության ամենաարագավազ ֆուտբոլիստը։ Նա հենց այդ արագության շնորհիվ դաշտում հասցնում է ամեն ինչ։ Դևիսը ձախ պաշտպանի դիրքի համար ունի անհավանական տեխնիկական ունակություններ՝ միջինը մեկ խաղում կատարելով 3․3 հաջողված դրիբլինգ։ «Բարսելոնայի» պաշտպանները, հատկապես՝ Նելսոն Սեմեդուն կփաստեն դրա մասին։ Միայն այն հայտնի անցումի համար նրան կարելի էր ընդգրկել այս խորհրդանշական հավաքականում։ Հավանաբար այդ օրը Դևիսն անցկացրեց կարիերայի լավագույն հանդիպումը, որի շրջանակում միայն 5 անգամ հաջողված դրիբլինգի հեղինակ դարձավ։

Բացի տեխնիկայից, Դևիսը հիանալի կերպով հասցնում է նաև պաշտպանվել։ Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում նա մեկ խաղում միջինը կատարել է 2․4 գնդակի խլում, 1․3 անգամ կասեցրել է մրցակցի գրոհները, 1․2 անգամ գնդակը հեռացրել է սեփական տուգանային հրապարակից,ինչպես նաև կատարել է 1․1 «կարևոր» փոխանցում։

Ալֆոնսո Դևիսն այպիսի խաղով քայլ առ քայլ դառնում է աշխարհի լավագույն ձախ պաշտպաններից մեկը, եթե ոչ լավագույնը։

Կենտրոնական կիսապաշտպան – Տիագո Ալկանտարա

Ակումբ – «Բավարիա»

Հանդիպումներ – 10

Գոլային փոխանցումներ – 2

Տիագո Ալկանտարան ընթացիկ մրցաշրջանում մյունխենյան ակումբի կազմում ինչ-որ պահ կորցրել էր տեղը մեկնարկային կազմում, սակայն Բենջամեն Պավարի վնասվածքը Հանսի Ֆլիկին կրկին ստիպեց դաշտի կենտրոն վերադարձնել հենց Տիագոյին, իսկ Կիմիխը սկսեց հանդես գալ իրեն հարազատ աջ պաշտպանի դիրքում։

Հենց Տիագոյի՝ դաշտի կենտրոն վերադառնալը «Բավարիային» ավելի ամուր և հուսալի դարձրեց, քանի որ իսպանացի կիսապաշտպանն ապացուցեց, որ իզուր չէ աշխատավարձի բարձրացում պահանջում ակումբի ղեկավարությունից։ ՉԼ փլեյ-օֆֆ փուլի վերջին 4 խաղերում նա ոչ միայն հիանալի քանդում էր մրցակիցների գրոհները, այլև նույն հաջողությամբ սկսում էր իր թիմի գրոհները՝ ստեղծելով գոլային պահեր իր թիմակիցների համար։ Հաճախ տպավորություն է ստեղծվում, թե Տիագոն դանդալոշ, ֆիզիկապես թույլ ֆուտբոլիստ է և միշտ հոգնած, սակայն երբ մտնում է խաղադաշտ, նա կերպարանափոխվում է և հանգիստ անում է իր գործը։

Հենց Տիագո Ալկանտարային կարելի է համարել եզրափակիչ հանդիպման լավագույն ֆուտբոլիստը։ Իսպանացի կիսապաշտպանը Whoscored.com-ի կողմից ստացել էր հանդիպման ամենաբարձր գնահատականը՝ 7․46, և հենց նրա շնորհիվ մյունխենյան ակումբը մարտավարական առումով ուժեղ գտնվեց իր մրցակցի նկատմամբ։ Երեկվա կայացած խաղում 29-ամյա կիսապաշտպանը կատարել էր 85 փոխանցում՝ 88․2 % ճշգրտությամբ, 14 երկար փոխանցում, որոնցից 10-ը ճշգրիտ, 2 «կարևոր» փոխանցում, 2 հաջողված դրիբլինգ, 3 գնդակի խլում, ինչպես նաև 2 անգամ կասեցրել էր մրցակցի գրոհները։ Նա հավասարը չուներ դաշտի կենտրոնում։

Ակնհայտ է, որ Տիագոն ներկայիս «Բավարիայի» շարժիչ ուժերից մեկն է, սակայն նա կարծես թե հեռանում է ակումբից և խոսակցություններ կան, որ իսպանացի կիսապաշտպանը պայմանագիր է համաձայնեցրել «Լիվերպուլի» հետ։ Վստահաբար կարող ենք ասել, որ «Բավարիայի» համար դա մեծ կորուստ է լինելու։

Կենտրոնական կիսապաշտպան – Կևին դե Բրոյնե

Ակումբ – «Մանչեսթեր Սիթի»

Հանդիպումներ – 7

Գոլեր – 2

Գոլային փոխանցումներ – 2

Անկախ այն փաստից, որ «Մանչեսթեր Սիթին» սպասվածից շուտ լքեց մրցաշարը, բելգիացի ադամանդին չէինք կարող չընգրկել մեր խորհրդանշական հավաքականում, քանի որ նա անցկացրեց իր կարեիրայի լավագույն մրցաշրջանը։

29-ամյա կիսապաշտպանը բոլոր ասպեկտներում խաղադաշտում պարզապես անկասելի էր, ինչը հատկապես նկատելի դարձավ «Ռեալի» դեմ երկու խաղերում։ Կևինը փայլեց նաև «Լիոնի» դեմ կայացած չարաբաստիկ խաղում, սակայն նրա խաղընկերները և Պեպ Գվարդիոլան պարզապես «քաշեցին» նրան։ Դժվար է գուշակել, թե ի՞նչ տեղի կունենար եթե ՉԼ կիսաեզրափակիչում «Բավարիան» բախվեր «Մանչեսթեր Սիթիին», այլ ոչ թե «Լիոնին», սակայն ունենք այն, ինչ ունենք։

Դժվար է պատկերացնել, սակայն Դե Բրոյնեն «Ռեալի» (2։1) կայացած պատասխան խաղում միայնակ կատարել էր 9 «կարևոր» փոխանցում, 3 հարված, 2 գնդակի խլում, 50 փոխանցում՝ 86 % ճշգրտությամբ, 10 անգամ էլ գնդակը կախել է մրցակցի տուգանային հրապարակի վրա։

«Լիոնի» դեմ խաղում Պեպ Գվարդիոլան զարմանալիորեն պաշտպանողական մարտավարություն էր նախընտրել,ինչն էլ հետագայում ճակատագրական եղավ, քանի որ մանկունյական ակումբին գրոհների ժամանակ 1-2 ֆուտբոլիստ պակասում էր, որպեսզի գրոհները եզրափակիչ ավարտին հասցվեն, բայց նույնիսկ այդ ամենը չխանգարեց, որ ԿԴԲ-ն հերթական «մենահամերգն» ունենա։ 6 հարված, 2 «կարևոր» փոխանցում, 2 գնդակի խլում, 4 անգամ գնդակի հեռացում սեփական տուգանային հրապարակից, 17 կրոս, 4 երկար փոխանցում․․․ Կևինն ամեն ուր էր, բայց, ինչպես արդեն նշեցինք, նրան պարզապես «քաշեցին» մյուսները, իսկ Ռահիմ Սթերլինգը, հավանական է, որ դեռևս անքուն գիշերներ է ունենում իր թույլ տված խայտառակ վրիպման պատճառով։

Շատերը կկարծեն, թե շատ ենք կենտրոնանում վիճակագրական տվյալների վրա, սակայն երբեմն ֆուտբոլիստների ՕԳԳ-ն ավելի շատ նկատվում է հենց թվերի տեսքով, քանի որ կատարած սևագործ աշխատանաքը հաճախ չի էլ նկատվում անզեն աչքով, իսկ Կևին դե Բրոյնեն դաշտի բոլոր ասպեկտներում «Սիթիի» կազմում ընթացիկ մրցաշրջանում չուներ հավասարը և դժվար է կանխագուշակել՝ արդյո՞ք «Բավարիայի» պաշտպանները կգտնեին նրա դեմ հակախաղ, թե՞ ոչ։

Աջ վինգեր – Սերժ Գնաբրի

Ակումբ – «Բավարիա»

Հանդիպումներ – 10

Գոլեր – 9

Գոլային փոխանցումներ – 2

Սերժ Գնաբրիի խաղային առաջընթացը, իրոք, գերակնհայտ է։ Դեռևս 3-4 տարի առաջ նրան շատերը համարում էին տաղանդը վատնող, վնասվածքների հակում ունեցող ֆուտբոլիստ, իսկ երբ հանդես էր գալիս «Վեսթ Բրոմվիչի» կազմում, գլխավոր մարզիչ Տոնի Պյուլիսը խաղերից մեկի ժամանակ նրան խաղադաշտում պահեց ընդամենը 12 րոպե՝ պատճառաբանելով, որ Գնաբրին չի «ձգում» ԱՊԼ-ի մակարդակը։ Այդ մասին մենք արդեն պատմել ենք։

Կար մի ժամանակ, երբ «Բավարիան» լրջորեն անհանգստանում էր Արյեն Ռոբենի և Ֆրանկ Ռիբերիի փոխարինման հարցում, սակայն այժմ Ռոբենի փոխարինման հարցում «գերմանական մեքենան» վստահաբար կարող է հանգիստ լինել, քանի որ 25-ամյա գերմանացի վինգերը ժամանակ առ ժամանակ հիշեցնում է հենց հոլանդացի ֆուտբոլիստին։ Կիսաեզրափակչի շրջանակում «Լիոնի» դեմ կայացած խաղում նրա խփած առաջին գնդակը տիպիկ Ռոբենյան գոլ էր․ Գնաբրին աջ եզրից շարժվեց դեպի կենտրոն և ձախ ոտքի դիպուկ «կրակոցով» բացեց խաղի հաշիվը։

Գերմանացի հարձակվողը բավականին էֆֆեկտիվ ֆուտբոլիստ է, քանի որ միջինը մեկ խաղում կատարել է ընդամենը 2․7 հարված, սակայն կարողացել է դառնալ 9 գոլի հեղինակ։ Դեռևս երկար կհիշվի «Տոտենհեմի» դաշտում Գնաբրիի հեղինակած պոկերը՝ օգնելով իր թիմին 2։7 հաշվով ջախջախել մրցակցին։

Բացի այն, որ Սերժը հիանալի է հարձակվում, նա նաև պաշտպանվելիս է օգնում իր թիմին, ավելի ճիշտ՝ հիանալի պրեսինգի է դիմում։ ՉԼ ընթացիկ խաղարկությունում Գնաբրին միջինը մեկ խաղում կատարել է 2․1 գնդակի խլում։

Սերժ Գնաբրին հսկայական քայլերով դառնում է համաշխարհային մակարդակի աստղ, ինչը մեծամասամբ կապված է ֆուտբոլիստի ճիշտ ապրելակերպից, ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվելու ունակությունից։ Գնաբրիին նույնպես կարելի է համարել ավարտված մրցաշրջանի բացահայտումներից մեկը։

Ձախ վինգեր – Նեյմար

Ակումբ – ՊՍԺ

Հանդիպումներ – 7

Գոլեր – 3

Գոլային փոխանցումներ – 4

Նեյմարը «Բարսելոնայից» հեռանալուց հետո առաջին անգամ հնարավորություն էր ստացել կրկին հաղթել Չեմպիոնների լիգան, սակայն մի փոքր չհերիքեց։

Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆ հատվածում Նեյմարին կարելի է համարել ՊՍԺ-ի լավագույն ֆուտբոլիստը։ Այդպիսի Նեյմար ֆուտբոլային հանրությունը շատ վաղուց չէր տեսել։ Բրազիլացին այնքան լի էր հաղթելու ցանկությամբ, որ երբեմն դա խանգարում էր իրեն։ Ֆանտաստիկ անցումներ, դրիբլինգ, գեղեցիկ փոխանցումներ, հարվածներ։ Վերջին խաղերում նրա խաղում ամեն ինչ կար․․․ բացի գոլերից։

Քառորդ եզրափակչի շրջանակում «Ատալանտայի» դեմ կայացած խաղում Նեյը կատարել էր 15 հաջողված դրիբլինգ։ 15, Կառլ,15։ Նույնիսկ Լեո Մեսսին իր կարիերայի պիկին մեկ խաղում չէր կատարում 15 հաջողված դրիբլինգ։ Այդ խաղում Նեյմարը ևս մեկ հիանալի ցուցանիշ գրանցեց․ նրա նկատմամբ մրցակիցները 9 անգամ խախտում էին թույլ տվել։ Ընդհանրապես Նեյմարը ՉԼ ավարտված խաղարկությունում վաստակած խախտումների քանակով բոլոր ֆուտբոլիստների շրջանակում լավագույնն էր (միջինը մեկ խաղում 4․4 վաստակած խախտում), իսկ հաջողված դրիբլինգի առումով զիջել է միայն Մեսսիին։ Մեսսին միջինը մեկ խաղում աչքի է ընկել 7․1 հաջողված դրիբլինգով, իսկ Նեյը՝ 6․1։

Եզրափակիչ խաղից ավարտից հետո բրազիլացի ֆուտբոլիստը հոնգուր-հոնգուր արտասվում էր, ինչն էլ ապացուցեց, որ հաղթելու անչափ շատ ցանկությունը հաճախ խանգարում է թե՛ ֆուտբոլիստին, թե՛ տվյալ ակումբին, ինչն էլ արտահայտվում էր Նեյմարի՝ խաղադաշտում չիրացրած գոլային պահերով, սակայն, չենք կարող չնշել, Նեյմարը վերջապես վերածվել է «Պարի Սեն-Ժերմենի» առաջատարը, իսկ փարիզյան ակումբը կամաց-կամաց դառնում է գրանդ ակումբ։

«Հետ քաշված» հարձակվող – Թոմաս Մյուլլեր

Ակումբ – «Բավարիա»

Հանդիպումներ – 10

Գոլեր – 4

Գոլային փոխանցումներ – 3

Հանսի Ֆլիկի «Բավարիան» գլխավորելուց հետո ականատես ենք լինում Թոմաս Մյուլլերի ռենեսանսին, ով վստահաբար կարող ենք ասել, որ անցկացրեց իր կարիերայի լավագույն մրցաշրջանը։

Ֆլիկը Մյուլլերին վերադարձրեց իր սիրելի դիրք և Կառլո Անչելոտիի և Նիկո Կովաչի նման նրան չի իջեցնում դաշտի կենտրոն՝ տալով նրան ազատություն։ Գերմանացի մարզիչը 30-ամյա ֆուտբոլիստին խաղացնում է, այսպես կոչված, «հետ քաշված» հարձակվողի դիրքում, որը ֆուտբոլում վաղուց քիչ օգտագործվող տերմին է։ Մյուլլերի հիմնական գործառույթը տարածություններ փնտրելն է, գնդակի խլումը և արագ այն կենտրոնական հարձակվողին փոխանցելը։

Լինելով նոմինալ հարձակվող՝ դժվար է հստակ որոշել Մյուլլերի խաղային դիրքը, քանի որ նա հարձակման գրեթե բոլոր դիրքերում էլ հայտնվում է, իսկ ՉԼ 2019/20 խաղարկությունը նրա բենեֆիսային երեկոներից մեկը դարձավ։ Հատկապես տպավորիչ էր «Բարսելոնայի» դեմ կայացած խաղը, երբ գերմանացի ֆուտբոլիստը դարձավ 2 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։ Նա այդ խաղում Whoscored-ի կողմից ստացել էր անհավանական՝ 10 գնահատականը, իսկ նման բան հաճախ չէ, որ կտեսնենք։ Այդ խաղում բացի արդյունավետ գործողություններից, Մյուլլերը 5 անգամ իր խաղընկերներին դուրս էր բերել հարվածային դիրք, 1 անգամ դիմել էր հաջող դրիբլինգի, 1 անգամ խլել էր գնդակը, 1 անգամ կասեցրել էր մրցակցի գրոհը, 2 անգամ գնդակը հեռացրել էր սեփական տուգանային հրապարակից, 36 փոխանցում էր կատարել, որոնցից 88․9 %-ը ճշգրիտ։ Տպավորիչ է, չէ՞։

Թոմաս Մյուլլերը ներկայիս «Բավարիայի» իսկական շարժիչն է և վստահաբար կարելի է ասել, որ եթե հանենք Մյուլլերին, ապա «Բավարիայի» հարձակումը, դինամիկան, ներուժը այն չի լինի, ինչ մենք տեսնում ենք։

Կենտրոնական հարձակվող – Ռոբերտ Լևանդոկվսի

Ակումբ – «Բավարիա»

Հանդիպումներ – 10

Գոլեր – 15

Գոլային փոխանցումներ – 6

Ռոբերտ Լևանդովսկին անցկացրեց կարիերայի լավագույն մրցաշրջանը՝ ցույց տալով այլմոլորակային արդյունավետություն։ Նախորդ տարիներին լեհ հարձակվողը նույնպես արդյունավետ էր, սակայն նրան անընդհատ մի բան պակասում էր, սակայն թե՛ կայացած մրցաշրջանի մեկնարկից առաջ, թե՛ կորոնադադարի ընթացքում Լևան իր ժամանակի մեծ մասն անցկացրել է մարզասարքերի վրա, ինչն էլ ակնհայտորեն երևում էր նրա ցուցադրած ֆուտբոլի վրա։

Չենք վախենա այս խոսքերից, բայց ավարտված մրցաշրջանում լեհ հարձակվողը Չեմպիոնների լիգայի և ընդհանրապես ողջ եվրոպական ֆուտբոլի լավագույն ֆուտբոլիստն էր։ Միայն պատկերացրե՛ք՝ Լևանդովսկին Չեմպիոնների լիգայի ավարտված խաղարկությունում, բացի եզրափակիչ խաղից, գոլի հեղինակ է դարձել իր մասնակցությամբ բոլոր խաղերում։

Լևանդովսկին մշտապես միտված է մրցակցի դարպասը, ինչն էլ արտահայտվում է նաև թվերով։ Նա ՉԼ ավարտված խաղարկությունում միջինը մեկ խաղում ամենաշատն է հարվածել մրցակցի դարպասին (5․2 անգամ): Լևանդովսկին նաև հիանալի խաղարկող է, ինչի արդյունքում դարձավ 6 գոլային փոխանցման հեղինակ, իսկ միջինը մեկ խաղում կատարել է 2․1 «կարևոր» փոխանցում։ ԼևանԳոլսկին իր ցուցադրած անհավանական խաղի շնորհիվ ՉԼ ավարտված խաղարկությունում ամենաշատն է ճանաչվել խաղի լավագույն ֆուտբոլիստ։ Նա նման նվաճման հասել է 6 անգամ, իսկ մոտակա հետապնդող Լեո Մեսսին՝ 4։

Ակնհայտ է, որ Ռոբերտ Լևանդովսկին «France Football» պարբերականի զոհը դարձավ, քանի որ «Ոսկե գնդակին» լեհ հարձակվողն այսքան մոտ կանգնած չի եղել։ Լեհ հարձակվողն օգնեց իր թիմին նվաճել բոլոր հնարավոր տիտղոսները, իսկ ինքը դարձավ այդ մրցաշարերի լավագույն ռմբարկու։ Չգիտենք՝ էլ ի՞նչ պիտի աներ Լևանդովսկին, որպեսզի նվաճեր «Ոսկե գնդակը», սակայն ֆրանսիական պարբերականի անհիմն պատճառաբանությունների հետևանքով, հնարավոր է, նա այլևս երբեք այսքան մոտ չլինի այդ մրցանակին։

Ահա և ավարտվեց Չեմպիոնների լիգայի ամենայուրօրինակ խաղարկությունը, իսկ մեր 11 ընտրյալները խաղադաշտում կզբաղեցնեին հետևյալ դիրքերը․

Սիրեք՛ ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023