Թրիլլեր Լոնդոնում․ Վեսթ Բրոմը առաջին պարտությունն է «պարգևում» Տուխելին🎥

Թրիլլեր Լոնդոնում․ Վեսթ Բրոմը առաջին պարտությունն է «պարգևում» Տուխելին🎥

03/04/2021 - 17:25

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի մեկնարկային խաղում «Չելսին» սեփական հարկի տակ մրցեց հետնապահների թվում ընթացող «Վեսթ Բրմովիչի» դեմ։

Առաջին խաղակեսն անչափ հետաքրքիր և դրամատիկ պայքարում անցավ։ Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց «ազնվականների» առավելությամբ, ովքեր 27-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը։ Մարկոս Ալոնսոյի իրացրած տուգանային հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ինչից հետո վրա հասած Քրիստիան Պուլիշիչը գրավեց արդեն դատարկ դարպասը։

Խփած գոլից հետո «Չելսիի» համար ամեն ինչ 180 աստիճանով փոխվեց, քանի որ 29-րդ րոպեին Տիագո Սիլվան երկրորդ դեղին քարտի պատճառով հեռացվեց դաշտից։

Ստանալով քանակական առավելություն՝ «Վեսթ Բրոմի» ֆուտբոլիստներն սկսեցին ավելի հանգիստ և վստահ գործել, ինչն էլ տվեց իր արդյունքը։

Նախ 45+2-րդ րոպեին հյուրերի դարպասապահ Սեմ Ջոնսթոնի երկար փոխանցումից հետո բրազիլացի վինգեր Մաթեուս Պերեյրան գնդակն Էդուարդ Մենդիի գլխի վրայով նետեց դարպասը, ապա 45+4-րդ րոպեին Պերեյրան արդեն դուբլ ձևակերպեց՝ հաշիվը դարձնելով 1։2։

Երկրորդ խաղակեսն անչափ ակտիվ մեկնարկեցին Թոմաս Տուխելի սաները, ովքեր մի շարք իրական գոլային պահեր ստեղծեցին։ 54-րդ րոպեին հաշիվը 2։2 դարձնելուն մոտ էր Մարկոս Ալոնսոն, սակայն իսպանացի լատերալի հարվածից հետո գնդակը կրկին դիպավ դարպասաձողին։

Այդ ակտիվությունը հանգեցրեց, որ «Չելսիի» պաշտպանությունում սկսեցին բացեր առաջանալ, ինչից էլ օգտվեցին խաղի հյուրերը, ովքեր շատ արագ հանեցին հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը, քանի որ 63-րդ ու 68-րդ րոպեներին երկու անգամ նետվեցին կտրուկ հակագրոհի և հաշիվը դարձրին 1։4։ Գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Կալում Ռոբինսոնն ու Մբայե Դիանեն։

71-րդ րոպեին, ամեն դեպքում, տատներերը մեկ գնդակ հետ բերեցին, իսկ աչքի ընկավ Մեյսոն Մաունթը։

Խփած գոլից հետո էլ «Չելսին» փորձում էր ինչ-որ կերպ բեկել հանդիպման ընթացքը, սակայն հյուրերը հաջողությամբ պաշտպանվում էին։

Դեռ ավելին՝ Սեմ Էլարդայսի սաները խաղավարտին մոտ ևս մեկ գնդակ ուղարկեցին Էդուարդ Մենդիի դարպասը, իսկ խաղի վերջակետը 90+1-րդ րոպեին դրեց Կալում Ռոբինսոնը՝ դառնալով դուբլի հեղինակ։

Այսպիսով, «Վեսթ Բրոմվիչը» հյուրընկալվելիս 5։2 հաշվով անակնկալ հաղթանակ տարավ «Չելսիի» նկատմամբ։

Հավելենք, որ լոնդոնյան ակումբը Թոմաս Տուխելի գլխավորությամբ կրեց առաջին պարտությունը։ Մինչ այս պահը գերմանացի մասնագետի օրոք «Չելսին», անցկացրած 14 խաղերում, տոնել էր 10 հաղթանակ՝ այդ ընթացքում բաց թողնելով ընդամենը 2 գոլ։

«Ազնվականները» մնացին 51 միավորով և զբաղեցնում են 4-րդ հորիզոնականը։

Ինչ վերաբերում է «Վեսթ Բրոմվիչին», ապա ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 21 միավոր և զբաղեցնում է 19-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023