Հիանալի խաղ Գյումրիում․ Շիրակն ու Արարատ-Արմենիան գոլառատ ֆուտբոլ են պարգևում🎥

Հիանալի խաղ Գյումրիում․ Շիրակն ու Արարատ-Արմենիան գոլառատ ֆուտբոլ են պարգևում🎥

07/03/2021 - 16:25

VBet Հայաստանի Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի շրջանակում «Շիրակը» Գյումրիում ընդունեց գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»։

Առաջին խաղակեսը հիմնականում անցավ հանգիստ և հավասար պայքարում, իսկ կողմերն իրենց ակտիվությունը պահել էին երկրորդ խաղակեսի համար։

Նոր էր մեկնարկել երկրորդ կեսը, երբ երևանյան ակումբը 47-րդ րոպեին Զաքարիա Սոնոգոյի գեղեցիկ գոլի շնորհիվ բացեց խաղի հաշիվը։

Բաց թողած գոլից հետո Տիգրան Դավթյանի թիմը չընկճվեց, դեռ ավելին՝ շատ արագ հավասարեցրեց հաշիվը․ 54-րդ րոպեին հարձակման ձախ եզրից Իգոր Ստոյանովիչը գնդակն ուղարկեց մրցակցի տուգանային հրապարակ, որտեղ Լեյբե Ջունիոր Ավեոն էլ փոխանցում կատարեց Յակուբա Սիլուեի ուղղությամբ, ով էլ մոտ տարածությունից չվրիպեց՝ հաշիվը դարձնելով 1։1։

68-րդ րոպեին «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստները հաշվի մեջ կրկին առաջ անցնելու հնարավորություն ունեին, սակայն Ալեքսանդր Կարապետյանը վրիպեց 11-մետրանոց նշակետից․ «Շիրակին» փրկեց դարպասապահ Սպասոյե Ստեֆանովիչը։

70-րդ րոպեին «Շիրակի» ֆուտբոլիստները մնացին 10 ֆուտբոլիստներով, քանի որ երկրորդ դեղին քարտի պատճառով խաղադաշտից հեռացվեց Գյումրին ներկայացնող ակումբի միակ գոլի հեղինակ Յուկուբա Սիլուեն։

79-րդ րոպեին Արմեն Ադամյանի թիմը ևս մեկ 11-մետրանոց հարվածի իրավունք ստացավ։ Գնդակին այս անգամ մոտեցավ Յուսուֆ Օդուբանջոն և դիպուկ հարվածով հաշիվը դարձրեց 2։1։

Թվում էր՝ 10 հոգով մնացած «Շիրակը» չի կարող գոլից հետո ուշքի գալ, սակայն ընդամենը երկու րոպե անց՝ 81-րդ րոպեին, Գյումրու ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի լուսատախտակին վառվեց 2։2 հաշիվը։ Իգոր Ստոյանովիչը ձախ եզրով հերթական անցումը ձեռնարկեց, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցում կատարեց, ինչից հետո Անժելո Մենեզեսը գրավեց սեփական դարպասը։

Խաղավարտին մոտ էլ երևանյան ակումբը տիրեց նախաձեռնությանը՝ փորձելով հաղթանակ կորզել, սակայն «Շիրակի» ֆուտբոլիստներն ավելի մոտ էին հաղթանակի նժարն իրենց կողմը թեքելուն։ 90-րդ րոպեին հիանալի գրոհի արդյունքում Ռոբրետ Հակոբյանը դուրս եկավ հարվածային դիրք, սակայն նրա հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Դիմիտրի Աբակումովը։

Խաղում, ամեն դեպքում, այլևս գոլեր չարձանագրվեցին, որն ավարտվեց 2։2 հաշվով, ինչը նշանակում է, որ ակումբները կիսեցին միավորը։

Այս ոչ-ոքիից հետո «Արարատ-Արմենիան» վաստակեց 22 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը։

Հատկանշական է, որ երևանյան ակումբը VBet Պրեմիեր լիգայի շրջանակում չի հաղթում արդեն 3-րդ խաղն անընդմեջ․«Արարատ-Արմենիան» նախորդ երկու խաղերում նույն՝ 0։1 հաշվով պարտվել էր «Արարատին» և «Ուրարտուին»։

«Շիրակն» էլ վաստակեց 7 միավոր և զբաղենցում է վերջին՝ 9-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023