Յուրիչիչ․ «Ես չեմ ասի դա, որպեսզի թիմակիցներս չբարկանան»․

Յուրիչիչ․ «Ես չեմ ասի դա, որպեսզի թիմակիցներս չբարկանան»․

24/11/2022 - 16:18

Երևանի «Փյունիկը» մեծ խանդավառություն և ոգևորություն մտցրեց հայ ֆուտբոլասերների սրտերում։ Նրանք անգամ մոտ էին եվրագավաթային գարուն պարգևելուն, սակայն կես քայլ չբավականացրեց։ Այդ հաջողության, հայկական ֆուտբոլի ու Քաթար 2022-ի մասին խոսել ենք «Փյունիկի» բոսնիացի հարձակվող 25-ամյա Լուկա Յուրիչիչի հետ։

—«Փյունիկի» հաջողությանը Դուք անմասն չմնացիք։ Ի՞նչ ապրումներ ունեիք եվրագավաթային խաղերում։

Ողջույն, «Փյունիկը» շատ հավակնոտ ակումբ է`մեծ պատմությունով: Պատիվ է լինել այս ակումբում: Հաճելի էր հայկական ակումբային ֆուտբոլի պատմության մեջ ամենամեծ ձեռքբերմանը մասնակցելը։

—Կոնֆերենցիաների լիգայի վերջին խաղում «Բազելին» հաղթելու դեպքում կնվաճեիք փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։ Ցավոք, չստացվեց։ Ի՞նչը խանգարեց թիմին` հաղթելու «Բազելին»:

Բոլոր թիմերը ամեն խաղում շատ ծանր պայքար են մղում՝ փլեյ-օֆֆ դուրս գալու համար, բայց մեզ բախտը չժպտաց՝ անցնելու համար:

—Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայում «Փյունիկը» դեռ իր տարերքում չէ։ Դուք այս տարի ևս պայքարելու եք չեմպիոնության համար։ Ի՞նչ պիտի անի «Փյունիկը» երկրորդ տարին անընդմեջ` չեմպիոն հռչակվելու համար։

Մրցաշրջանը երկար է։ Հիմա, երբ մենք ավարտեցինք մեր ելույթները Կոնֆերենցիաների Լիգայում, լիարժեք կենտրոնացել ենք առաջնությունում չեմպիոն դառնալու վրա։ Մենք դեռ երկու անգամ խաղալու ենք յուրաքանչյուր թիմի դեմ և մենք այս տարի կպաշտպանենք տիտղոսը։

—Ուժային պայքարը հայկական ֆուտբոլի համար սովորական է։ Հե՞շտ հարմարվեցիք Հյուսիային Կորեայի առաջնությունից հետո հայկական ֆուտբոլին։

Այո՛, ես հեշտությամբ հարմարվում եմ հայկական ֆուտբոլին, այդ հարցում ինձ օգնում են բոլորը՝ խաղացողներն ու մարզիչները…

—Դուք այս մրցաշրջանում խփել եք արդեն 8 գոլ։ Մրցակցությունը «Փյունիկում» մեծ է, հատկապես, հարձակման կենտրոնում։ Ձմռանը այն կարող է ավելի մեծանալ։ Սակայն, ինչի՞ հաշվին եք կարողանում հենց Դուք լինել Եղիշե Մելիքյանի համար առաջին ընտրությունը։

Այո՛, ես արդեն 8 գոլ եմ խփել, 3-ը՝ Եվրոպայում, և 5-ը՝ առաջնությունում։ Ուրախ եմ՝ լավ խաղալու և գոլ խփելու համար: Մրցակցությունը առողջ է ակումբի և խաղացողների միջև։ Այն դիրքում, որտեղ կուզի՝ մարզիչը խաղամ, ես կխաղամ։

—Թիմում կա՞ն այնպիսի ֆուտբոլիստներ, ում խաղը կուզեք առանձնացնել և ինչո՞ւ։

Թիմում շատ լավ խաղացողներ կան, և ես չեմ ուզում որևէ մեկին առանձնացնել, որպեսզի մյուսները չբարկանան։

—Fastex Հայաստանի Պրեմիեր Լիգայից ո՞ր պաշտպանի դեմ եք դժվար խաղացել։

Առաջնությունում իսկապես լավ պաշտպաններ կան, շիրակցի Պրլևիչը շատ լավ խաղացող է:

—Ո՞րն է Ձեր ֆուտբոլային կարիերայի երազանքը։

Իմ միակ երազանքն է մնալ առողջ և անել այն, ինչ սիրում եմ անել: Որովհետև ես 3 շատ ծանր վիրահատություն եմ տարել ծնկներիս համար, և հիմա ես ուրախ եմ, որ խաղադաշտում եմ։

—Ունե՞ք ֆուտբոլային կուռք։

Իմ ֆուտբոլային կուռքը Զլատան Իբրահիմովիչն է։

—Աշխարհի առաջնությունն է ընթանում․ ո՞ր թիմին եք երկրպագում։

Խորվաթիային։

Հարցազրույցը վարեց Սամվել Մխիթարյանը

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023