Գեղեցիկ հանդիպում Ֆլորենցիայում․ Միլանը բնավորություն ցույց տվեց  և շարունակում է չեմպիոնական պայքարը 🎥

Գեղեցիկ հանդիպում Ֆլորենցիայում․ Միլանը բնավորություն ցույց տվեց և շարունակում է չեմպիոնական պայքարը 🎥

21/03/2021 - 22:59

Շարունակվում է իտալական Ա սերիայի 28-րդ տուրը, որի շրջանակում առաջատարների թվում ընթացող «Միլանն» արտագնա խաղում մրցեց «Ֆիորենտինայի» դեմ։

Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին հյուրերը և արդեն 9-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ։ Սիմոն Կյայերի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ միլանցիների շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը։

«Ռոսոներիների» ուրախությունը երկար չտևեց, քանի որ արդեն 17-րդ րոպեի դրությամբ հաշիվը կրկին հավասար էր՝ 1։1, իսկ «մանուշակների» կազմում գոլն իր անվան դիմաց գրանցեց Էրիկ Պուլգարը՝ տուգանային հարվածով դառնալով գեղեցիկ գոլի հեղինակ։

Մինչ առաջին խաղակեսի ավարտն ազդարարող սուլիչի ձայնը երկու թիմերն էլ կարող էին հաղթանակի նժարն իրենց կողմը թեքել, սակայն նրանց պակասում էր դիպուկությունը, իսկ կողմերն ընդմիջման գնացին հաշվի մեջ հավասար պայմաններում։

Երկրորդ խաղակեսը արագ գոլերի տեսանյունից, կարծես, առաջինի կրկնությունը լիներ, սակայն այս անգամ 51-րդ րոպեին հաշվի մեջ առաջ անցան տանտերերը, իսկ գոլի հեղինակ դարձավ «Ֆիորենտինայի» վետերան հարձակվող Ֆրանկ Ռիբերին։

6 րոպե անց՝ հանդիպման 57-րդ րոպեին, կրկին հաշիվը հավասար էր։ Այս անգամ «Միլանի» կազմից աչքի ընկնելու հերթը Բրահիմ Դիասինն էր, ով անկյունայինի խաղարկումից հետո դիպուկ հարվածով գրավեց Պյետրո Տերաչանոյի պաշտպանած դարպասը։ Ի դեպ, գոլային փոխանցում կատարողի դերում կրկին Կյայերն էր, ով կատարեց իր երկրորդ գոլային փոխանցումը։

Ոգևորված փեռքբերածով՝ Ստեֆանո Պիոլիի սաները նետվեցին առաջ՝ հաջողությունը զարգացնելու և 73-րդ րոպեին այս խաղում արդեն երկրորդ անգամ առաջ անցան հաշվի մեջ։ Ֆրանկ Կեսիեի փոխանցումից հետո այս անգամ գոլի հեղինակ դարձավ արդեն Հական Չալհանօղլուն՝ դարձնելով հաշիվը 3։2։

Ինչպես պարզվեց հետագայում՝ հաշվի մեջ այլևս փոփոխություն չգրանցվեց, քանի որ հյուրերին հաջողվեց պահպանել առավելությունը։

Այս հաղթանակից հետո «Միալնը» 28 խաղերից հետո վաստակեց 59 միավոր և զբաղեցնում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը՝ առաջատար ինտերին այս պահին զիջելով 6 միավոր։

«Ֆիորենտինան» մնաց նախապես վաստակած 29 միավորով և զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023