Հիասքանչ ֆուտբոլ Լոնդոնում. Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Լիվերպուլին🎥

Հիասքանչ ֆուտբոլ Լոնդոնում. Արսենալը գոլառատ խաղում հաղթեց Լիվերպուլին🎥

09/10/2022 - 21:36

Անգլիական Պրեմիեր լիգայի 10-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Լոդոնի «Էմիրեյթս» մարզադաշտում, որտեղ միմյանց դեմ մրցեցին «Արսենալն» ու «Լիվերպուլը»։

Հանդիպումը պարզապես շոկային մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 1-ին րոպեին Գաբրիել Մարտինելին առաջ մղեց «զինագործներին»` եզրափակելով տանտերերի կայծակնային հակագրոհը։

Բաց թողած գոլից անմիջապես հետո Յուրգեն Կլոպի թիմը քիչ-քիչ տիրեց նախաձեռնությանը և 34-րդ րոպեին Դարվին Նունյեսի ջանքերով հավասարեցրեց հաշիվը։

Այդուհանդերձ, նախքան ընդմիջման գնալը լոնդոնյան ակումբը կրկին առաջ անցավ հաշվի մեջ. Միկել Արտետայի սաները ևս մեկ արագ հակագրոհ զարգացրին, որը կրկին ընթացավ Մարտինելիի մասնակցությամբ, ով 45+4-րդ րոպեին օգնեց աչքի ընկնել Բուկայո Սակային։

Կողմերն ընդմիջման գնացին 2:1 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում` 53-րդ րոպեին, մերսիսայդյան ակումբն այս խաղում երկրորդ անգամ «էմիրեյթս» մարզադաշտի լուսատախտակին հավասար հաշիվ վառեց. Դիոգու Ժոտայի հիանալի փոխանցումից հետո գոլի հեղինակ դարձավ Ռոբերտո Ֆիրմինոն։

Հաշվի հավասարվելուց հետո «զինագործներն» ունեին խաղային մեծ առավելություն. որոշ դրվագներում վտանգավոր գրոհները «Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոն Բեկերի պաշտպանած դարպասի ուղղությամբ հաջորդում էին մեկը մյուսին։

Տանտերերի այդ ճնշումն, ի վերջո, տվեց իր արդյունքը. 74-րդ րոպեին հյուրերի կիսապաշտպան Տիագո Ալկանտարան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Գաբրիել Ժեզուսի նկատմամբ։

Հանդիպման գլխավոր մարզիչ Մայքլ Օլիվերը, դրվագը քննարկելով VAR համակարգի գործընկերների հետ, 11-մետրանոց նշանակեց «Լիվերպուլի» դարպասին, որն անվրեպ իրացրեց Բուկայո Սական` դառնալով դուբլի հեղինակ։

Խաղավերջում Կլոպի թիմը ոչինչ չկարողացավ առաջարկել մրցակցին. «Արսենալը» պահպանեց հաղթական հաշիվն` առավելության հասնելով 3:2 հաշվով։

Այս հաղթանակից հետո լոնդոնյան ակումբը վաստակեց 24 միավոր և գլխավորում է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը։

«Լիվերպուլը», 10 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023