Հիանալի ֆուտբոլ «Ռեդ Բուլ Արենայում». Լայպցիգն ու Ատալանտան չպարզեցին հաղթողին🎥

Հիանալի ֆուտբոլ «Ռեդ Բուլ Արենայում». Լայպցիգն ու Ատալանտան չպարզեցին հաղթողին🎥

07/04/2022 - 22:40

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Լայպցիգը» «Ռեդ Բուլ Արենա» մարզադաշտում մրցեց «Ատալանտայի» դեմ։

Կարելի է ասել` հյուրերը խաղն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 17-րդ րոպեին Լուիս Մուրիելն առաջ մղեց «Ատալանտային»։

Բաց թողած գոլից անմիջապես հետո «ցլերն» ակտիվացան ու արդեն 24-րդ րոպեին կարող էին խփել պատասխան գնդակը, սակայն Անդրե Սիլվայի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածն էլ անցավ փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսն անցավ շատ հետաքրքիր և դինամիկ պայքարում։

Խաղակեսը բավական ակտիվ սկսեցին Դոմենիկո Տեդեսկոյի սաները։ 57-րդ րոպեին «Ատալանտայի» պաշտպան Մերիհ Դեմիրալը սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Քրիստոֆեր Նկունկուի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Մայքլ Օլիվերը բերգամասկներին պատժեց 11-մետրանոցով։

Գնդակին մոտեցավ Անդրե Սիլվան, սակայն նրա հարվածից հետո հյուրերին փրկեց դարպասապահ Խուան Մուսոն, այդուհանդերձ, «Լայպցիգի» գրոհը երկրորդ տեմ ստացավ, ինչից հետո Անխելինիոյի փոխանցումից հետո Դավիդե Ձապակոտան գրավեց սեփական դարպասը։

Բաց թողած գոլից հետո «Ատալանտան» ակտիվացավ ու սկսեց ճնշում գործադրել, սակայն Ջորջիո Սկալվինին և Դուվան Սապատան վրիպեցին նպաստավոր դիրքերից։

«Լայպցիգը» ժամանակի ընթացքում հանգստացրեց խաղը և սկսեց շեշտը դնել հակագրոհների վրա, որոնցից մեկի ժամանակ էլ քիչ մնաց առաջ անցնել հաշվի մեջ, սակայն Դոմինիկ Սոբոսլայի հարվածից հետո «Ատալանտային» կրկին փրկեց դարպասաձողը։

Խաղավերջում էլ «ցլերն» էին մեծ ճնշում գործադրում, սակայն Ջանպիերո Գասպերինիի թիմին հաջողվեց պահել լուսատախտակին վառվող հաշիվը։

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։

Նշենք, որ կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 14-ին` Բերգամոյում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023