Լիվերպուլը գլորվում է անդունդը․ Չելսին արդեն լավագույն քառյակում է🎥

Լիվերպուլը գլորվում է անդունդը․ Չելսին արդեն լավագույն քառյակում է🎥

05/03/2021 - 02:06

Անգլիական Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Լիվերպուլը» սեփական հարկի տակ մրցեց «Չելսիի» դեմ։

«Լիվերը», որը Պրեմիեր լիգայի շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում պարտվել էր նախորդ 4 հանդիպումներում, այս անգամ նույնպես ձախողված հանդիպում անցկացրեց սեփական հարկի տակ։

Ճիշտ է՝ առաջին կեսում Յուրգեն Կլոպի թիմը վերահսկում էր գնդակի ընթացքը, սակայն «Լիվերի» խաղում բացարձակ սրություն չկար, և ակնհայտ էր, որ հանդիպումն անցնում է «կապույտների» սցենարով, ովքեր էլ առաջին կեսն ավարտեցին ցանկալի արդյունքով։

42-րդ րոպեին «Չելսին» նետվեց կտրուկ հակագրոհի․ Ն’Գոլո Կանտեն հիանալի փոխանցումով հարձակման ձախ եզրում գտավ Մեյսոն Մաունթին, ով էլ ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և հուժկու հարվածով գրավեց Ալիսոն Բեկերի պաշտպանած դարպասի հեռավոր անկյունը՝ դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ։

Նախքան գոլն էլ Թոմաս Տուխելի սաները հաշիվը բացելու լավ հնարավորություններ ունեին, սակայն Տիմո Վերները երկու անգամ վրիպեց նպաստավոր դիրքից, իսկ 24-րդ րոպեին գերմանացի հարձակվողի խփած գնդակը չեղարկվեց խաղից դուրս իրավիճակի պատճառով։

Ամեն դեպքում, ակումբներն ընդմիջման գնացին «Չելսիի» նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսն էլ էր անցնում Տուխելի ցանկալի ընթացքով, սակայն մեկ տարբերությամբ․ կողմերը գնդակին տիրում էին հավասար հարաբերակցությամբ, իսկ «Չելսիի» գրոհներն էլ ակնհայտ ավելի վտանգավոր էին։

Աչքի ընկնելու լավ պահեր վատնեցին Ն’Գոլո Կանտեն և Բեն Չիլվելը, ինչպես նաև Տիմո Վերները։

Հատկապես վտանգավոր էր Չիլվելի դրվագը, երբ անգլացի լատերալի հարվածից հետո «Լիվերի» պաշտպանները գնդակը հանեցին դարպասային գծի վրայից։

Ինչ վերաբերում է մերսիսայդյան ակումբին, ապա տանտերերի խաղն ընդհանրապես չէր ստացվում։ Յուրգեն Կլոպի տղաները ողջ հանդիպման ընթացքում կատարեցին ընդամենը մեկ դիպուկ հարված, որն էլ եղել է 86-րդ րոպեին, երբ Ժորժինիո Վեյնալդումի գլխով կատարած հարվածից հետո «Չելսիին» փրկեց դարպասապահ Էդուարդ Մենդին։

Զարմանալիորեն այս խաղում ձախողվեց հատկապես Սադիո Մանեն, ով մի քանի դրվագում դուրս եկավ նպաստավոր դիրք, սակայն կա՛մ վրիպում էր, կա՛մ հապաղում էր կա՛մ էլ սխալ փոխանցում էր կատարում։

«Ազնավականները» պաշտպանվեցին անձուրաց և, ի վերջո, պահպանեցին հաղթական հաշիվը։

Այսպիսով, «Լիվերպուլը» Պրեմիեր լիգայի շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում կրում է արդեն 5-րդ անընդմեջ պարտություն՝ մնալով 43 միավորով, ինչը համատասխանում է 7-րդ հորիզոնականին։

Ինչ վերաբերվում է «Չելսիին», ապա լոնդոնյան ակումբը վաստկեց 47 միավոր, շրջանցեց «Էվերտոնին» և «Վեսթ Հեմին»՝ բարձրանալով Չեմպիոնների լիգայի ուղեգիր տվող 4-րդ հորիզոնական։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023