Թրիլլեր D խմբում! Այնտրախտն ու Տոտենհեմը դրամատիկ պայքարում նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

Թրիլլեր D խմբում! Այնտրախտն ու Տոտենհեմը դրամատիկ պայքարում նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր🎥

02/11/2022 - 02:39

Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Այնտրախտը» D խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Սպորտինգի» դեմ։

Լիսաբոնը ներկայացնող ակումբը, որը վերջին տուրից առաջ անհատական խաղերում առավելություն ունենալու շնորհիվ (խմբ.` Ռուբեն Ամորիմի թիմը Ֆրանկֆուրտում կայացած խաղում «Այնտրախտին» հաղթել էր 3:0 հաշվով) զբաղեցնում էր 2-րդ հորիզոնականը, այս խաղում էլ Արթուր Գոմեսի խփած գոլի շնորհիվ 38-րդ րոպեից 1:0 հաշվով հաղթում էր «արծիվներին»։

Այդուհանդերձ, երկրորդ կեսում Օլիվեր Գլասների թիմը շատ կարճ ժամանակահատվածում կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցնել, այլև առաջ անցնել հաշվի մեջ. 62-րդ ու 72-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Դայիչի Կամադան ու Ռանդալ Կոլո-Մուանին։

Բաց թողած գոլերը պարզապես սառը ցնցուղ էին տանտերերի համար, ովքեր չկարողացան ոչինչ առաջարկել «Այնտրախտի» ֆուտբոլիստներին։

Այսպիսով, գերմանական ակումբը 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։

Գրեթե նույն, սակայն ավելի դրամատիկ սցենարով ընթացավ այս խմբի մյուս հանդիպումը, որի շրջանակում «Տոտենհեմը» «Վելորդրոմ» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց «Մարսելի» դեմ։

«Մարսելին» վերջին տուրում միայն ու միայն հաղթանակ էր անհրաժեշտ` պայքարը շարունակելու համար։

Այդ ամենը հասկանալով` Իգոր Տուդորի սաները մեծ ուժերով գրոհում էին առաջին կեսում և 45+2-րդ րոպեին Շանսել Մբեմբայի ջանքերով, ի վերջո, առաջ անցան հաշվի մեջ։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում լոնդոնյան ակումբը տուգանայինի խաղարկումից հետո հավասարեցրեց հաշիվը. 54-րդ րոպեին աչքի ընկավ Կլեման Լանգլեն։

Հաշվի հավասարվելուց հետո երկու թիմերն էլ աչքի ընկնելու հիանալի հնարավորություններ ունեին, սակայն ոչ մի կերպ չէր հաջողվում գտնել մրցակցի դարպասը տանող ճանապարհը։

Խաղավերջում պրովանսյան ակումբը կրկին ողջ ուժերը նետել էր հարձակման կրակածայր` աչքաթող անելով պաշտպանությունը, ինչի հետևանքով 90+5 րոպեին Անտոնիո Կոնտեի թիմը նետվեց կտրուկ հակագրոհի, որն էլ եզրափակեց Պիեր-Էմիլ Հոյբեգն ու դրամատիկ հաղթանակ պարգևեց «Տոտենհեմին»։

Այսպիսով, «խցանները» հաղթեցին 2:1 հաշվով։

D խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Տոտենհեմ» – 11 միավոր
  2. «Այնտրախտ» – 10 միավոր
  3. «Սպորտինգ» – 7 միավոր
  4. «Մարսել» – 6 միավոր

Վերջում հավելենք, որ «Տոտենհեմն» ու «Այնտրախտը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Սպորտինգը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։

«Մարսելն» էլ «Տոտենհեմի» դեմ խաղում 90+5-րդ րոպեին բաց թողած գոլի պատճառով չկարողացավ նվաճել նույնիսկ Եվրոպա լիգայի ուղեգիր` լքելով եվրագավաթային հետագա պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023