Դրամա Մադրիդում. Սիթին մեծ դժվարությամբ դիմացավ Ատլետիկոյի ճնշմանը` դուրս գալով 1/2 եզրափակիչ🎥

Դրամա Մադրիդում. Սիթին մեծ դժվարությամբ դիմացավ Ատլետիկոյի ճնշմանը` դուրս գալով 1/2 եզրափակիչ🎥

14/04/2022 - 01:06

Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Ատլետիկո Մադրիդը» սեփական հարկի տակ մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «քաղաքաբնակները» հաղթել էին 1:0 հաշվով։

Ինչ վերաբերում է պատասխան հանդիպմանը, ապա առաջին խաղակեսում Պեպ Գվարդիոլայի թիմն ուներ խաղային առավելություն, սակայն տանտերերն անձնուրաց էին պաշտպանվում ու հետ մղեցին մանկունյական ակումբի բոլոր գրոհները։

Առաջին կեսում հյուրերի միակ իրական գոլային պահը ստեղծվեց 30-րդ րոպեին, երբ հարվածային դիրքում էր Իլկայ Գյունդողանը, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում լրիվ այլ ֆուտբոլի ականատես եղանք, որի մեծ մասն անցավ «հնդկացիների» առավելությամբ։

Դիեգո Սիմեոնեի սաները ստեղծեցին մի շարք իրական գոլային դրվագներ, սակայն որոշ դրվագներում գնդակը հրաշքով չհայտնվեց «Սիթիի» դարպասում։

Այդուհանդերձ, այս հանդիպման ամենասկանդալային դրվագը տեղի ունեցավ 89-րդ րոպեին, երբ «Ատլետիկոյի» պաշտպան Ավգուստո Ֆելիպեի նյարդերը տեղի տվեցին, ով թիկունքից ոտքով միտումնավոր հարվածեց Ֆիլ Ֆոդենին, ինչից հետո երկու ֆուտբոլիստների միջև բախում տեղի ունեցավ։

Հանդիպման գլխավոր մրցավար Դանիել Զիբերտն այդ խախտման համար Ֆելիպեին հեռացրեց դաշտից։

Հանդիպումը ձգվեց մինչև 90+12-րդ րոպեն, իսկ այդ ընթացքում Դիեգո Սիմեոնեի սաները ևս երկու իրական գոլային պահ ունեցան, սակայն Յանիկ Ֆերեյա Կարասկոյի և Անխել Կոռեայի հարվածներից հետո «քաղաքաբնակներին» մեծ դժվարությամբ փրկեց Էդերսոնը։

Ի վերջո, հանդիպումն ավարտվեց 0:0, ինչի արդյունքում «Մանչեսթեր Սիթին» ընդհանուր դիմակայությունում հաղթեց 1:0 հաշվով ու դուրս եկավ Չեմպիոնների լիգայի 1/2 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի «Ռեալ Մադրիդի» դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023