Դրամա Էլ Խաուրում. Ֆրանսիան հաղթեց Անգլիային` դուրս գալով ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ🎥

Դրամա Էլ Խաուրում. Ֆրանսիան հաղթեց Անգլիային` դուրս գալով ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ🎥

11/12/2022 - 01:02

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Ֆրանսիայի հավաքականն էլ Խաուրի «Ալ Բայթ» մարզադաշտում մրցեց Անգլիայի դեմ։

Հանդիպումը «եռագույններն» ավելի ակտիվ սկսեցին և արդեն 17-րդ րոպեին Օրելյեն Չուամենիի հեռահար հիասքանչ հարվածով խփած գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։

Բաց թողած գոլից անմիջապես հետո Գարեթ Սաութգեյթի թիմը տիրեց նախաձեռնությանը և նախքան ընդմիջում ստեղծեց մի շարք իրական գոլային պահեր, սակայն «երեք առյուծներին» չհաջողվեց խփել պատասխան գնդակը։

Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսի հենց մեկնարկից անգլիացիներն էլ ավելի մեծ թափով նետվեցին առաջ` կորցրածը հետ բերելու, ինչը տվեց իր արդյունքը։

54-րդ րոպեին Օրելյեն Չուամենին սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Բուկայո Սակայի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Վիլթոն Սամպայոն 11-մետրանոց նշանակեց ֆրանսիացիների դարպասին, որը դիպուկ իրացրեց Հարի Քեյնն ու հաշիվը դարձրեց 1:1։

Խփած գոլից հետո էլ «երեք առյուծները» շատ ավելի լավ տեսք ունեին ու շարունակում էին ճնշում գործադրել Ուգո Լյորիսի պաշտպանած դարպասի ուղղությամբ, սակայն Բուկայո Սակայն, հարի Մագուայերն ու Ջուդ Բելինգհեմը վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Դիդիե Դեշամի սաները դիմացան մրցակցի ճնշմանն ու քիչ-քիչ խաղը տեղափոխեցին նախ դաշտի կենտրոն, ապա մրցակցի տուգանային հրապարակ։

Ժամանակի ընթացքում «եռագույններն» արդեն առավելություն ստացան և 78-րդ րոպեին Անտուան Գրիզմանի հիանալի փոխանցումից հետո Օլիվիե Ժիրուն գլխի դիպուկ հարվածով կրկին առաջ մղեց ֆրանսիացիներին։

80-րդ րոպեին Թեո Էրնանդեսը սեփական տուգանայի հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց փոխարինման դուրս եկած Մեյսոն Մաունթի նկատմամբ, ինչից հետո Վիլթոն Սամպայոն դիտեց դրվագի կրկնապատկերն ու ևս մեկ 11-մետրանոց նշանակեց Ֆրանսիայի դարպասին։

Գնդակին կրկին մոտեցավ Հարի Քեյնը, ով, սակայն, գնդակն ուղարկեց տրիբունա։

Խաղավերջում էլ անգլիացիները ճնշում էին` փորձելով խաղը տեղափոխել լրացուցիչ ժամանակ, սակայն ֆրանսիացիները պահպանեցին հաղթական հաշիվը։

Այսպիսով, Ֆրանսիան հաղթեց 2:1 հաշվով` դուրս գալով ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի Մարոկկոյի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023