Բորուսիան թրիլլերային խաղում հաղթեց Հոֆֆենհայմին🎥

Բորուսիան թրիլլերային խաղում հաղթեց Հոֆֆենհայմին🎥

28/08/2021 - 00:46

Գերմանական Բունդեսլիգայի 3-րդ տուրի մեկնարկային խաղում «Բորուսիա Դորտմունդը» «Սիգնալ Իդունա Պարկ» մարզադաշտում մրցեց «Հոֆֆենհայմի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկել էր ու ընթանում էր դորտմունդյան ակումբի առավելությամբ, սակայն նախքան ընդմիջման գնալը նպաստավոր դիրքերից վրիպեցին Ջիովանի Ռեյնան, Մանուել Ականջին և Մարկո Ռոյսը։

Առաջին կեսում այդպես էլ գոլեր չտեսանք։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո երկրորդում մրցող կողմերը թրիլլեր էին պատրաստել։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկում` 49-րդ րոպեին, «Բորուսիան» Ռեյնայի ջանքերով, ի վերջո, բացեց խաղի հաշիվը։

Բաց թողած գոլից անմիջապես հետո «գյուղացիներն» ակտիվացան ու սկսեցին ճնշել մրցակցին։

59-րդ րոպեին աչքի ընկնելու լավ պահ ուներ «Հոֆֆենհայմի» գոլահար Անդրեյ Կրամարիչը, ով մեն-մենակ էր մնացել «Բորուսիայի» դարպասապահ Գրեգոր Կոբելի դիմաց, սակայն չկարողացավ հաղթող դուրս գալ այդ դիմակայությունում։

61-րդ րոպեին, ամեն դեպքում, հյուրերը հավասարեցրին հաշիվը, իսկ գոլն իր անվան դիմաց գրանցեց Քրիստոֆ Բաումգարտները։

Հաշվի` 1:1 դառնալուց հետո էլ հակառակ գործընթացը տեղի ունեցավ արդեն «Բորուսիայի» հետ, որի ֆուտբոլիստներն անմիջապես կրկին տիրեցին նախաձեռնությանը և 69-րդ րոպեին վերականգնեցին իրենց առավելությունը. աչքի ընկավ Ջուդ Բելինգհեմը։

Որքան խաղը մոտենում էր, տպավորություն էր ստեղծվում, թե դեռ ոչինչ ավարտված չէ ու այդ զգացողությունն էլ ապացուցեցին երկու թիմերի ֆուտբոլիստները։

«Բորուսիայի» երկրորդ գոլից հետո խաղը մասամբ հանդարտվել էր, սակայն խաղավարտին «Հոֆֆենհայմի» ֆուտբոլիստները նետվեցին առաջ` խաղը փրկելու ու 90-րդ րոպեին խփեցին պատասխան գնդակը, իսկ հաշիվը դարձավ 2:2։

Թվում էր` վերջ. «դեղինները» այլևս ժամանակ չեն ունենա հաղթանակ կորզելու, սակայն հաջորդ իսկ գրոհին` 91-րդ րոպեին, Էրլինգ Հալանդը խառնաշփոթ իրավիճակում գրավեց մրցակցի դարպասը և դրեց այս հանդիպման վերջակետը։

Հավելենք, որ «Հոֆֆենհայմի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Սարգիս Ադամյանը, ով փոխարինման դուրս եկավ 70-րդ րոպեին։

Այսպիսով, «Բորուսիա Դորտմունդը» դրամատիկ պայքարում հաղթեց 3:2 հաշվով, վաստակեց 6 միավոր և ժամանակավորապես գլխավորեց մրցաշարային աղյուսակը, իսկ «Հոֆֆենհայմը» 4 միավորով 4-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023