Բարսան ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց՝ քարը քարի վրա չթողնելով Սոսիեդադին🎥

Բարսան ֆանտաստիկ ֆուտբոլ ցուցադրեց՝ քարը քարի վրա չթողնելով Սոսիեդադին🎥

22/03/2021 - 01:50

Իսպանական Լա լիգայի 28-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» արտագնա խաղում մրցեց «Ռեալ Սոսիեդադի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպումը մեկնարկեց կատալոնական ակումբի ֆուտբոլիստների առավելությամբ, որոնք գնդակին տիրում էին ժամանակի 71%, սակայն երկար ժամանակ «Բարսելոնայի» խաղում սրություն չկար։

Դեռ ավելին՝ 24-րդ րոպեին բասկյան ակումբի ֆուտբոլիստները կարող էին բացել խաղի հաշիվը, սակայն Ալեքսանդ Իսակի՝ նպաստավոր դիրքից կատարած հարվածից հետո «կապտանռնագույններին» փրկեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։

37-րդ րոպեին «Բարսելոնայի» առավելությունը, ի վերջո, տվեց իր արդյունքը։ Ժորդի Ալբայի ձախ եզրից կատարած փոխանցումից հետո Ուսման Դեմբելեն փորձեց գրավել դարպասը, սակայն «Սոսիեդադին» փրկեց Ալեքս Ռեմիրոն, ինչից հետո գնդակը հասավ Անտուան Գրիզմանին, ով էլ բացեց խաղի հաշիվը։

43-րդ րոպեին Ռոնալդ Կումանի թիմը ևս մեկ գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։ Լեո Մեսսին հարվածային դիրք դուրս բերեց Սերժինիո Դեստին, ով էլ մոտ տարածությունից հաշիվը դարձրեց 2։0։

Առաջին կեսն այդպես էլ ավարտվեց՝ 2։0։

Երկրորդ խաղակեսում Իմանոլ Ալգուասիլի թիմը լրիվ քանդվեց՝ բաց թողնելով ևս 3 գնդակ։ Նախ խաղակեսի մեկնարկում՝ 53-րդ ու 56-րդ րոպեներին, մեկական անգամ աչքի ընկան Սերժինիո Դեստն ու Լեո Մեսսին, ապա 71-րդ րոպեին՝ Ուսման Դեմբելեն, իսկ հաշիվը «Սոսիեդադի» համար դարձավ խայտառակ՝ 0։5։

77-րդ րոպեին «Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստները «թրջեցին» հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Անդեր Բարենեչեան։

Այս խաղում այլևս որևէ ինտրիգ չկար, քանի որ հաղթողի վերաբերյալ բոլոր հարցերը հանված էին, այդ պատճառով էլ կողմերը չէին էլ փորձում ավելորդ ռիսկի դիմել։

Ամեն դեպքում, խաղավարտին մոտ՝ 90-րդ րոպեին կատալոնական ակումբը ևս մեկ գնդակ ուղարկեց «Սոսիեդադի» դարպասը, որն իր անվան դիմաց գրանցեց Լեո Մեսսին՝ այս խաղում դառնալով դուբլի հեղինակ։

Այսպիսով, «Բարսելոնան» 6։1 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ «Ռեալ Սոսիեդադի» նկատմամբ։

«Բլաուգրանասն» այս հաղթանակից հետո վաստակեց 62 միավոր, վերադարձավ 2-րդ հորիզոնական՝ առաջնության առաջատար «Ատլետիկոյին» զիջելով 4 միավոր։

Ինչ վերաբերում է «Ռեալ Սոսիեդադին», ապա Իմանոլ Ալգուասիլի թիմը մնաց 45 միավորով, որը համապատասխան է 5-րդ հորիզոնականին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023